ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է խառը մարտարվեստի (MMA) պրոֆեսիոնալ մարզիկներ Վարշամ Գևորգյանին, Նարեկ Ավագյանին և մարզիչ Արմեն Սողոյանին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետաքրքրվել է Վարշամ Գևորգյանի՝ ադրբեջանցի Էլմար Իբրահիմովի հետ առաջիկա մենամարտի նախապատրաստությունից: Մենամարտը նախատեսված է Ալմաթիում (Ղազախստան) հունիսի 25-ին կայանալիք MMA-ի պրոֆեսիոնալ մրցաշարի շրջանակում: Գևորգյանը մենամարտի առաջարկը ստացել է ադրբեջանական կողմից և, ինչպես ինքն է նշում, վճռական տրամադրվածությամբ ընդունել այն:
«Հաջողություն եմ մաղթում: Առաջնահերթ կարևոր է հաղթական տրամադրվածությունը, որի հետ կապված, ինչպես տեսնում եմ, խնդիրներ չկան: Վստահ եմ, որ պատվով հանդես կգաս և մեր հաջորդ հանդիպման ժամանակ արդեն հաղթանակիցդ կխոսենք»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և հնարավոր ուղղություններով աջակցելու պատրաստակամություն հայտնել:
Վարշամ Գևորգյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ ջանք չի խնայելու Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու համար. «Կարելի է ասել՝ կարիերայիս ամենակարևոր մենամարտն է լինելու: Մրցակցիս նպատակը հենց հայ մարզիկի հետ մենամարտելն է, իսկ ես վճռական եմ տրամադրված: Որևէ մենամարտի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն այսչափ պատրաստված չեմ եղել»:
Կարդացեք նաև
Վարշամ Գևորգյանի երկրորդ մարզիչ և մարտավկա Արմեն Սողոյանի խոսքով՝ նախապատրաստական մարզումներն ընթանում են ըստ ծրագրածի. «Լավագույնս պատրաստվում ենք առաջիկա մենամարտին: Վարշամին, բացի Ղազախստանի հայկական համայնքի աջակցությունից, ոչինչ պետք չէ»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում MMA-ի զարգացմանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում Կարեն Գիլոյանը հավաստիացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է ակտիվ գործընկերային հարաբերությունների հաստատմանը:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ