Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղուց արդեն սպառել են իրենց, եկեղեցուն և եկեղեցականին թիրախավորելով` Փաշինյանը դարձյալ փորձում է ձայներ ստանալ աղանդավորական և հակաեկեղեցական զանգվածի կողմից». Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան. «168 ժամ»

Հունիս 15,2021 12:37

168.am–ի հարցերին պատասխանել է Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:

– Սրբազա՛ն հայր, Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավի ժամանակ հերթական անդրադարձն է կատարել հոգևոր դասին՝ նկատելով․ «Կանենք էնքան հեղափոխություն՝ մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ»: Խնդրում եմ անդրադառնաք Փաշինյանի այս հայտարարությանը, և թե ինչո՞վ են, առհասարակ, պայմանավորված, իշխող թիմի կողմից եկեղեցու, եկեղեցականի հանդեպ պարբերաբար ուղղվող սլաքները:

– Առնվազն զարմանալի և անհասկանալի է, երբ խոնարհության և ծառայության մասին խոսում է մի անձնավորություն, որը զուրկ է թե՛ մեկից, թե՛ մյուսից: Վերոնշյալ անձնավորությունը՝ Նիկոլ Փաշինյանը, և իր թիմակիցները, մեր խորին համոզմամբ, վաղուց արդեն սպառել են իրենց, և այլևս եկել է ժամանակը պատասխան տալու վերջին 3 տարիների ապաշնորհ կառավարման, ժամանակի և բոլոր ռեսուրսների մսխման, հազարավոր զոհերի ու վիրավորների, անհետ կորածների ու գերիների, Արցախի զգալի մասի կորստի, պետությունը անդունդի եզրին հասցնելու, ժողովրդին խաբելու և գաղտնիաբար ամոթալի փաստաթղթեր ստորագրելու համար:

Եկեղեցուն և եկեղեցականին թիրախավորելով` Նիկոլ Փաշինյանը դարձյալ փորձում է ձայներ ստանալ աղանդավորական և հակաեկեղեցական զանգվածի կողմից: Սակայն մենք պետք է թարմացնենք Փաշինյանի աղավաղված և մթագնած հիշողությունը և ասենք, որ Հայ Եկեղեցին և եկեղեցականը ոչ միայն իր գոյության ողջ ընթացքում է ծառայել իր Հայրենիքին ու ժողովրդին, այլ նաև վերջին պատերազմի ժամանակ:

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ հայ հոգևորականը գտնվում էր պատերազմի ամենաթեժ կետերում, ոչ միայն ոգեշնչում հայ զինվորին ու կամավորականին, այլ նաև զենքը ձեռքին մարտնչում ու նահատակվում հանուն Հայրենիքի: Հայ հոգևորականն էր այցելում վիրավորված ու խեղված զինվորականներին, մխիթարում զոհվածների ու անհետ կորածների ծնողներին ու հարազատներին:

Հայ Եկեղեցին էր, որ իր աշխարհասփյուռ թեմերի միջոցով հանգանակություններ էր կազմակերպում և ուղարկում Հայաստան Համահայկական հիմնադրամ՝ Արցախի կարիքների համար, որից, ի դեպ, մի կլորիկ գումար նվիրաբերվեց ապաշնորհ կառավարությանը և չծառայեց նպատակին: Հայ Եկեղեցին է, որ մինչ օրս շարունակում է սոցիալական աջակցություն տրամադրել Արցախից տեղահանված և պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին՝ իրականացնելով տարատեսակ սոցիալական ծրագրեր Հայաստանում և Արցախում: Հայ Եկեղեցին և եկեղեցականը մշտապես խոնարհությամբ ծառայել է իր ժողովրդին և Հայրենիքին, բայց խոնարհության ու ծառայասիրության հետ մեկտեղ՝ միշտ եղել է բարձունքում՝ երբեք ծունկի չգալով նրանց առաջ, որոնք դարերի հոլովույթում փորձել են սասանել ու ծնկի բերել մեզ:

– Պատերազմի սկզբում եղաք Արցախում, առաջնագծում, Ձեզ համար պատերազմի նման վերջաբանը սպասելի՞ էր։ Ըստ Ձեզ՝ ո՞րն էր պարտության պատճառը:

– Այո, պատերազմի սկսվելուց հետո Արցախ ենք մեկնել Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ՝ հայ զինվորի և հրամանատարի կողքին կանգնելու, ոգեշնչելու և մարտական ոգին բարձր պահելու համար: Կարծում ենք՝ զարմանալի ոչինչ չկա այստեղ, քանզի հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում հայ հոգևորականը ոչ միայն եղել է քարոզիչ, այլ նաև զինվոր, մի ձեռքին՝ խաչ, մյուսին՝ զենք, մասնակցել Հայրենիքի պաշտպանության կամ ազատագրության սրբազան առաքելությանը: Այս պատերազմը ևս բացառություն չէր հայ եկեղեցականների մասնակցության առումով սահմանի ողջ երկայնքով:

Արցախում մենք տեսանք արի, առյուծասիրտ և սխրագործ զինվոր ու սպա, կամավորականներ, որոնք ակնթարթ անգամ չեն մտածել պարտության, նահանջի կամ վախի մասին:

Անշուշտ, նման խայտառակ ավարտ երբևէ չի անցել որևէ մեկիս մտքով անգամ: Պարտության պատճառների մասին այսօր շատ է խոսվում, դրանք տարաբնույթ են ու բազմազան, սակայն, երբ վերլուծում ենք ամեն ինչ, հանգում ենք այն եզրակացության, որ հիմնական խնդիրը եղել է գործող իշխանության ապաշնորհությունը, անկազմակերպվածությունը:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930