«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության (ՔՈ) գործադիր մարմնի անդամ Արեգ Թադևոսյանի կարծիքով՝ իրենց համար երաշխիք է այն, որ իրենց ուժը ընտրապայքարի ընթացքում չի օգտագործում ատելության խոսք, ինչպես շատ ուժեր:
«Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց՝ իրենց համար բարդ է ընտրապայքարի մասնակցելը. «Ահավոր բարդ է մեզ համար այս ընտրապայքարին մասնակցելը, քանի որ մթնոլորտն է այդպիսին: Այդ բարդությամբ հանդերձ ուզում ենք մասնակցել, որ մարդիկ հնարավորություն ունենան ընտրության. վատի ու ավելի վատի միջև չընտրեն: Տեսնեն, որ հնարավորություն ունեն ընտրելու մարդկանց, որոնք նախկինում կոնկրետ պարտություն, սև բծեր իրենց վրա չունեն: Հնարավորություն տանք այն մարդկանց, որոնք ուղեղները մինչև վերջ չեն անջատել, ընտրել»:
Լրագրողները նկատեցին՝ որպես կուսակցություն բավականին պասիվ են քարոզարշավի ընթացքում: Արեգ Թադևոսյանը պարզաբանեց. «Դու որպես կուսակցություն պիտի քո առաջ ունենաս՝ արդյոք դու պատրա՞ստ ես գնալ գործարքի: Կան մարդիկ, որոնք պատրաստ են ֆինանսավորել քեզ, աջակցել որպես կուսակցություն: Բայց մեծ գումարներն արդյունք են գործարքների»:
Արեգ Թադևոսյանը վստահեցրեց՝ բառամթերք կա, որ իրենք իրենց թույլ չեն տա օգտագործել. «Ուզում է Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը լինեն, երբ օգտագործում են այդ բառամթերքը, երբ պատրաստ են գնալ իրենց խղճի դեմ, դա ցավալի է: Մենք պատրաստ չենք»:
Կարդացեք նաև
Արեգ Թադևոսյանը հայտնեց՝ իրենց ծրագիրը գրելիս հիմնվել են երկարաժամկետ աշխատանքների վրա. «Մեր հույսը չենք դնում նրա վրա, որ ֆոկուս կանենք, կընտրվեք խորհրդարանում: Մեր ծրագիրը հիմնել ենք երկարաժամկետ աշխատանքների վրա. քայլ առ քայլ շարժվելու ենք այդ ուղղությամբ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ