«5165» շարժման ցուցակը գլխավորող Կարին Տոնոյանը դիմելով կապանցի ընտրողներին՝ նախ ներկայացրեց շարժման ստեղծման պատմությունը։ Ըստ Տոնոյանի իրենց շարժումը նոր է եւ գաղափարախոսությունն է՝ ամեն ինչ տալիս ենք հայրենիքին ու դիմացը ոչինչ չենք ուզում։ Նայելով Խուստուփ լեռանը՝ տիկին Տոնոյանն ասաց, որ Խուստուփն իր համար սրբազան լեռ է եղել։
«Դպրոցում Նժդեհ եմ դասավանդել։ Սյունիքը չափանիշ է եղել ինձ համար, լավագույն ապացույցը , որ եթե մեկը ամուր կանգնի, կկարողանա պահել լեռնաշխարհը։ Նժդեհը իր համհարզի հետ եկավ Սյունիք, զինեց մարդկանց ու պահեց Սյունիքը»,–ասաց Կարին Տոնոյանը։ Քանի որ հունիսի 20-ին որոշվելու է Հայաստանի ճակատագիրը, նա կապանցիներին խնդրեց «որպես որդուն ձեզ նվիրած մայր, որպես մանկավարժ, որպես հայ, որպես մարդ»։ «Մինչեւ քվեարկության օրը ուսումնասիրեք բոլորի անցած ճանապարհը, նոր ընտրություն կատարեք։ Մեր տղաները զոհվեցին նոր Հայաստանի համար, այլ ոչ թե հին Հայաստանի։ Նոր Հայաստանը պիտի կերտեն նոր մարդիկ, որոնց հոգում ցասումը մղում է հայրենասիրությանը»,–ասաց նա։
Կարդացեք նաև
Նշենք, որ շարժումը քարոզարշավը սկսեց ազգային–հայրենասիրական երգերի համերգով, եւ ի դեպ, հավաքին մասնակից ընտրողների համար աթոռներ եւ հովանոցով սեղաններ էին տեղադրվել։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ