«Հայաստան» դաշինքի թեկնածու Ալեքսանդր Խաչատուրյանը հունիսի 14-ին ներկայացրեց դաշինքի «Թվային Հայաստան, Հայաստան՝ ապրելու երկիր» տնտեսական ծրագիրը:
«Կառուցվածքային առումով՝ մեր տնտեսական ճգնաժամը բոլոր նախկին տնտեսական ճգնաժամերից չի փոխվել: Մենք ունենք հանքարդյունաբերությունը՝ որպես աճող ոլորտ, ընդ որում Ամուլսարի խնդիրներով հանդերձ հանքարդյունաբերությունը աճում է, որովհետև գներն էին բարձրանում, ընդ որում դեռ բարձրանալու է»,- ասաց Ալեքսանդր Խաչատուրյանը:
Նա նշեց, որ ժողովրդին վստահեցրել էին, որ ամեն ինչ լավ է լինելու, և մարդիկ ըստ այդմ սկսել էին սպառել. «2018 թվականին սպառողական վարկերի ծավալը 37 տոկոսով աճել է: 2019 թվականին սպառողական վարկերի ծավալը 32 կամ 33 տոկոսով է աճել: Մարդիկ լավ սպասումներից, ակնկալիքներից ելնելով գնացին, ասացին՝ հիմա վարկ ենք վերցնում, որովհետև մեզ խոսք էին տվել, որ առաջին տարին 700 միլիոն դոլարով բյուջեն կավելացնեն: Ես չոբան հաշիվ արեցի, ասացի՝ ժողովուրդ ջան, դա նշանակում է, որ ՀՆԱ-ն պետք է կրկնապատկես, որ 700 դոլար, օրինակ, ԱԱՀ-ից ավելանա: Այսինքն՝ ԱԱՀ-ն 20 տոկոս պետք է լինի, 700 միլիոնը 20 տոկոսն է, էդ ինչքա՞ն պետք է 1 տարվա ընթացքում տնտեսությունը ավելացնես, որ 700 միլիոն մնա տակը՝ բյուջե»:
Ալեքսանդր Խաչատուրյանը նկատեց, որ Հայաստանում ներդրումների ծավալը այդպես էլ չմեծացավ: Նրա խոսքով՝ «ժողովրդավարության բաստիոն» լինելը փոխկապակցված չէ ներդրումներ ունենալու հետ. Ռուսաստանում էլ են ներդրումներ լինում, Չինաստանում էլ. «2019 թվականին 140 միլիոն դոլարի կարգի ներդրում ենք ունեցել, դա ծիծաղելի թիվ է»:
Կարդացեք նաև
Նա հավելեց. «Մեր կառավարությունը մեր երկիրը վերջին 3 տարիներին պահել է այնպես, ինչպես մարդիկ կան, որ պարտքը վերցնում են, իրենց համար ինչ-որ անիմաստ բան են առնում, հետո ասում են՝ լավ կլինի: Այ մենք բոլորս դարձել ենք այդպիսինը: Եթե ձեզ թվում է, թե դուք փողը խնայում եք, ներդրումներ եք անում կամ ինչ-որ մի բան երկարաժամկետ պլանավորում եք, այդպես չի, ձեր կառավարությունը ձեզ այդպես չի վերաբերվում, ձեր կառավարությունը ձեր երկրին վերաբերվում է այնպես, ինչպես այն ձեր հարևանը, որի վրա խոսում եք, ասում եք՝ արա՛, մի՛ վերցրու վարկ, եթե չես կարողանալու փակել, քեզ պետք չի 48 մետր քառակուսի բնակարանի մեջ 4 մետր էկրան, պետք չի»:
Նա ընդգծեց, որ «Հայաստան» դաշինքը շեշտ է դրել նոր աշխատատեղերի ստեղծման վրա, քանի որ տպավորություն կա, որ ինչ-որ մի բան սխալ է գնում, քանի որ մարդիկ աշխատանք չունեն. «Մենք ունենք զբաղված աղքատի կոնցեպտ: Մենք այդ աշխատավարձի մասին չենք խոսում, այսինքն՝ զբաղվածությունը ավելացնենք, ասենք՝ այս մարդը այլևս գործազուրկ չի, բայց իրականում ինքն աղքատ է: Մենք հաշվել ենք, մեր ներքին հաշվարկով, շատ նախնական եմ ասում, մոտավորապես 180-200 հազարի մասին է խոսքը, բայց դա դեռ շատ նախնական է: Այսինքն՝ մենք արժանապատիվ աշխատավարձի մասին ենք խոսում»:
Ալեքսանդր Խաչատուրյանը ասաց նաև, որ Հայաստանը շատ հնարավոր է կանգնի պարենային ճգնաժամի առաջ, քանի որ հացահատիկը ներմուծվում էր Արցախից: Իսկ այժմ այդ դաշտերի մեծ մասը այլևս Արցախի տարածքում չէ. «Նույնը ջուրը, նույնը էլեկտրաէներգիան: Ջուրը դեռ չէ, բայց որքանով հասկանում եմ էլեկտրաէներգիան մենք Արցախից էինք ներմուծում: Հիմա մենք ոնց որ տալիս ենք: Ընդ որում, եթե ինձ ճիշտ են բացատրել մեր ենթակառուցվածքը շղթա է, այսինքն՝ վերևից գալիս է, իջնում է ներքև փակում է: Մենք այդտեղ խնդիր ունենք: Բանկերը մոտ 500-600 միլիոնի վնաս են կրել»:
Անդրադառնալով թվայնացմանը՝ Ալեքսանդր Խաչատուրյանը նշեց, որ դա մշակույթի վերափոխումն է. «Մենք վերցրել ենք 6 ուղղություն: Առաջինը խոսել ենք egov-ի մասին, բնականաբար, հետո խոսել ենք ենթակառուցվածքների մասին, հետո խոսել ենք թվային նորարարությունների մասին, ընդհանրապես բիզնեսի մրցունակությունը բարձրացնելու մասին և հետո խոսել ենք ադապտիվ աշխատուժի մասին, ստեղծագործ, այդտեղ էլ բավականին հետաքրքիր գաղափարներ կան: Մենք պարզ է, որ կիբերմիջավայր պետք է ունենանք, վերջին իրադարձությունները դա ապացուցեցին, և բնականաբար, ինստիտուցիոնալ միջավայրը պետք է արդյունավետ լինի: Իմ կարծիքով՝ դա անկյունաքարային է, հատկապես՝ կառավարության դեպքում»:
Նա համոզված է, որ թվայնացումը կարող է կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներից մեկը լինել, քանի որ ըստ նրա, կաշառք շատ դեպքերում տալիս են ոչ թե ապօրինի գործողություններ կատարելու համար, այլ պարզապես ընթացքը արագացնելու համար:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ