Որքան մոտենում է հունիսի 20-ը, իշխանության ղեկավարի քարոզարշավը ատելության նոր չափաբաժիններ է ստանում: Բացի հասցեական թիրախներ ընտրելուց, որոնց շարքում իրավաբանները, գիտնականները, հոգևորականներն ու նաև լրագրողներն են, Նիկոլ Փաշինյանն արդեն երկու օր է` մարզից մարզ է տանում հանդիպումներից մեկի ժամանակ «նվեր» ստացած մուրճն ու սպառնում, թե հունիսի 21-ից հետո «անձամբ է զբաղվելու ժանգոտած մեխերով»:
«Փաստի» հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը խոսեց վերոնշյալ վարքագծից բխող վտանգների մասին: «Ցավոք, այդ քաղաքական ուժն ապագայի մասին օրակարգ չի դիտարկում: Այն գրվածը, թե «ապագա կա», պարզապես անիմաստ երևույթ է, քանի որ քննարկում է միայն անցյալի մասին, այն էլ՝ անձնական դաշտի: Ծրագրի մասին ևս չի խոսում: Հաշվի առնելով այս ամենը՝ ամեն ինչ պարզ է: Ես անգամ մինչև քարոզարշավի սկսվելն եմ ասել՝ եթե որևէ մեկն օգտագործելու է «նախկին» եզրույթը կամ նախկինների թեման է քննարկելու, դուրս է մնալու քաղաքական հետաքրքրություններից»,-ասաց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով արդեն այս փուլում առկա ատելության մթնոլորտին, բռնության դեպքերին, որոնց ենթարկվել են իշխանության ներկայացուցիչները, Թևան Պողոսյանը նշեց, որ այս խնդիրը մեկ այլ՝ ավելի ընդհանուր գաղափարի մեջ պետք է դիտարկել: «Սա այն ընդհանուր գաղափարն է, երբ, ցավոք, ոչ մի պետական ինստիտուտ չի աշխատում, ու մենք կաթվածահար, փլուզված պետություն ունենք: Եթե չկան պետական ինստիտուտներ, դրա համար էլ բռնությունն է սկսում գլուխ բարձրացնել: Սա ընդհանուր տրամաբանության մեջ պետք է դիտարկել: Մարդկանց հասցրել են մի վիճակի, որ ոչ թե պատրաստ են իրար լսել, միասին փորձել լուծումներ գտնել, այլ միանգամից հարցը բռունցքներով լուծելու խնդիր են դնում: Մինչդեռ այդ բռունցքների ուժն ավելի լավ կլիներ ունենային ժամանակին, երբ 44-օրյա պատերազմ էր, ձևավորվել էր հայրենական այն ընկալումը, ըստ որի, բոլորս միասին, մեկ բռունցք դարձած պետք է թշնամուն վերացնեինք, և ոչ թե հիմա դա իրար դեմ օգտագործվեր: Ցավալի իրավիճակ է: 7 ամսվա ընթացքում գործող իշխանությունը չգիտակցեց և հանուն պետության չհեռացավ՝ ձևավորելով մի իրավիճակ, որտեղ մենք սկսել ենք ոչ թե թշնամու, այլ իրար դեմ թշնամություն անել: Վերոնշյալը նաև այս իրողության գնահատականն է: Իսկ թշնամին այսօր օգտվում է մեր թուլություններից, իր շահերն է տանում առաջ, իսկ մենք որևէ գործողություն չենք անում»,- ընդգծեց նա:
Թևան Պողոսյանը շեշտեց՝ մեր անվտանգության գրավականը մեր միասնականությունն է: «Պետք չէ բաժանել, այլ պետք է միացնել:
Կարդացեք նաև
Ազգային երազանքով նպատակ պետք է ունենանք ու հասկանանք, թե ինչ ենք անում, որպես ազգ, պետություն, երկիր՝ գոյատևելո՞ւ ենք, թե՞ ոչ, և որն է լինելու մեր ազգային երազանքը: Մինչև 10 միլիոնով քաղաքական ազգ չդառնանք, ամեն ինչ դժվար է լինելու: Քանի դեռ այս ամենը ցեղային մակարդակի վրա է, խնդիրներ ենք ունենալու: Մենք բոլորս պետք է ընկալենք, որ կան արժեքներ, որոնցով պետք է ձևավորենք մեր քաղաքական ազգը, փոխենք մեր մտածելակերպը, բարեկեցության ընկալումը: Մեր արժեքային արմատները ևս պետք է վերագտնենք: Եթե մեր ազգային արժեքային դաշտը վերգտնենք ու դառնանք քաղաքական ազգ, այդ ժամանակ պետականությունը կձևավորվի: Մեզ պետք է վերականգնել ազգային պետականության ինքնությունը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։