Ընտրական օրենսգիրքը թույլատրելի է համարում թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված քարոզչությունը, այդ թվում՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում։
Նախընտրական քարոզչության միջոցների և քարոզչական նյութերի, հայտարարությունների, կոչերի բովանդակությունը որոշում է քարոզչություն իրականացնողը:
Եվրոպական հանձնաժողով հանուն ժողովրդավարության օրենքի միջոցով (Վենետիկյան հանձնաժողով) Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրք. Ցուցումներ և Բացատրական զեկույց՝ ընդունված Վենետիկյան հանձնաժողովի կողմից 52-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում (Վենետիկ, 2002թ. հոկտեմբերի 18-19) փաստաթղթի 60-րդ կետը սահմանում է.
«Ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, նույնիսկ անգամ ժողովրդավարության գոյությունը, հնարավոր չէ առանց մարդու իրավունքների և մասնավորապես ազատ արտահայտվելու, ազատ մամուլի և քաղաքական նպատակներով, այդ թվում՝ նաև քաղաքական կուսակցությունների ստեղծման նպատակով, ազատ հավաքվելու և միավորվելու իրավունքների նկատմամբ հարգանքի։ Այս ազատությունների նկատմամբ հարգանքը էական է հատկապես նախընտրական արշավների ժամանակ։ Այս հիմնարար իրավունքների նկատմամբ սահմանափակումները պետք է համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրին, ընդհանուր առմամբ այն դեպքում, երբ դրանք հիմքեր ունեն օրենքով և բխում են ընդհանուր շահերից ու համամասնականության ապահովման սկզբունքից»։
Կարդացեք նաև
Առաջադրված հարցի վերաբերյալ կողմնորոշիչ պետք է հանդիսանան նույն փաստաթղթի 61-րդ կետի մոտեցումները, որով նշվում է. «Փաստն այն է, որ շատ երկրներում կարող են գոյություն ունենալ իրավական սահմանափակումներ խոսքի ազատության նկատմամբ, որոնք զուսպ (սահմանափակ) լինելու պարագայում կարող են պարզապես ընդունելի լինել, բայց կարող են չարաշահումների տեղիք տալ ազատական, ժողովրդավարական ավանդույթներ չունեցող երկրներում։ Տեսականորեն խոսքի ազատության սահմանափակման նպատակն է կանխել խոսքի ազատության «չարաշահումը», օրինակ զերծ պահելու թեկնածուներին ու պետական իշխանություններին պախարակումից, և նույնիսկ պահպանելու սահմանադրական համակարգը։ Գործնականում, սակայն, դրանք կարող են հանգեցնել կառավարությանը քննադատող կամ սահմանադրական կարգի փոփոխությունների կոչ անող ցանկացած հայտարարության հանդեպ ցենզուրայի (գրաքննության) կիրառման, այնինչ խոսքի նման ազատությունն է ժողովրդավարական բանավեճի էությունը։
Օրինակ՝ Եվրոպական չափանիշները ոտնահարվում են այնպիսի ընտրական օրենքով, որն արգելում է վիրավորական և պախարակող արտահայտություններ անել պաշտոնյաների կամ այլ թեկնածուների մասին ընտրարշավի փաստաթղթերում, օրինախախտում է համարում թեկնածուներին պախարակող տեղեկատվության տարածումը և թեկնածուներին պատասխանատվության է ենթարկում նրանց համախոհների կատարած կոնկրետ օրինախախտումների համար։ Պարտադրելը, որ ընտրարշավում օգտագործվելիք նյութերը ներկայացվեն ընտրական հանձնաժողովներին՝ մատնանշելով, թե որ կազմակերպությունն է դրանք պատվիրել և պատրաստել, օրինակների թիվը և հրապարակման ամսաթիվը, ցենզուրայի անընդունելի ձև է, հատկապես եթե ընտրական հանձնաժողովներից պահանջվում է միջոցառումներ ձեռնարկել անօրինական կամ ոչ ճշգրիտ հրապարակությունների նկատմամբ։ Նման ցենզուրայի պարտադրումը խոսքի ազատության ակնհայտ ոտնահարում է, մասնավորապես այն դեպքում, երբ ընտրարշավների ժամանակ մամուլի ոչ ճիշտ օգտագործումն արգելող կանոնները հստակ չեն սահմանված»։
Վերոգրյալի հիմք ընդունմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջադրված հարցի վերաբերյալ ունի հստակ ձևավորված մոտեցում՝ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների, նրանց ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների կողմից իրականացվող նախընտրական քարոզչության բովանդակության գնահատումը՝ չունենալով օրենքով հստակ սահմանված չափորոշիչներ և սահմաններ, կարող է հնարավորություն տալ ամենատարբեր սուբյեկտիվ գնահատականների՝ հանգեցնելով նաև ցանկացած հայտարարության, ինչու չէ նաև քարոզչական նյութի գրաքննության, ինչը միանշանակ անթույլատրելի է:
ՀՀ ընտրական օրենսգիրքը նշված հարցերով որևէ գրաքննություն կատարելու լիազորություն հեռարձակող ընկերությունների համար չի նախատեսում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդգծում է, որ թեկնածուների կողմից հնչեցվող խոսքում, հրապարակային ելույթներում և այլ քարոզչական նյութերում, հնարավոր քրեական պատասխանատվության հանգեցնող կոչերն ու հայտարարությունները կարող են գնահատման առարկա հանդիսանալ իրավապահ մարմինների կողմից և կարող են հանդիսանալ այլ վարույթների առարկա։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով