Նախօրեին Դիլիջանի Հաղարծին համայնքում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ մատաղ անողները եղել են Փաշինյանի ազգականները։ Մեր տեղեկություններով՝ մատաղի իդեան Փաշինյանի այն ազգականինն է եղել, որի նկատմամբ 2019-ին Փաշինյանի ցուցումով քրեական գործ հարուցվեց՝ որպես անաչառության ապացույց։ Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանի քեռորդին՝ Մամիկոն Հովհաննիսյանը, կեղծ դիպլոմով աշխատանքի էր ընդունվել «Դիլիջան» ՊՈԱԿ-ում, եւ նրա բարձրաստիճան ազգականը որոշեց, որ դա շատ լավ թեմա է փիառի համար, հրապարակային հայտարարություն արեց, գործ հարուցվեց, եւ դատարանի վճռով քեռորդին տուգանվեց 200 հազար դրամով։ Հենց նա էլ Հաղարծինում մորթել է ոչխարը։
Մեզ երեկ չհաջողվեց զրուցել Մամիկոն Հովհաննիսյանի հետ, խոսեցինք Հաղարծինի ներկայացուցիչ-գյուղապետ (Դիլիջանի խոշորացված համայնքներից մեկի մասն է կազմում Հաղարծինը) Գեւորգ Թամրազյանի հետ։
– Պարոն Թամրազյան, ո՞ւմ գաղափարն էր Հաղարծինում Փաշինյանի ոտքերի տակ մատաղ անելը։
– Մատա՞ղ, ո՞վ է ասում՝ մատաղ ենք արել։
Կարդացեք նաև
– Ոչխար չմորթեցի՞ք։
– Ժողովուրդը՝ որպես հարգանքի նշան, ոչխար մորթեցին։ Դա իմ իդեան չէր, ես ըտենց իդեոլոգ չեմ։
– Իսկ ո՞վ է ոչխարի գծով իդեոլոգը՝ ձեր համայնքի։
– Չեմ խորացել, բնակիչներ ունենք, որ Փաշինյանին ճանաչում են, իր հետ բարեկամ են, գառը բերել-մորթել են, մեկը ոտքն է պահել, մեկը՝ գլուխը, մյուսը դանակն է սրել։
– Ասում են՝ իր քեռու որդին՝ Մամիկոն Հովհաննիսյանն է կազմակերպել այդ, ինչպես Դուք ասացիք, հարգանքի միջոցառումը։
– Ինքը ներկա էր, բայց ես չգիտեմ՝ ում մտածածն էր։ Մենակ Մամիկոնը չի իր բարեկամը, գյուղում շատ բարեկամներ ունի։
– Ի՞նչ կարգի բարեկամներ են, ինչքա՞ն շատ են։
– Գյուղում մորքուրներ, քեռիներ է ունեցել, մորքուրի, քեռու տղաներ ունի, մանկության ընկերներ ունի։
– Կասե՞ք՝ ո՞ր բարեկամներն են կազմակերպել։
– Հարգելիս, ես ո՞ր մեկին ասեմ, մեկը չի, երկուսը չի, բայց ես չգիտեմ՝ կոնկրետ ով է կազմակերպել։ Մեր գյուղում չորս հազար բնակիչ կա, բայց շատերն իր բարեկամներն են։
– Կարող է մորթել են, հետո՝ ծախել։
– Չգիտեմ, չեմ կարծում։ Մեր գյուղում էլ պատերազմի ընթացքում հինգ զոհ ենք ունեցել, դրա համար եմ ասում, որ դա չէր կարող մատաղ լինել, ուղղակի իրանց բարեկամն էր, նաեւ՝ վարչապետը, մորթել են, էլի։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: