Այսօր Կոտայքի մարզում Հայ Ազգային Կոնգրեսի քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը ՀԱԿ անդամներին հաց ուղղեց․«Ես հետեւում եմ ընտրարշավին, առողջ ուժեր կան՝ չե՞ք կարող, ասենք առողջ ուժերի հետ, օրինակ՝ Բաբաջանյան․․․ վերջը, նույն մտածողությամբ ուժեր, դրանց հետ դաշինք կազմեիք, ուժը ավելին կլիներ, էն ցախավելի պես ու կպայքարեիք նախկին-ներկա արատների դեմ, ոնց որ ժամանակին Միասնություն դաշինքն էր»։
Ի պատասխան քաղաքացու հարցի՝ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն ասաց․ «Դե որ գտնեինք առողջ ուժ՝ կմիավորվեինք էլի: Հայաստանի համար կար մի հարց՝ ամենաճակատագրականը՝ Ղարաբաղի կարգավորման հարցը։ Եվ այդ ամենաճակատագրական հարցում բոլոր քաղաքական ուժերը սխալ էին, իսկ Տեր-Պետրոսյանը ճիշտ։ Այս մի փաստն ամեն ինչ ասում է։ Իրականում այդ հակադրությունը՝ Նիկոլ-Ռոբ, դա սուտ հակադրություն է, չկա նման հակադրություն։ Երկուսն էլ նույն դաշտից են՝ արկածախնդիր, շառլատան, ընկած անիրականանալի ծրագրերի հետեւից։ Իրականում մի ջրբաժան կա Հայաստանում՝ մի կողմից ողջամիտներն են, քաղաքական իրատեսություն ունեցող մարդիկ են, մյուս կողմից՝ ցնորքների մեջ, մոլորվածները, դա դեռ քիչ է, մի բան էլ ժողովրդին հետեւից տանող։ Մենք մեղավոր չենք,որ դաշտն այսպես է բաժանվել։ Երեսուն տարի շարունակ այս մարդիկ չսովորեցին պարզ ճշմարտությունները, որ մենք իրենց ասում ենք , էլ ի՞նչ անենք։ Էդ բոլորն ում առաջարկում եք միավորվենք, դաշինք կազմենք, այդ մարդիկ, երբ Նիկոլը գնում էր խորհրդարանում դեմագոգիա էր անում, ասում էր՝ ուզում եք հինգ շրջանը տամ ու խաղաղություն լինի, բոլորը գոռում էին՝ ոչ։ Հիմա ուզո՞ւմ եք սրանց հետ դաշինք կազմենք։ Չի կարող ողջախոհը ցնորամիտի հետ դաշինք կազմի, չի լինում նման բան»։
Պարոն Զուրաբյանն ասաց, որ կան բավականին նոր ուժեր, երիտասարդներ, որոնք այս գաղափարներն ընդունում են, հասունանում են, ապագայում իրենց հետ համագործակցելու ենք, ուղղակի այսօր նրանք ակտիվ չեն, բայց դա պիտի լինի իսկապես ողջախոհների դաշինք։
Կարդացեք նաև
Մեկ այլ քաղաքացու դիտարկմանն էլ, որ աշխատող մարդը սխալվում է, եւ լավ չէր, որ մյուս նախագահները մերժեցին Տեր-Պետրոսյանի առաջարկը, պարոն Զուրաբյանը պատասխանեց, որ այո, կան սխալներ, բայց կան նաեւ երկրի համար ճակատագրական սխալներ․ «Մի մարդ կա, նախ մերժել է այն ծրագիրը, որ մեզ բերում էր արժանապատիվ խաղաղություն, նա դարձել է Հայաստանի պատմության միակ ղեկավարը, որը պաշտոնապես ընդունել է, որ Ղարաբաղը կարող է դառնալ Ադրբեջանի մաս։ 1998-ին, երբ համանախագահներն առաջարկել են ընդհանուր պետության նախագիծը, առաջին կետն էր՝ Ղարաբաղը եւ Ադրբեջանը կազմում են ընդհանուր պետություն՝ վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
Ու Ռոբերտ Քոչարյանը, ում անունը տվեցիք, դրան տվել է անվերապահ դրական հավանություն Հայաստանի կողմից։ Փաստորեն ինքը պնդում էր փաթեթային լուծման վրա, ու պարզվեց դա սխալ է, որովհետեւ եթե պնդում ես փաթեթայինը, որն ասում է անպայման ԼՂ-ի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի, բերվում է միջազգային հանրության լուծումը, որով ԼՂ-Ն Ադրբեջանի մասն է։ Այ սա կոպիտ ճակատագրական սխալ էր։ Մյուսն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանն ընդգրկվեց այսպես կոչված Քի-Վեսթյան բանակցությունների մեջ, սկսեց բանակցել Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման ծրագիրը ու դա ենթադրում էր ՀՀ-եւ Ադրբեջանի միջեւ տարածքային փոխանակում։ Ինքը եկել էր Արկադի Ղուկասյանի մոտ եւ ասել էր նրան՝ ես պետք է գնամ բանակցեմ որպես երկու կողմ՝ Հայաստան-Ադրբեջան ու դրա հետեւանքով Ղարաբաղը դառնալու է Ադրբեջանի մաս։ Ղուկասյանը նրան պատասխանել է՝ մենք կկորցնենք մեր ամենակարեւոր նվաճումը, ես չեմ կարող լիազորել։ Նա էլ ասել է՝ եթե դու այս բանը չանես՝ ես ամբողջ հանրությանը կասեմ, որ քո համառության պատճառով վիժեցվեց այս ծրագիրը՝ փոխանակման։ Ուստի ստիպված Արկադի Ղուկասյանը զիջել է։ Ի վերջո` արդյունքի չհասան, բայց Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ բանակցությունների գործընթացից»։
Ապա պարոն Զուրաբյանն ասաց՝ այո սխալները կարելի է ներել, բայց արդյոք ճակատագրական սխալները ներելի են․ «Այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, ավելի ճակատագրական էր, այն ժամանակ Քոչարյանը սխալ էր անում, բայց գոնե մեր բանակները հավասար էին, Ադրբեջանը չէր կարող հարձակվել մեզ վրա։ Իսկ երբ փոխզիջման առաջարկը եղավ Նիկոլին, նա պիտի հասկանար, որ այլ ելք չունի, Ադրբեջանը բանակ է կառուցել քսան տարվա ընթացքում։ Հայ ժողովուրդը պետք է որոշի՝ իրականում սա ընտրություն է երեք ղեկավարների միջեւ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ