Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նարե Հովհաննիսյան. ««Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի տղամարդը բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ»

Հունիս 15,2021 12:53

Ես` Նարե Հովհաննիսյանս, մասնագիտությամբ իրավաբան եմ և զբաղվում եմ իրավապաշտպան գործունեությամբ: Երևանում վարձակալությամբ եմ բնակվում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հասցեն չեմ նշում:

Շենքի բնակիչներից մեկը շենքի բակում ավտոլվացման կետ է դրել, որտեղ ժամանակ առ ժամանակ մեքենա են լվանում նաև ժամը 23:00-ից հետո: Մի քանի օր առաջ իջել եմ և խնդրել աղմուկը դադարեցնել, որպեսզի կարողանամ քնել: Երեկ երեկոյան մեքենա էին լվանում: Ժամը մոտավորապես 23:45 էր: Որոշեցի դարձյալ իջնել ու խնդրել, որ հանգիստս չխանգարեն և թողնեն հանգստանամ:

Երբ մոտեցա ավտոլվացման կետին և զրուցեցի մեքենան լվացող տղայի հետ, ասաց, որ ինքը ոչ աշխատող է, ոչ էլ տերն է, պարզապես հաճախորդ է: Ավտոլվացման կետի դիմաց նստած մի տղամարդուց պահանջեցի կանչել տիրոջը, որպեսզի հետը խոսեմ:

Տերը՝ խմած և գիշերային մայկայով, դուրս եկավ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի գրասենյակից: Կողքի մարդկանց զրույցներից պարզ դարձավ, որ որպես Հայաստան դաշինքի նախընտրական շտաբի գրասենյակ օգտագործվում է «Պանտերա» տաքսի ծառայության գրասենյակը, որը նույնպես պատկանում է ավտոլվացման կետի տիրոջը:

Այդ տղամարդը սկսեց հարցուփորձ անել, թե ով եմ, որտեղ եմ ապրում: Երբ պարզեց, որ վարձով եմ ապրում, ավելին, իմացավ, որ տանտերն իր բարեկամն է, կիսահեգնական տոնով սպառնաց, որ վաղն առավոտյան իր բարեկամին կզգուշացնի, և ես այլևս այդ տանը չեմ ապրի վաղվանից:

Երբ զրույցի ընթացքում հասկացա, որ ոչ ադեկվատ վիճակում է և խմած է, շրջվեցի, որպեսզի հեռանամ: Այդ պահին հասցրեց ձեռքով հարվածել ծոծրակիս՝ ձախ կողմից (նկարները կցված են):

Շտաբից դուրս եկած մի քանի տղամարդիկ մոտեցան և պահեցին այդ տղամարդուն: Մինչ իրեն պահում էին, ես հասցրեցի արագ հեռանալ և քայլել դեպի շենքի մուտք: Շենք մտնելու պահին լսեցի, թե ինչպես է բարձր ձայնով ինձ հայհոյում՝ ասելով՝ «ժ… տամ վրետ»:

Հայտնի է, որ նախընտրական շտաբներում սովորաբար ունենում են տարածքների պատասխանատուներ, որոնք ըստ այդ տարածքի ընտրողների ցուցակների նախահաշվարկում են իրենց հարած քաղաքական ուժի ձայները։ Այդ տղամարդու մայրը շենքի վերելակի գումարներն է հավաքում: Գիտի, որ մասնակցել եմ հեղափոխությանը։ Չգիտեմ՝ որտեղից, բայց շենքում ինձ ներկայացրել են որպես լրագրողի: Հավանաբար, նախընտրական շտաբում ձայները նախահաշվարկելիս ենթադրել են, որ «նիկոլական» եմ։ Եվ երբ այդ տղամարդը հարցուպատասխանի միջոցով նույնականացրել է ինձ, որոշել է հետս բռնության միջոցով հաշվեհարդար տեսնել: Նման ենթադրության տեղիք է տալիս այն, որ մինչ վիրավորական արտահայտություններ ասելը բարձր ձայնով գոռում էր, որ «սա նիկոլ ա, լրագրող ա»:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 14-ին՝ ժամը 23:45-ի միջակայքում: Անմիջապես զանգել եմ ոստիկանություն և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել:

Այս նամակով լրատվամիջոցների, իրավապահ մարմինների, իրավապաշտպան և ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն եմ հրավիրում տեղի ունեցած միջադեպի վրա՝ յուրաքանչյուրին իր լիազորությունների շրջանակներում խնդրելով աջակցել ինձ և ապահովել իմ անվտանգությունը, մինչև կփոխեմ իմ բնակության վայրը:

Հ.Գ. Ամեն դեպքում, ոչ երանի այն Հայաստանը, որտեղ հունիսի 20-ից հետո ենք ապրելու:

Նարե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930