Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ելք կա, բայց ոչ հիմա

Հունիս 15,2021 10:00

Հիմա արդեն, կարծում եմ, ոչ մեկն այլեւս չի կասկածում, որ այս ընտրություններում առավել ձայներ հավաքած Փաշինյանն ու Քոչարյանը, տոկոսային առումով մոտիկ ցուցանիշներ ունենալով, հունիսի 21-ին կհայտարարեն, որ իրենք «հաղթել են» եւ փողոցային ցույցերի միջոցով կփորձեն հաստատել իրենց այդ պնդումները: Գուցե կողմերից մեկին հաջողվի կոալիցիա կազմել, բացառված չէ նաեւ, որ դա տեղի չունենա, եւ նրանցից մեկն ավելի շատ ձայներ ստանա երկրորդ փուլում: Բայց, անկախ բոլոր հանգամանքներից, վստահ եմ, որ պարտված կողմն իրեն պարտված չի ճանաչի եւ իր կողմնակիցներին (ինչպես նաեւ իր ձեռքի տակ ունեցած կրիմինալին) դուրս կբերի փողոց եւ բախումներ կհրահրի: Այդպիսով մոտակա ամիսների կտրվածքով այս ընտրությունները, անկախ ելքից, չեն ապահովի երկրի կայունությունը:

Իմ այսպիսի կանխատեսումներին ի պատասխան՝ մարդիկ սովորաբար արձագանքում են՝ «մի՞թե ամեն ինչ այնքան վատ է, եւ ոչ մի ելք չկա»: Ես ելք, այնուամենայնիվ տեսնում եմ, բայց ոչ այս պահին: Այս ընտրություններին հաջորդող անխուսափելի ցնցումներից հետո կգա կայունացման շրջանը: Ո՞ր ճանապարհով դա, իմ կարծիքով, կարող է տեղի ունենալ: Դրա նախապայմաններից մեկն, ինձ թվում է, այն է, որ Հայաստանի 4 ղեկավարներն (ստանալով անձեռնմխելիության երաշխիքներ) իրենց մեջ ուժ են գտնում հետքայլ կատարել եւ հայտարարել, որ այլեւս ակտիվ քաղաքականությամբ չեն զբաղվելու, որեւէ պաշտոնի կամ մանդատի չեն հավակնելու, եւ համաձայն են, որ գործող խորհրդարանի վերահսկողության տակ աշխատի տեխնոկրատների ապակուսակցական կառավարություն: Այդ անցումային շրջանում՝ 1,5-2 տարում մշակվում է նոր սահմանադրություն (թերեւս նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգով, բայց ուժեղ խորհրդարանով), որից հետո անցկացվում են միաժամանակյա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, որոնց, բնականաբար, նշված 4 ղեկավարները չեն մասնակցում: Մինչ այդ խորհրդարանը հստակեցնում է օրենքը՝ նախկին առաջին դեմքերի անձեռնմխելիության մասին, որը բացառելու է նոր իշխանության վրեժխնդրությունը կամ հաշվեհարդարը նրանց նկատմամբ: Ըստ էության, շատերը, այդ թվում՝ առաջին նախագահը, եւ գործող նախագահը նման մի բան առաջարկում էին, բայց հիմնական քաղաքական ուժերին թվում էր (եւ, ցավոք, հիմա էլ է թվում), որ ընտրությունների միջոցով իրենք կգան իշխանության, բոլոր հակառակորդների ատամները կջարդեն, եւ դրանից հետո կգա կայունացման ժամանակաշրջան: Ցավոք, նրանք իրականության մասին ադեկվատ պատկերացում չունեն:

Բայց այդ ամենը ապագայի, ավելի ճիշտ՝ ցանկալի ապագայի խնդիր է: Այս պահին այդ ամենը ֆանտաստիկա է թվում. Փաշինյանի եւ Քոչարյանի գործելակերպը խոսում է այն մասին, որ նրանք պատրաստ են պայքարել հանուն իշխանության «մինչեւ վերջ»: Բայց երբ այդ վերջն ի հայտ գա՝ քաղաքացիական բախումների տեսքով, գուցե նրանք գիտակցեն, որ բանական լուծումը վերջնական ինքնաոչնչացումից եւ պետականության կորստից խուսափելն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Նկարը՝ Մկրտիչ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Armen says:

    Ընդհանուր առմամբ համաձայն լինելով առաջարկվող տարբերակին, մեխանիկորեն վերապահում է առաջանում, տեսնելով ցանկությունը նշված երկու ուժերին նույն հարթությունում տեղավորելու և ոչ իրական համեմատություն անկացնելու համար(բայց, անկախ բոլոր հանգամանքներից, վստահ եմ, որ պարտված կողմն իրեն պարտված չի ճանաչի եւ իր կողմնակիցներին (ինչպես նաեւ իր ձեռքի տակ ունեցած կրիմինալին) դուրս կբերի փողոց եւ բախումներ կհրահրի): Կրիմինալ կողմնակիցները այս երկու ուժերում չեն՝ մեկում են:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/06/15/1198275/

    © 1998 – 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  2. Լավատես says:

    Մեր հանճարների գերակշիռ մասը գյուղերից է՝ մեր Մեծն Թումանյանը, Մեծն Կոմիտասը եւ շատ ու շատ հանճարներ, որոնք հայ ազգին լույս ու ջերմություն են բերել: Ո՞ւր են մեր հանճարածին գյուղերի հանճար քաղաքական ու պետական գործիչները, որոնց ազգը լիովին կվստահի ու կենթարկվի: Այսօրվա իշխանությունընդդիմությունը ներկայացնում են գյուղերից քաղաքականություն ուրիշների կողմից մտցված միջակությունները, քաղաքականությունը նույնպես ազգային մշակույթի անբաժանելի մասն է, ինչպես լեզուն, գիրը կամ երգն ու պարը, մենք մեծաքանակ քաղաքական ու պետական հանճարներ տվել ենք այլ ազգերին, եթե բանի տեղ չես դնում սեփական հանճարներին, ստիպված պետք է ընդունես ուրիշների կողմից պարտադրված սեփական միջակություններին: Հանճարներ կարող են լինել եւ մեծ քաղաքներում եւ աննշան փոքր գյուղերում, հանճարների ՝պեղման՝ գործում անգնահատելի է հոգեւորականության հնարավորությունները, որն ազգի համար Կոմիտաս հայտնաբերեց: Կարճ ասած, հայեր միացե՛ք:

  3. հայկ համբարձումեան says:

    դուք պարզապէս սկիզբէն որոշած էք երկու անունները միշտ նոյն նախադասութեան մէջ տեղաւորել եւ նոյնացնել։

    անցեալի բարդոյթները եւ հայկական բամբասանքները մէկ կողմ, եթէ միայն նայիք այս (անճոռնի) ընտրարշաւին եւ անկեղծ ըլլաք՝ պիտի ընդունիք որ հայաստան դաշինքի թէ գործելակերպը թէ պատուերները թէ գլխաւոր դէմքերը եւ կառոյցները անհամեմատ աւելի լուրջ, քաղաքակիրթ եւ կայուն են՝ քան միւսինը։

    եւ նորէն՝ տեխնոկրատները անկայուն եւ գաղաբարազուրկ քաղաքական դաշտի մը մէջ ոչ մէկ արդիւնք կրնան տալ։ այդ առաջարկը այս պահին՝ անլուրջ է եւ մակերեսային։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930