«Վերելք» կուսակցությունը ստեղծվել է երկու ամիս առաջ: Ինչո՞ւ ստեղծվեց, եւ ինչու ընտրություններին մասնակցության հայտն ներկայացրինք: Հիմնականում պատճառն այն էր, որ մենք հիմքում ունեինք «Ժայռ» երիտասարդական-հասարակական կազմակերպությունը, որը խնդրեց, անգամ պարտադրեց, որ մասնակցենք… Եվ մուծման գումարն իրենք են տվել` մեկը 10 հազարով, մյուսը 100 հազարով…»,- «Հենարան» ակումբում այսպես հիմնավորեց իրենց ուժի մասնակցությունը ընտրություններին «Վերելք» կուսակցության ղեկավար Ալեքսան Մինասյանը:
«Ամբողջ խնդիրն այն էր, որ հնարավոր չէ այս անվտանգության պարագայում ապրել… Մարդը պետք է ապահով ապրի, անգամ Երեւանում պիտի իրեն ապահով զգա, բայց կարծես թե ապահովությունը չկար: Եվ մենք որպես զինվորականներ, ինքս էլ որպես զինվորական մարդ` որոշեցի ունենալ իմ մասնակցությունը:
Այս վերջին պատերազմում ես ավելի ակնհայտ տեսա, թե ինչ բացղթողումներ ունենք հայերս, Հայաստանի պետությունը: Հիմնականում խոցելի էինք սահմանում: Կար լրջագույն թափթփվածություն, անհետեւողականություն… Այս ամենը ինձ ստիպեց մասնակցել:
Ես Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ինստիտուտի պետն եմ եղել, հիմնադիրը: Իմ սաներից շատերը զոհվեցին, երեքն էլ հետմահու արժանացան ՀՀ հերոսի կոչման…Դա ինձ շատ ու շատ խոցեց: Եվ ինքս էլ լինելով պատերազմի դաշտում, տեսա թե ինչ թերություններ, բացթողումներ կային, այն պարագայում, երբ մենք կարող էինք իսկապես դառնալ անառիկ մի պետություն… Հայաստանի Հանրապետությունը կարող էր դառնալ ոչ թե բերդաքաղաք, այլ բերդապետություն, բայց դա չեղավ:
Կարդացեք նաև
Ես տեսա չքողարկված մեր այն հակաօդային սարքերը, որոնք մեզ պետք է պաշտպանեին, իսկ պատերազմի հենց սկզբի ժամերին դրանք ոչնչացվեցին… Տեսա խրամուղիների վիճակը, այն ինժեներական կառույցները, որ չկային; Եվ ունենալով ընկերներ, գիտնականների ստվար խումբ` հիմա հաշվարկներ ենք անում, թե ինչպիսին պետք է լինի մեր սահմանը, բացի այն, որ պետք է ժամանակ տրվի նաեւ գիտական հեղափոխություն անելուն, միեւնույն ժամանակ չպետք է խաբենք ինքներս մեզ»,-նշեց «Վերելքի» ղեկավարը:
Ալեքսան Մինասյանի խոսքով, այսօր շատ է խոսվում, թե կարող ենք ԱԹՍ-ներ արտադրել, բայց պետք է ամեն ինչին ռեալ նայել. «Մեր թշնամի պետությունը` Թուրքիան իր ՀՆԱ-ով 58 անգամ գերազանցում է Հայաստանին: Հարց է ծագում` եթե 1 թռչող սարք ենք արտադրում, իրենք բնական է ավելին կարտադրեն: Մենք, իհարկե, պետք է ունենանք, բայց լուրջ պայքարել չենք կարող:
Այսինքն, խնդիր է առաջանում փոխել բանակի մարտավարությունը, տեսակը, ձեւը, մոտեցումները: Մենք փոքր երկր ենք, եւ եթե Սյունիքը նայենք, ընդամենը 42 կմ երկկողմանի հրետանային զարկերով կարող ենք լուրջ խոցվել: Դրա համար մեզ անհրաժեշտ է, որ մեզ վրա հարձակվողի սահմանում պատերազմը տեղափոխվի: Իրենք հարձակվեցին, մենք պատերազմը պետք է տեղափոխենք իրենց սահման: Պետք է փոխել բանակը, փոխել ամբողջ պաշտպանական սիստեմը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Ալեքսան Մինասյանի ֆեյսբուքյան էջից