Կապանում՝ «5165» շարժումը իր նախընտրական քարոզարշավը սկսեց համերգային ծրագրով։ Նշենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում առաջադրված այս ուժն առայժմ միակն է, որ սկզբում համերգային ծրագրով ներկայացավ։
Լեյլա Սարիբեկյանը, Գոհար Հովհաննիսյանը, Ռուբեն Սասունցին ներկայացրին ազգային- հայրենասիրական երգեր։ «5165» շարժման թեկնածու Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ սա զուտ համերգ չէր, այլ ոգեշնչման կոչ։«Ձեզ ոգեւորելու համար էր, որ նաեւ մենք ոգեւորվենք ու ասենք՝ մենք կարող ենք պայքարել թշնամու դեմ եւ հաղթել»,–ասաց նա։
Կարդացեք նաև
Ցուցակը գլխավորող, շարժման վարչապետի թեկնածու Կարին Տոնոյանն էլ նշեց, որ մշակութային մասն իր խնդրանքով է կազմակերպվել։ «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Չերչիլին ասում են՝ բյուջեի սղության պատճառով մշակույթի ծախսերը կրճատել, տվել են ռազմականին, Չերչիլը զայրանում է՝ ասելով, եթե մշակույթ չենք ունենալու, ինչ համար ենք պայքարում։ Մեր մշակույթը մեր ինքնությունն է։ Այսօր ռազմահայրենասիրական այսպիսի երգերը մեզ շատ են պետք, որպեսզի ուղղենք մեր ճկռած մեջքը։ Պիտի հասկանանք, որ հայի ու Հայաստանի միակ ու հզոր երաշխավորը հայն է, ու իր բանակը»,–ասաց Կարին Տոնոյանը։ Վերջինս վստահ է, որ վերադարձնելու ենք Արցախը, մեր տղաների ձեռքից ընկած դրոշը բարձրացնելու ենք Արարատի գագաթը՝ 5165 մետր բարձրության։
Մանրամասները տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ