Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականների բնակարանային ապահովման հարցը հնարավոր է լուծել 2-3 տարում. Ռոբերտ Քոչարյան

Հունիս 14,2021 22:44

«Արմավիրի մարզում ՋՕՅ-ի ղեկավարը, երբ ասում են էս պոմպը վառվել է, ասում է` բա ջրի մեջ եք գցել, վառվելու է, էլի»,-այսօր Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետ թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը`խոսելով այն մասին, որ գործող իշխանավորները տարրական գիտելիքներ անգամ չունեն այն ոլորտների մասին, որոնք իրենք ղեկավարում են:

«Եթե մենք ուզում ենք քանդել, ապա կադրային քաղաքականության ճիշտ ճանապարհն ենք բռնել: Եթե դասալիքը դառնում է գերագույն-գլխավոր հրամանատար, մենք ի՞նչ ենք ուզում, ուզում ենք հաղթանակնե՞ր ունենանք բանակում: Իհարկե, չենք ունենալու, որտեղի՞ց ունենաս: Էդ մարդը, կադրերը ցույց են տալիս, ավտոմատը վերցրեց, ռաժոկը չէր կարողանում հանել: Սենց`քաշեց, քաշեց, քաշեց, կողքից սերժանտն ասեց`տակին բան կա, դրանից սեղմի. Փրկեց: Գլխավոր հրամանատար է, հեղինակություն է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հարց հնչեց նաեւ 44 օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանին հանձնված տարածքների բնակիչների բնակարանային ապահովման խնդիրների մասին: Այդ տարածքներում 35 հազար մարդ էր ապրում: Նրանցից մի մասը վերադարձել են Արցախ: Մյուս մասը դեռեւս Հայաստանում են: Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ հստակ թվերին չի տիրապետում, սակայն այդ մարդկանց բնակարանային ապահովման հարցը վստահ է, որ 2-3 տարվա ընթացքում հնարավոր է լուծել. «Համահայկական հիմնադրամով այս պատերազմի համար 250-260 միլիոն դոլար գումար է հավաքվել, որից 104 միլիոն դոլարը ծախսվել է անհայտ նպատակների համար, որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել. ես հոգաբարձուների խորհրդի անդամ եմ մնացել, ինձ որեւէ բան չեն տրամադրել եւ որեւէ մեկին չեն տրամադրել: Բայց դեռ մնացել է մի մեծ գումար, որը պետք է ուղղել այդ նպատակին եւ արագ»: Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ՄԱԿ-ի եւ ԵՄ տարբեր ծրագրերով նույնպես հնարավոր է այդ նպատակների համար գումարներ ներգրավվել, պարզապես այդ հարցով զբաղվող է պետք. դա պետք է աներ արտաքին գերատեսչությունը, որի աշխատանքը պարալիզացված է: Ռոբերտ Քոչարյանի հավաստմամբ, ԱԳՆ աշխատանքն արդեն մեկ տարի է պարալիզացված, ուղղակի հիմա արտահայտվեց այսպես, երբ նախարար չկա, փոխնախարարներ չկան: Ըստ երկրորդ նախագահի, փորձառու դիվանագետները չէին համաձայնվում այն քայլերի հետ, որոնք անում էին իշխանավորները, իսկ վերջիններս էլ նրանց էին «հին» համարում: Նա հայտարարեց, որ պատերազմի ժամանակ էլ թույլ չեն տվել, որ մեր դիվանագետներն աշխատեն. «Մեր դիվանագետները չգիտեին, թե ինչ է կատարվում ռազմաճակատում: Իրենք էլ էին մեր ժողովրդի պես կարծում, թե հեսա Գետաշենը վերցրին, հասնում ենք Գյանջա: Եթե դու ընդհանրապես ինֆորմացիայից զրկված ես, ո՞նց կարող ես քո աշխատանքը կազմակերպել»:

Քարակերտում Ռոբերտ Քոչարյանը մանրամասն խոսեց դաշինքի`գյուղատնտեսության զարգացման ծրագրերից, գյուղատնտեսական վարկեր սուբսիդավորման տարբերակներից, վարկային կազմակերպությունների աշխատանքի համակարգումից:

Դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանն էլ ասաց, որ Արմավիրի մարզում նախատեսում են կառուցել 5 ջրամբար: Ըստ նրա` մինչ օրս մարզերը ճիշտ չեն բաշխվել. «Առաջին հերթին Արմավիր ջուր կբերենք: Դա կարեւոր խնդիր է: Կգործարկվի Շիրակ-Արմավիր ջրատարը: Կկառուցվի 5 ջրամբար, ինչը թույլ կտա մոտ 52 000 հա դարձնել կայուն ոռոգվող»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930