Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փաշինյանի վարկանիշը շատ բարձր է, կարծում եմ ՝Քոչարյանն էլ սա շատ լավ հասկանում է»․ Արամ Սարգսյան

Հունիս 14,2021 22:07

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր Գյումրիում կանխատեսումներ արեց, թե Նիկոլ Փաշինյան-Ռոբերտ Քոչարյան մրցապայքարում, որն ավելի շատ վստահության քվե կստանա։

Նա ասաց, որ այս քարոզարշավում իրենց կուսակցությունը չի մերժում ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին, որևէ մեկին չեն փնովում, այլ առաջարկում են իրենց կարգախոսը՝ «Աշխատատեղ և անվտանգություն»։

Ըստ Արամ Սարգսյանի, 21-րդ դարում անվտանգության հիմնական բաղադրիչը տնտեսությունն է։ Վերջինիս համոզմամբ, պիտի օգտագործենք մեր բնական ռեսուրսները՝ հանքավայրերը, մետաղական հանքերը, որովհետև 1-2 տարում Հայաստան լուրջ փողեր բերելու այլ տարբերակ չկա։

«Օֆիկ տոտայի ՀԴՄ-ի կտրոնով բանակ չես պահի։ Մեր առաջարկած տարբերակը տարբերվում է բոլորից, մենք լուծումներ ենք առաջարկում։ Չկա ուրիշ ուժ, որը լուծումներ առաջարկի։ Մենք ասում ենք՝ Հայաստանի քաղաքական իրավիճակը պիտի բալանսավորվի՝ արտաքին քաղաքական ուժեր ներգրավելով, Հայաստանի տնտեսական իրավիճակը պիտի բալանսավորվի հանքարդյունաբերությունը զարգացնելով, ջրային ռեսուրսները ճիշտ կառավարելով։ Մնացածներն ասում են ջրհեղեղ է կամ հրդեհ է, պիտի հանգցվի։ Մնացածներն ասում են ՝ կգնանք, կխոսենք Պուտինի հետ, դե մի բան կլինի»։

Արամ Սարգսյանն ասաց, որ իրենք հուսալի, աշխատող թիմ են, ընտրություններին միայնակ են գնացել հենց այդ պատճառով։ Ըստ նրա, հնարավոր է Ազգային ժողով մտնել մեծ թիմով ու երեք օր հետո ամբողջ դաշինքը տարբեր մասերի բաժանվի, ինչը չի կարելի ասել իրենց պարագայում։

«Մենք գնում ենք խորհրդարան, մեր լինելը խորհրդարանում անհրաժեշտ է ցանկացած իշխանության, որովհետև էդ եղածները կռիվ են անում, թե ով է Վլադիմիր Վլադիմիրովիչին ավելի մոտիկ։

Մենք համարում ենք, որ նրանք, որոնք դաշինքով են գնում, 7 տոկոս հաղթահարելու խնդիր ունեն, այդ թվում նաև երկրորդ նախագահի դաշինքը։ Բոլորը 7 տոկոս հաղթահարելու խնդիր ունեն։

Մենք 5 տոկոսը հաղթահարելու խնդիրը չունենք, երեկոյան ժամերին հետևում եմ քարոզարշավին, տեսնում եմ ու տպավորություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը նորից կարող է 70-72 տոկոս քվե հավաքի, որովհետև այն հավաքները, որ մենք ենք անում, բավականին աշխատանք ենք դնում ու 400-500 մարդ է հավաքվում։ Ինքը մի կոչ է անում, երեկոյան Երևանի ամբողջ փողոցները լցվում են ժողովուրդով։ Ու այստեղ երկրորդ նախագահը փորձում է 7 տոկոսը հաղթահարելով՝ իրեն ցույց տա էդ կռվում ու տպավորություն ունեմ, որ երկու կողմին էլ դա բավարարում է, երկու կողմին էլ ձեռնտու է։

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ տեսեք, եթե ես չլինեմ, ո՞վ է գալու,ուրիշ ժամանակ ինչ է եղել։ Նա էլ ասում է՝ դե ես էն ժամանակ շատ լավ էի, իր հետ էլ կան մարդիկ, որոնք բարեկեցիկ են ապրել, փորձում է էդ ուժերը ներգրավել ու ցույց տալ, որ միակ կրողը, ինչպես ինքն է ասում՝ ինքն է։

Ու էնպիսի տպավորություն կա, մի անեկդոտ կար կատուների մասին՝ երբ որ կատուն կատվին ասում է՝ արի պահմտոցի խաղանք, եթե ինձ գտնես, ես քոնը կլինեմ, եթե չգտնես, պահարանի մեջ կլինեմ, այ էս պահմտոցու նման մի բան է այսօրվա քաղաքական բանավեճը՝ ո՞վ է հաղթելու․ Ռոբերտ Քոչարյանը, թե՞ Նիկոլ Փաշինյանը։

Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ բարձր է , այդտեղ բանավիճելու խնդիրը չկա, ես կարծում եմ Ռոբերտ Քոչարյանն էլ շատ լավ հասկանում է, իսկ մենք մտնում ենք քաղաքական դաշտ՝ բալանսավորելու»,- ասաց Արամ Սարգսյանը։

Ըստ Արամ Սարգսյանի, ընտրողներից է կախված ՝ ինչպիսի Հայաստան են ուզում․ գերտերությունից ամբողջովին կախված, թե՞ արտաքին քաղաքականությունը բալանասավորված։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Իսկ դու ինու՞ ես Փաշինյանի բարձր վարկանիշով ուրախանում, երբ քո վարկանիշը զրոյականին մոտ է և նորից խորհրդարան չես անցնելու: Վազգենի ազատագրած հողերը Նիկոլը թուրքին տվեց, իսկ դու շարունակում ես նրանով հիանալ և 70-72 տոկոս քվե ես նրա համար կանխատեսում: Այդքան ճշգրիտ ես կարողանում կանխատեսե՞լ՝ 2 տոկոս դիապազոնով, լավ է որ չասացիր 70,2-72,4 տոկոս քվե: Ինչքա՞ն ես տարբերվում եղբորիցդ՝ Վազգենը տղամարդ տղա էր, երկիր սիրող, ղզիկին էլ ուղղակի ղզիկ էր անվանում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930