Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանձնարարում եմ, ասում եմ՝ գնացեք ուղիղ, առանց մրցույթի գնեք, տարեք, դրեք». Փաշինյանը տեղեկանք կարդաց՝ Գորիս-Կապան հատվածի մասին

Հունիս 15,2021 14:58

Այսօր Գորիսում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արոտավայրերի հարցից հետո անդրադարձավ Սյունիքի մարզի ցավոտ խնդիրներին՝ Սեւ լճին:

«Մեր դիրքորոշումը պաշտպանում են մեր միջազգային բոլոր գործընկերները՝ Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան: Ադրբեջանի զորքերը միանշանակ եւ աներկբա պետք է դուրս գան մեր երկրի սահմաններից անդին եւ այստեղ 2 կարծիք լինել չի կարող: Մենք սերտորեն այդ ուղղությամբ աշխատում ենք ՌԴ մեր գործընկերների հետ, աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ: Մեր պլանը հետեւյալն է՝ ռուս սահմանապահները պետք է տեղակայվեն սահմանային երկայնքով մի քանի տասնյակ սահմանային կետերում եւ շնորհակալ եմ, որ ռուսաստանցի մեր գործընկերները համաձայն են այդ տարբերակին: Դրանից հետո պետք է տեղի ունենա զինված ուժերի հայելային դուրս բերում դեպի մշտական տեղակայման վայրեր, որից հետո միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանի դեմարկացիա եւ դելիմիտացիա՝ Սոթք- Խոզնավար հատվածում: Շատերը փորձել են եւ էլի պիտի փորձեն ձեզ վախեցնել դեմարկացիա, դելիմիտացիա տերմիններով, բայց մենք պետք է այդ տերմիններից չվախենանք: Ցանկացած անկախ պետություն ի վերջո հանգելու է սահմանների ճշտման ու սահմանազատման անհրաժեշտությանը»:

Փաշինյանը անդրադարձավ նաեւ Գորիս-Մեղրի հատվածի սահմանային պահպանության խնդիրներին. «Ուզում եմ ձեզ մի տեղեկանք կարդամ, որպեսզի տեղեկացված լինեք: Ներկայումս ՀՀ հարավ-արեւելյան սահմանը անցնում է Սյունիքի մարզով, որի համար առաջացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի տեղակայման հարց: Ներկա պահին սահմանապահ զորքերը պահպանության են անցել սահմանային բնագիծ Գորիս-Կապան հատվածում, որի երկարությունը 115 կմ է: Այդ հատվածում նախատեսվում է կառուցել թվով 8 հատ ուղեկալ: Այն հատվածներում, որտեղ անցել է մեր սահմանապահ զորքերի հսկողության տակ, կառավարությունը 2.5 մլրդ դրամ է հատկացրել, որպեսզի այնտեղ սահմանային ուղեկալներ կառուցվեն եւ պահպանությունը տեղի ունենա բարձր մակարդակով: Այդտեղ մենք, այո, արագության խնդիր ունենք մի շատ տրիվիալ պատճառով, որ մենք փորձում ենք եւ ուզում ենք ամեն ինչ անենք օրինական ձեւով: Նույնիսկ հանձնարարում եմ, ասում եմ՝ գնացեք ուղիղ, առանց մրցույթի գնեք, տարեք, դրեք, բայց ընթացակարգերով անցնում են եւ առաջիկայում մեր այս սահմանային հատվածը կլինի լիարժեք վիճակում»:

Փաշինյանն ասաց, որ երբ սովորաբար սահմանային անվտանգության մասին են խոսում, մտածում են սահմանին կանգնած զինվորի մասին, բայց սահմանային անվտանգությունը ոչ թե սկսվում է զինվորից, այլ՝ ավարտվում զինվորով: Սահմանային անվտանգությունը սկսում է նրանից, թե գործարարները ինչքան հարկ են վճարում պետական բյուջե. «Սահմանի անվտանգությունը, պետական պահպանությունը այն հարյուր միլիոնավոր դոլարներն են, որ Սյունիքի մարզից ձեզ հայտնի պաշտոնյաների միջոցով հոսել են դեպի օֆշորային գոտիներում գտնվող հաշվեհամարներ: Այն մարդիկ, ովքեր Հայաստանը ուզում են հակադրել Սյունիքին, ինչ-որ Լեռնահայաստանի գաղափարներ են ի հայտ բերում, Սյունիքը այդ մարդկանց համար հայրենիք չէ, այլ օֆշորային գոտում գտնվող հաշվեհամարները լիցքավորելու, ատկատներ վերցնելու, գրուզավիկներ աշխատեցնելու աղբյուր»:

Նա ասաց, որ Քաջարանում, Սյունիքում առհասարակ որոշները «ակտիվացել» են, որովհետեւ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենք է ընդունվել, ու որոշ համայնքապետերի քրեակատարողականներն են սպասում: Փաշինյանն ասաց, որ այս ընտրություններում ժողովուրդը պիտի պատասխան տա առեւանգված գորիսցիների ու քաջարանցիների համար, որոնք առեւանգվել ու «պադվալներում» ծեծվել են, նվաստացվել են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930