Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը՝ ղարաբաղյան խնդրի և ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունների մասին

Հունիս 15,2021 14:53

Ermenihaber. Հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ կայացել է Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի հանդիպումը։

Նախօրեին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բելգիա մեկնելիս, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային, Էրդողանն ասել էր․ «Սա մեզ համար շատ ցավոտ գործընթաց էր։ Մենք չենք կարող այս հարցն անտեսել ու օրակարգ չբերել, դա ճիշտ չի լինի, որովհետև Թուրքիան պատահական երկիր չէ»։

Մինչդեռ Բայդենի հետ շուրջ 90 րոպե տևած հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության թեմային որևէ անդրադարձ չի եղել․ «Փառք Աստծո, ընդհանրապես օրակարգ չի եկել»։

Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» խմբակցության ներկայացուցիչ Օզգյուր Օզելը դատապարտել է Էրդողանին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մոռանալու և օրակարգ չբերելու համար։

«Ինչպես միշտ Թայիփ Էրդողանը երկրի ներսում ուրիշ է, դրսում՝ ուրիշ։ Մի օր առաջ հայտարարում էր, թե «հաշիվ է պահանջելու» ապրիլի 24-ը ճանաչելու համար։ Մեկ օր անց գոհունակություն է հայտնում, որ հարցն ընդհանրապես օրակարգ չի եկել։ Այս դիվանագիտական անկարողությունն առանց մեկնաբանության ներկայացնում ենք ժողովրդի ուշադրությանը», – գրել է պատգամավորը Twitter-ում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիս է տվել։ Խոսել է աշխարհում ՆԱՏՕ-ի դերի մասին՝ նշելով, որ համաշխարհային կայունությունը պահպանելու հարցում աճել է ՆԱՏՕ-ի թե՛ վճռականությունը և թե պարտավորությունը։

Այս համատեքստում Էրդողանը նշել է․ «ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է տեր կանգնեն հիմնադրման սկզբունքներին և դաշինքը պետք է ամրապնդեն։ Դաշինքը պետք է ակտիվ դեր ստանձնի ամեն տեղ, որտեղ ՆԱՏՕ-ի անվտանգության տանիքի կարիքը կզգացվի՝ սկսած Միջերկրականից մինչև Սև ծով, Եվրոպայից մինչև Ասիա։ Սա մի ժամանակահատված է, երբ պետք է ոչ թե խուսափել պատասխանատվությունից, այլ պետք է ձեռքը քարի տակ դնել»։

Այնուհետև նա անդրադարձել է Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին և Թուրքիայի ՆԱՏՕ-ում դերակատարմանը։

Ըստ Թուրքիայի նախագահի՝ հյուսիսատլանտյան դաշինքը նոր սպառնալիքների դիմագրավմանն ադապտացվելուն զուգընթաց չպետք է հրաժարվի իր հիմնարար սկզբունքներից՝ մասնավորապես անվտանգության անբաժանելիությունից, համերաշխությունից և միասնականությունից։ Այս համատեքստում Էրդողանը հետևյալ շեշտադրումն է արել․ «Թուրքիան իր առաջնահերթությունները, զգայնությունները և արդարացի սպասումները՝ մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարի հարցում, ներկայացրել է դաշնակիցներին, սակայն այս հարցում մի հանգամանք եմ ցանկանում ընդգծել․ ցավոք, դեռ շարունակվում է այն մոտեցումը, որով ահաբեկչության հարցում խմբավորումների միջև տարբերություն է դրվում, լավ և վատ ահաբեկիչ տարանջատում է արվում (նկատի ունի այն, որ ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի քրդական կառույցներին, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում)։ Ակնհայտ է, որ նման երկիմաստ մոտեցումը չի կարող արմատախիլ անել ահաբեկչությունը, ընդհակառակը՝ խրախուսելու է ահաբեկչական կազմակերպություններին»։

Էրդողանն ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի դերը՝ նշելով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում Թուրքիան ՆԱՏՕ անդամ միակ պետությունն է եղել, որ կարողացել է Սիրիայի հյուսիսն ամբողջությամբ մաքրել նրանցից։

Էրդողանը խոսել է նաև փախստականների հարցի վերաբերյալ՝ նշելով, որ այդ հարցում Թուրքիային աջակցելու մասին խոստումները հիմնականում չեն կատարվել։

Սիրիայում ունեցած դերին անդրադառնալուց հետո Էրդողանը խոսել է Լիբիայում ունեցած դերակատարման մասին, ինչպես նաև անդրադարձել արցախյան խնդիրին։

«Լեռնային Ղարաբաղում 30 տարվա ուշացումից հետո արդարությունը հաղթեց, և տարածաշրջանում կրկին հույսեր արթնացան։ Բացվել են դռները դեպի նոր ժամանակաշրջան, որտեղ թշնամությանը կարող է փոխարինել խաղաղությունը, լարվածությանը՝ անդորրը, անկայունությանը՝ մնայուն խաղաղությունը։ Այս տեսանկյունից, մեր երկրի սահմաններից դուրս իրականացվող գործողություններին, որոնք նպաստում են նաև մեր դաշնակիցների անվտանգությանը, դաշինքի ուժեղ աջակցությունն անհրաժեշտություն է ավելի, քան սոսկ նախընտրություն: Հույս ունենք, որ մեր բոլոր դաշնակիցներն արդեն մի կողմ կդնեն իրենց մակերեսային քաղաքական հաշվարկները և լիարժեք համերաշխություն կցուցաբերեն Թուրքիային»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930