«Ի սկզբանե ակնհայտ էր, որ սրանք ընտրություններ չեն լինելու բառի հենց դասական իմաստով. ուժի ցուցադրություն է: Պայքարն այս արևի տակ, այս հողի վրա որոշումներ կայացնելու համար է»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության (ՔՈ) գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը:
Նա նշեց՝ մասնակցում են ընտրություններին, քանի որ ուզել են, որ այն մարդիկ, որոնք կրում են գաղափարախոսություն, համաձայն են իրենց արժեքների հետ, իրենց ձայնը լսելի դարձնեն ՔՈ-ի միջոցով:
Անդրադառնալով մինչև այս պահը քարոզարշավի ընթացքին՝ Սուրեն Սահակյանը ցավով նկատեց՝ առանձնապես տեղ չի մնացել որևէ քարոզի համար, քան ատելությունը: Ու հավաստիացրեց՝ փորձում են խաղաղության, համերաշխության կարգախոսի ներքո տանել քարոզարշավը, բայց միևնույն ժամանակ նշեց՝ տպավորություն է, որ այլոց՝ ատելության քարոզողների նպատակն այն է, որ մարդկանց միջից ինչքան սրբություն, արժեք կա, հանեն, քամեն. «Ուզում են դարձնեն նեանդերթալդյան մարդ, որը ոչ արժեք ունի, ոչ սրբություն, պատրաստ հոշոտել մյուսներին: Թե ինչքան կկարողանանք մեր առաքելությունը տեղ հարցնել այդ քարոզարշավին, ժամանակը ցույց կտա»:
Սուրեն Սահակյանը վստահեցրեց՝ իրենք չեն տրվել աթոռակռվին, ինչի մասին այսօր խոսում են բոլորը, չնայած տարբեր գայթակղությունների՝ ամուր են մնացել:
Կարդացեք նաև
Նա հավաստիացրեց՝ հարյուր անգամ հրաժարվել են այդ աթոռներից:
Լրագրողները դիտարկմանը՝ սոցիոլոգիական հարցումներով իրենք բավականին քիչ տոկոս են հավաքում, Սուրեն Սահակյանն արձագանքեց. «2016-2018-ին մեզ ասում էին քաղաքացիական ակտիվիստներ, ինչը մեզ դուր չէր գալիս, մեզ ասում էին՝ դուք մեռաք, պասիվացաք, ձեզնից բան կախված չէ, այն դեպքում, երբ 2013-ին մեզ համակրում էր 75 տոկոսը: Ասել եմ՝ համբերեք երկու տարի, այդ քաղաքական ակտիվն իր ասելիքը կասի. շատ էներգիա կար կուտակված: 2018-ին տեսաք: Այս երկու-երեք տարվա մեջ նման միջավայրը ուղղակի տեղ չի թողել նման ասելիքի համար: Չես կարող այս ատելության միջավայրը ճեղքել: Պատկառելի տարիքի հասած, նախագահ աշխատած, 70 տարեկան Սերժ Սարգսյանը, որպեսզի տեղեկատվական հոսքը ճեղքի, օգտագործում է հայհոյանք, էն, ինչ երբեք իրեն առաջ թույլ չէր տա: Այդ հոսքը ճղելը բարդ է լինելու, բայց կլինի, կլինի երկու ամիս հետո, կես տարի հետո, երկու տարի հետո. հեսա հետընտրական գործընթացներ են լինելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ