Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Սպայկա» ընկերությունը կապում էին ինձ հետ, բայց սեփականատերը ՔՊ-ի ցուցակում է. Ռոբերտ Քոչարյան

Հունիս 15,2021 15:39

«2000 ոստիկանի ուղեկցությամբ այսօր ինքը գնացել է, որպեսզի գրավի Սյունիքը: Քանի որ իր ավագ գործընկերներն ու եղբայրներն` Ալիեւն ու Էրդողանը, այսօր գալու են Շուշի, ինքն ուզում է նաեւ ֆիզիկապես նրանց մոտ լինի»,- այսօր Արարատի մարզի Մասիս քաղաքում, ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը` նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին: Վահե Հակոբյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ այսօր ՀՀ դրոշի օրն է, եւ այս օրը մենք հերթական նվաստացուցիչ հանգամանքի հետ ենք բախվում, երբ մեր դրոշի օրը մեր թշնամիները գալիս են Շուշի: Նրա հարցին`ամսի 20-ից հետո ուզո՞ւմ ենք այս ամենից պրծնենք, դահլիճում ծափեր հնչեցին:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ ասաց, որ անընդհատ ամաչում է, որ Նարեկացի, Նժդեհ, Դրո եւ Թաթուլ ծնած ազգին այսօր ղեկավարում է մի «ծաղրածու», որը երկիրը հասցրել է անդունդի եզրին ու քաջնազարաբար Հայաստանի գյուղերում շարունակում է իր արշավը` մուրճը ձեռքին եւ մատ թափ տալով. «Սիրելի հայրենակիցներ, դուք գիտեք, թե ամսի 20-ին այդ մուրճը վերցնելու եք եւ ինչ անեք»:

Իր խոսքում «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն էլ ասաց. «Այդ մուրճը մենք օգտագործելու ենք շինարարության մեջ, երկիրը շենացնելու համար»: Նա ակնհայտ է համարում, որ այս ընտրապայքարը երկու ուժի միջեւ է`գործող քաղաքական թիմը եւ «Հայաստան» դաշինքի. հորդորում է ընտրողներին`ճիշտ ընտրություն կատարելու համար մի կողմ թողնել զգացմունքայնությունը եւ նայել այդ մարդկանց ու թիմերի հայտարարություններին, կատարած աշխատանքին: «Իշխանության գալուց, այս իշխանությունը մեզ խոստացել է խաղաղություն. մենք ստացանք պատերազմ, ստացանք զոհեր, ստացանք տարածքային հսկայական կորուստներ եւ այս իշխանությունը չի ընդունում, որ ինքը այս ամենի մեջ որեւէ մեղք ունի: Այս իշխանությունը խոստացել է թռիչքաձեւ տնտեսական աճ. հիշում եք, ասում էր մենք ունենք կախարդական փայտիկ եւ թռիչքաձեւ աճ ենք ապահովելու. մենք ունեցանք թռիչքաձեւ անկում, գործազրկության եւ աղքատության աճ: Այս իշխանությունը խոստացել է կոռուպցիայի դեմ պայքար, իրնեք այսօր թաթախվել են այդ նույն կոռուպցիայի մեջ եւ իրենց այդ պայքարում մինչեւ այսօր չկա որեւէ մեկ վճիռ`օրինական ուժի մեջ մտած»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը`հիշեցնելով «Սպայկա» ընկերության տնօրենի շուրջ երեք տարի առաջ կատարվածը եւ փաստելով, որ այդ նույն մարդն այսօր ՔՊ ընտրացուցակում է. «Այն «Սպայկա» ընկերությունը, որը իրենց թերթերով վերնագրում էին ինձ: Հետաքրքիր շրջապտույտ եղավ. ընկերությունը հետեւողականորեն կապում են ինձ հետ, հետո`գնում հարձակվում են ընկերության վրա, պարզվում է, որ իմը չի, տուգանք են գրում 14 միլիոն դոլարի, հետո այդ տուգանքը ջրվում է, թե ո՞ւմ գրպաններով է ջրվում, նույնպես անհասկանալի է, հետո պարզվում է այդ մարդը հայտնվում է իրենց ցուցակում: Ի դեպ, այդ տղային («Սպայկա»-ի սեփականատիրոջը-Ն. Գ.), չեմ էլ ճանաչում, կարող է նորմալ մարդ է, բայց ինքն այդ առումով ինձ չի էլ հետաքրքրում, հետաքրքրում է երեւույթը: Սա հասարակ օրինակ է, որն ապացուցում է`այս մարդիկ չունեն ամոթի զգացում, չունեն նամուսի նշույլ եւ խրվել են կոռուպցիոն գործարքների մեջ: Այսպիսի օրինակներ 10-15-ը կարող եմ բերել»: Իսկ մուրճը ձեռքին Նիկոլ Փաշինյանն ասոցացվում է «մանյակ, սոցիոպատ» կերպարի հետ:

Այս ամենի այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանն ասում է հավասարակշռված «Հայաստան» դաշինքն է`ցույց տալով այնտեղ եղող մարդկանց եւ ուժերի կենսագրությունը. «Մենք մեր ցուցակում չունենք վարկաբեկված մարդիկ, մարդիկ, որոնց կարելի է ասել ստախոս են, անբարոյական են կամ սադիստ են: Մենք ունենք փորձ, ունենք գիտելիքներ»: Ռոբերտ Քոչարյանը զգուշացնում է`քվեարկելով այս իշխանության օգտին`«ասում ես`ապրեք, 5000 զոհը լավ է, մենք էլ ենք հպարտ, որպես պարտված, այսքան վիրավոր, հողային կորուստ`ապրեք`լավ եք արել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930