«Քանի որ մենք ցանկանում ենք ազգային համաձայնության կառավարություն ստեղծել, ի սկզբանե քննարկել ենք՝ հրապարակելո՞ւ ենք մեր «ստվերային կաբինետը», թե ոչ։ Որոշել ենք չհրապարակել, որովհետեւ նման պարագայում կադրերի ներգրավումը, ներառական գործընթացը շատ բարդ կդառնա»,-Երեւանում այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Խաժակյանը՝ մեկնաբանելով հարցը, թե ինչու ԼՀԿ-ն չի հայտարարում, թե ովքեր են լինելու, օրինակ, նախարարների պաշտոններում իր թեկնածուները։
«Եթե անուններ հրապարակենք, ինչպե՞ս կձեւավորենք ազգային համաձայնության կառավարություն։ Հետեւաբար, կսպասենք ընտրությունների արդյունքներին եւ այդ պաշտոններում կներկայացնենք լավագույն մասնագետներին՝ լինեն նրանք ԼՀԿ-ից, թե անկուսակցական։ Հիմա ողջամիտ չէ անուններ հրապարակելը։ Մեր պատկերացրած ազգային համաձայնության կառավարությունը պետք է ներառի բոլոր խորհրդարանական ուժերին, եւ, ինչու չէ, խորհրդարան չանցած ուժերին՝ ըստ մասնագիտության։ Այդ ամենը լինելու է քննարկումների եւ բանակցությունների միջոցով։ Ամեն ուժ իր «ամբիցիաներից» մի բան պետք է զիջի»,-համոզմունք հայտնեց Դավիթ Խաժակյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ