Մոտենում են Հայաստանի համար ամենավճռորոշ արտահերթ ընտրությունները:
Ճակատագրական այս օրերին, երբ դեռ բաց վերքի նման մնում է ռազմագերիների հարցը, երբ Ադրբեջան, մասամբ նաև օգտվելով մեր ներքին անհամերաշխությունից, սաստկացնում է իր սահմանային ոտնձգությունները, երբ Արցախի կարգավիճակի հարցը դեռ մնում է մշուշոտ և երբ երկրից ներս տիրում է քաղաքական անառողջ մթնոլորտ, Հայաստանի քաղաքացին հանձնառու է դառնում իր քվեի ուժով ընտրելու երկրի ապագան՝ դեպի առաջ կամ վերադարձ նախկինին:
Այդ առումով, մենք ավելի քան վստահ ենք, որ Հայաստանի քաղաքացին կկայացնի ճիշտ ընտրություն և հանուն իր ապագայի՝ Ազգային Ժողով կուղարկի այն ուժերին, որոնք հետամուտ կլինեն շարունակելու Հայաստանի ժողովրդավարացման, կաշառակերության դեմ պայքարի և դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացը, միաժամանակ բացառելով վերադարձը այն ուժերի, որոնց երկտասնամյա իշխանությունը բնորոշվեց Հոկտեմբեր 27-ով, Մարտի 1-ով, լայնատարած ընտրակեղծիքներով, կաշառակերությամբ, պետական գանձի կողոպուտով և քրեաօլիգարխիկ համակարգի ստեղծումով:
Անշուշտ, այս ընտրություններով հայրենիքի դիմագրաված բազում արտաքին և ներքին մարտահրավերները չեն վերանալու: Ու թեև արտաքին հարցերի առաջացումը կամ լուծումը միայն մեզանից կախյալ չի, սակայն Նոյեմբերից առ այսօր շարունակվող անհանդուրժողականության և ատելության մթնոլորտի առկայությունը բացառապես մեր բոլորի պատասխանատվությունն է:
Կարդացեք նաև
Հետևաբար, կոչ ենք ուղղում բոլոր քաղաքական ուժերին, ինչպիսին էլ լինեն ընտրությունների արդյունքները՝ զերծ մնալ իրավիճակը ավելի սրող ու ապակայունացնող քայլերից և գործողություններից, որոնք միայն խոչընդոտելու են ներքին համերաշխության վերականգնումը:
ՍԴՀԿ Կենտրոնական Վարչություն