Հայկական համագումարը ներկայացնում է հիմնական առաջնահերթություններ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի համար
Ս.թ. հունիսի 11-ին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանի կողմից ներկայացված վկայության մեջ նախանշեց հիմնական առաջնահերթություններ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի համար:
Համագումարն ամրապնդեց երկկուսակցական կոչը` Հայաստանին 100 միլիոն դոլար օգնություն հատկացնելու, ինչպես նաև Արցախին հիմնավոր աջակցություն տրամադրելու մասին: «Համագումարը ուժգին աջակցում է Ներկայացուցիչների պալատի Ձեր 66 գործընկերների երկկուսակցական նամակին» և հորդորում է «2022թ.-ի ֆինանսական տարում 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանի զարգացման և վերականգնման համար՝ Ադրբեջանի դաժան պատերազմից հետո, որը շարունակվում է այսօր` սահմաններից ներս շարունակական ներխուժումներով` խախտելով Հայաստանի ինքնիշխանությունը»,– հայտարարեց Խալոյանը, ընդգծելով 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից համաճարակի պայմաններում հայ ժողովրդի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմի դաժանությունը՝ Թուրքիայի և Թուրքիայի կողմից ներգրավված վարձկանների լիակատար ու բացահայտ աջակցության պայմաններում:
Ինչ վերաբերում է Արցախին օգնություն ցուցաբերելուն, Համագումարը, մասնավորապես, խնդրեց 50մլն դոլար և ողջունեց հայ համայնքի և միջազգային կազմակերպությունների աշխատանքը հայ ժողովրդին օգնելու գործում: Համագումարը նաև իր երախտագիտությունը հայտնեց լրագրողներին, ովքեր համաճարակի պայմաններում մեկնեցին Արցախ՝ պատերազմը լուսաբանելու համար:
Կարդացեք նաև
Վկայությունը նաև ընդգծեց ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի կարևորությունը և, հաշվի առնելով պատերազմը, Ադրբեջանի կողմից ջիհադիստ վարձկանների օգտագործումը, կենսական նշանակության ենթակառուցվածքների ավիրումը, ներառյալ՝ հիվանդանոցներ ու դպրոցներ, և հայկական մշակութային ու կրոնական ժառանգության օբյեկտների կանխամտածված ոչնչացումը, Համագումարը շեշտեց, որ ԱՄՆ կողմից Ադրբեջանին օգնություն տրամադրելը միանգամայն սխալ ուղերձ է հղում:
«Այն Ամերիկան, որը մենք գիտենք և փայփայում ենք, չէր աջակցի ջիհադիստ վարձկանների հավաքագրմանն ու տեղակայմանը, չէր ընդունի ԻԼԻՊ-ի ոճով գլխատումներ և մարմնական մասնատումներ, չէր սատարի մշակութային ու կրոնական օբյեկտների թիրախավորում կամ չէր կարծի, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում «Ռազմական ավարի պուրակի» բացումը, որը լի է հայկական մանեկեններով, որոնք ներկայացված են անմարդկային կերպարանքով և որի մուտքը ստեղծված է սպանված ու գերված հայ զինվորների սաղավարտներից՝ ընդունելի է: Դա ընդունելի չէ»,– հայտարարեց Խալոյանը:
«Մենք հորդորում ենք Ձեզ թույլ չտալ, որ ԱՄՆ հարկատուների դոլարներն օգտագործվեն Ադրբեջանին աջակցելու համար, և դա սկսվում է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի տառն և ոգին պահպանելուց [և] նաև առաջարկվում է, որ Կոնգրեսն ապահովի, որպեսզի Ադրբեջանին չտրամադրվի ոչ մի ռազմական աջակցություն»,– հավելեց Խալոյանը:
Համագումարը նաև մատնանշեց իր ուժգին աջակցությունը Ներկայացուցիչների պալատի H.Res. 240 Բանաձևին, որը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից անօրինական կերպով պահվող բոլոր ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց:
Ինչ վերաբերում է խաղաղության հաստատման գործընթացին, համագումարը հստակ արտահայտվեց. «ԱՄՆ-ը չպետք է թույլ տա, որ Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի կոռումպացված և ավտորիտար ռեժիմները երկրորդ պլան մղեն ԱՄՆ ղեկավարությանը և վտանգի տակ թողնեն աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդին և նորաստեղծ ժողովրդավարությանը»,– ասաց Խալոյանը:
Հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տասնամյակներ տևող Հայաստանի շրջափակումը, Համագումարը հորդորեց «զեկույց կազմել, պահանջելով լիարժեք հաշվետվություն այն քայլերի մասին, որոնք Վարչակազմը ձեռնարկում է և ձեռնարկելու է դադարեցնելու համար ժողովրդավարական երկրի աշխարհում միակ շրջափակումը»:
Համագումարը նաև հորդորեց Կոնգրեսին անդրադառնալ Ադրբեջանին հատկացված ԱՄՆ-ի անվտանգության աջակցության (ավելի քան 100 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն է տրամադրվել Ադրբեջանին 2018թ. և 2019թ. ֆինանսական տարիների ընթացքում) զգալի անհավասարակշռությանը Հայաստանի համեմատ և կանխել ԱՄՆ ֆինանսական միջոցների հետագա չարաշահումը:
Խալոյանը եզրափակեց, իր անկեղծ երախտագիտությունը հայտնելով Կոնգրեսին՝ տասնամյակներ շարունակ Հայաստանին և Արցախին ցուցաբերած աջակցության համար, մասնավորապես այն աջակցության, որն ԱՄՆ-ն ցուցաբերեց 1988թ.-ի երկրաշարժից հետո, մինչ Հայաստանը շարժվում էր դեպի անկախություն 1991թ.-ին, ազատության և ժողովրդավարության համար Արցախի պայքարի ընթացքում և «1915թ.-ի Հայոց ցեղասպանության ժամանակ մարդասիրական միջամտության Ամերիկայի հպարտ արձանագրության» միջոցով:
«Հայոց ցեղասպանության հաստատումը բարձրացնում է Ամերիկայի հուսալիությունը ու վերստին ստանձնում է Միացյալ Նահանգների հանձնառությունը ցեղասպանության կանխարգելման համաշխարհային գործին»,– հայտարարեց Խալոյանը և հորդորեց «Կոնգրեսին ապահովել, որ ԱՄՆ-ի ոչ մի ֆինանսական միջոց չօգտագործվի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար»:
Ամերիկայի հայկական համագումար