Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, իսկ դատախազներն իրենց դիրքորոշումը չեն փոխում. Արմեն Գեւորգյան

Հունիս 15,2021 14:38

Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստն այսօր չկայացավ: Այն հաջորդ երեքշաբթի նույնպես չի կայանա: Այս գործով նիստերը կշարունակվեն հունիսի 29-ից:

Դատարանի նման որոշումը պայմանավորված էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանի միջնորդությամբ` քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ`կապված ամբաստանյալների`քրեական պատասխանատվության ենթարկելու անձեռնմխելիության հետ, քանի որ նրանք գրանցված պատգամավորության թեկնածուներ են: Ըստ դատավորի, եկող երեքշաբթի օրը ամսի 22-ն է եւ այդ ժամանակ դեռ հստակ տեղեկատվություն չի լինելու ամբաստանյալների կարգավիճակի մասին: Եթե ընտրությունների արդյունքում Ռոբերտ Քոչարյանը եւ Արմեն Գեւորգյանն ընտրվեն պատգամավորներ, ապա վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելու կարգը պետք է վերանայվի:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդեւանյանն այսօր դատարանին էր ներկայացրել դիմում, ըստ որի՝ Արմեն Գեւորգյանը եւ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում են քարոզարշավին, ինչի մասին հավաստող փաստաթղթերը նույնպես ներկայացրել էր դատարան: Սակայն, Արմեն Գեւորգյանը ներկա էր նիստին: Արամ Օրբելյանն էլ դիմում էր ներկայացրել`այլ դատական գործի մասնակցելու մասին, իսկ Հայկ Ալումյանը վատառողջ լինելու մասին:

«Պաշտպանական խմբի անդամների այս վարքագիծը մեզ համար նորություն չի»,- ասաց դատախազ Գեւորգ Բաղդասարյանը`Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամների վարքագիծը ոչ իրավաչափ որակելով` դատարանին հորդորեց անհապաղ միջոցներ ձեռք առնել` նրանց վարքագծի հետ կապված, որը միտված է նիստերը ձգձգելուն: Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը քարոզարշավի պատճառաբանությամբ դատական նիստը հետաձգելը անհիմն է համարում, մանավանդ, որ դատարանը նախորդ նիստում մերժել է պաշտպաններից մեկի դիմումը`քարոզարշավի մեկնարկի պատճառով այսօր դատական նիստ չնշանակելու մասին:

Մեղադրող կողմը խիստ քննադատեց պաշտպանական կողմի նման վարքագիծը`նկատելով, որ նրանք հայեցողաբար են դատական նիստերին ներկայանում`խաթարելով դատավարության ընթացքը եւ դատարանի եւ դատավարության մասնակիցների նկատմամբ անարգանք են դրսեւորում:

Դատախազները չառաջարկեցին`ամբաստանյալներին բերման ենթարկելու հարց քննարկել, քանի որ դատարանը մոտեցում է որդեգրել` ամբաստանյալների բացակայությամբ նրանց վերաբերվող հարցեր չքննարկել: Իրավական տեսանկյունից, դատախազները սա ճիշտ չեն համարում, քանի որ բացակայությունը կարող է անհարգելի լինել:

Նիստին ներկա Արմեն Գեւորգյանն էլ արձագանքեց դատախազների քննադատությանն՝ ասելով, որ երկրում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, իսկ դատախազներն իրենց դիրքորոշումը չեն փոխում: Քարոզարշավը, որը, ըստ Արմեն Գեւորգյանի այս «տապալված, երկիրը կործանած իշխանությունները տանում են ընտրությունների», ընդամենը 12 օր է, որի ընթացքում մասնակիցները պետք է կարողանան լինել հանրապետության մեծ ու փոքր բնակավայրերում`հասցնելով իրենց գաղափարները ընտրողին, այդ թվում նաեւ այն գաղափարը, թե ինչպես անել, որ այլեւս «այսպիսի խայտառակ արդարադատություն չլինի»: Արմեն Գեւորգյանն ասաց, որ ինքը կարողացել է փոխել իր անձնական օրակարգը, քանի որ դատարանից արձագանք չէր ստացել, իսկ պարոն Քոչարյանը չի կարողացել, քանի որ հանդիպումների պետք է մասնակցեր:

«Արմեն Գեւորգյանի պատկերացումները, որ դատախազությունը քաղաքական իրադարձություններով պայմանավորված պետք է վարքագիծ փոխի, շատ վատն են: Պետք է հուսախաբ անեմ: Եթե ակնկալիք կար, որ գործով ամբաստանյալները պետք է ներգրավվեն քարոզարշավին եւ դատախազների վարքագծում տեսնեն տարբերություններ, ես այդպիսի դատախազներին չեմ հարգում: Այս դեպքում էլ պետք է հուսախաբ անեմ»,- ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Գեւորգ Բաղդասարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930