Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Աստված ինձ երեք անգամ է կյանք տվել. 8 ամսվա գերությունից Հայաստան վերադարձած Էրիկ Խաչատրյանի հրազենային վնասվածքի հետևանքով փամփուշտը դեռ մարմնում է. «Հայկական ժամանակ»

Հունիս 15,2021 12:22

19-ամյա Էրիկ Խաչատրյանը 8 ամիս ադրբեջանական գերության մեջ մնալուց հետո արդեն Հայաստանում է: Էրիկի մայրը՝ Լիանա Ալոյանը մեզ հետ զրույցում պատմում է՝ տղայի՝ հայրենիք վերադառնալու լուրը իմացել է պատահական, երբ ծանոթներից մեկը զանգահարել և ասել է, որ Էրիկին տեսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան  էջում հրապարակված նկարում:

Էրիկը 18 տարեկան է եղել, երբ գերեվարվել է ադրբեջանցի զինվորների կողմից: Հունվարի 15-ին ադրբեջանական բանտում լրացել է նրա 19-ամյակը:

Որդու գալուն ամիսներով սպասած մայրն ամեն շաբաթ օրը ուխտագնացության է գնացել՝ սրտում փայփայելով, որ մի օր Էրիկը  կվերադառնա տուն: Էրիկի վերադառնալու օրն էլ հերթական անգամ գնացել էր ուխտագնացության՝ աղոթելու, որ բոլոր հայ գերիներն ու անհետ կորածները գտնվեն և վերադառնան Հայաստան:

Հայաստանի տարածք մտնելուն պես Էրիկն անմիջապես զանգել է մորը, տեղեկացրել, որ իրեն տեղափոխում են հոսպիտալ՝ բուժզննման: Բուժզննման ընթացքում պարզվել է, որ պատերազմի ժամանակ հրազենային կրակոցի հետևանքով փամփուշտը այսքան ժամանակ Էրիկի մեջքում է մնացել, Ադրբեջանում, սակայն, Էրիկին որևէ բժշկական օգնություն չեն տրամադրել: Հիմա 19-ամյա տղան Երևանի հոսպիտալներից մեկում է, բժիշկները ծնողներին ասել են՝ բժշկական միջամտության կարիք կա, դեռ անորոշ ժամանակով պետք է մնա հոսպիտալում:

«Հրազենային վնասվածքի հետևանքով փամփուշտը դեռ մարմնում է: Աջ ոտքը կաղում է, դեռ պետք է բժիշկները պարզեն, թե ինչու է մեջքին վիրավորումը, բայց ոտքն է կաղում: Առաջին օրը իրեն տեսակցել ենք, երեկ ամբողջ օրն էլ հիվանդանոցի բակում տեսել ենք, հիմա նորից իր մոտ ենք գնում: Ինքը մեզ պատմում է, որ երբ գերեվարվել է, լավ է զգացել իրեն, ընթացքում է սկսել վատ զգալ»,- ասաց մայրն ու հավելեց՝ հիմա Էրիկն ասում է՝ «Աստված ինձ երեք անգամ է կյանք տվել՝ մեկը որ ծնվել եմ, մյուսը, որ հրազենային կրակոցի հետևանքով փամփուշտը մխրճվել է զինվորական սաղավարտիս մեջ և երրորդ անգամ, որ ադրբեջանական գերությունից հետո տուն եմ վերադարձել»:

Հիմա իր հայրենի հողում Էրիկ Խաչատրյանը երկու նպատակ ունի: Ծնողներին ասել է, որ ուզում է Արարատի մարզի Խաչփառ գյուղում, որտեղ այժմ բնակվում են վարձով, արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին հուշաքար տեղադրել: Մյուսը՝ ցանկանում է վերանորոգել ծննդավայր Գեղարքունիքի մարզի Վարդենիս գյուղի սրբատեղերից մեկը. «Երազ է տեսել, ես եմ իրեն ասել՝ արևս, կգաս, որ Սուրբը վերանորոգենք: Հիմա ուզում է դա իրականացնել»,- ասաց Էրիկի մայրը՝ Լիանա Ալոյանը:

«43 օր մի տան մեջ են ապրել, շրջափակված են եղել Հադրութի շրջանի Վանք գյուղում: 43 օր հետո առավոտյան էդ տան դուռը բացվել է, ու Էրիկենք հասկացել են, որ փրկվել են, որովհետև էդ տան մեջ մնալու դեպքում էլ ապրելու հույս չկար. սնունդ ու ջուր չեն ունեցել: Իրեն գերեվարող ադրբեջանցի սպաներից են շնորհակալություն հատնել, որ իրենց չեն գնդակահարել, այլ գերեվարել են»,- պատմում է մայրը:

Մերի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930