Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հաջորդ 10-15 գերիների վերադարձի հարցը լուծելու է Մեծ Բրիտանիան, ես չգիտեմ՝ ի՞նչ է անում Մուրադովը»․ Արամ Սարգսյան

Հունիս 14,2021 21:01

Այսօր Գյումրու պատմական կենտրոնում՝ Ռիժկովի ճեմափողոցում, Շիրազի, Ռուսթավելի փողոցներում  քարոզարշավ անցկացրեցին «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները՝ գյումրեցիների հետ զրուցելով, քայլերթ անելով ու իրենց բուկլետները բաժանելով։

«Հանրապետություն» կուսակցության  նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ երկրորդ անգամ են Գյումրիում, նախորդ անգամ հորդառատ անձրև է եղել ու չեն կարողացել փողոցներում քայլել, մարդկանց հետ կիսվել, բավարարվել են իրենց գրասենյակում համախոհների հետ հանդիպելով։ Այդ պատճառով էլ որոշել են մի արևոտ օր գալ ու գյումրեցիների հետ հանդիպել։

Նախքան այսօրվա քարոզարշավը «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Արտակ Զեյնալյանը հանդիպել էր  շիրակցի գերիների  հարազատների հետ։

Ինչպես մեզ հետ զրույցում պարզաբանեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, գերիների հարազատները  ցանկություն էին հայտնել պարտադիր հանդիպել  Արտակ Զեյնալյանի հետ՝ գերիների պահման ու հայրենադարձման խնդիրների հետ կապված։

«Բնականաբար այն  նաև քաղաքական հարթություն ունի։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը գերիներով առևտուր է անում, այս առումով պիտի օգտագործենք բոլոր հնարավորություններն ՝ արտաքին քաղաքականից մինչև իրավական, մինչև մեր բարեկամների կամ Ադրբեջանի բարեկամների հետ կոնկրետ աշխատանքը։

Պիտի ասեմ, որ  հենց պատերազմից հետո գերեվարված գերիների առումով  ես և Արտակ Զեյլնալյանը եղել ենք Հայաստանում գործող արևմտյան բոլոր դիվանագիտական կենտրոններում։  Եղել ենք նաև Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, նոր դեսպանը դեռ  չէր եկել,  դեսպանորդն էր դեռ, ներկայացրել ենք իրենց գերիների ցանկը։ Իրենց նաև ասել ենք ՝ գիտենք, որ իրենք Թուրքիայի և Ադրբեջանի բարեկամն են, մեծ ներդրումներ ունեն այնտեղ կատարած։ Շատ դեպքերում հումանիտար խնդիրները հումանիտար ճանապարհով՝  բարեկամների միջոցով , հորդորով լուծելը շատ ավելի արագ ու հեշտ է լինում։ Եվ խնդրում ենք իրենց նաև  իրենց այդ լծակներն օգտագործել, որովհետև խնդիրը հումանիտար է։ Եվ պիտի ասենք, որ գոհ ենք այդ աշխատանքից։

Ի զարմանս ինձ՝ իրենք շատ լավ են աշխատում, վերջին գերիները՝  15-ը, Միացյալ Նահանգների, Պետդեպարտամենտի  աշխատանքն է ամբողջությամբ»։

Դիտարկմանը, թե մեծ քննադատություններ հնչեցին, որ Աղդամի ականապատ տարածքների դիմաց կարելի էր ավելի մեծ թվով գերիներ ստանալ, Արամ Սարգսյանն ասաց․

«Գիտեք, այս խնդիրն Ադրբեջանն անում է պարզ առևտրով, եթե ինքը համաձայնվում է ԱՄՆ-ին 15 գերի վերադարձնել, ինչ-որ բան պոկում է Միացյալ Նահանգներից։  Մենք էլ պիտի փորձենք աշխատել առևտրով։

Ցավոք, մեր իշխանություններն առևտուր անում են միայն Ռուսաստանի հետ, ու Ռուսաստանն այդ առևտրում ոչինչ չի անում։ Տեսականորեն եռակողմ ստորագրված փաստաթղթում  հիմնական արբիտրը, դատավորը պետք է լիներ Ռուսաստանը և այս խնդիրը պիտի շրջանառությունից դուրս եկած լիներ։ Բայց Ռուսաստանը իր ցանկացած հայտարարության վերջում նշում է տարանցիկ ճանապարհների խնդիրը, որը տվյալ փաստաթղթի 9-րդ կետն է և տպավորություն կա, որ իրեն միայն շահագրգռում է դա և որևէ բառ չի ասում գերիների մասով։

Ավելին, ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը Իլհամ Ալիևի ներկայությամբ , երբ Իլհամ Ալիևը հայտարարում է՝ մենք բոլոր գերիներին վերադարձրել ենք, գերիներ չունենք, ոչինչ չի ասում։ Այս պարագայում մենք համարում ենք, որ ռուսների հետ գերիների մասով աշխատելն անհեթեթ է։

Եվ իմ կարծիքով, պարոն Զեյնալյանն ու իր գործընկերը շատ ավելի կարևոր և լուրջ աշխատանք են կատարում, քան այդ ամեն ինչն արվում է ռուսների հետ, որովհետև, երբ որ իրենք նույնականացնում են գերուն հարազատների հետ, էդ թղթերը կազմում են, ուղարկում են Եվրադատարան։  Եվրադատարանը, երբ էդ վերցնում է վարույթ, բնականաբար, Ադրբեջանը  հաջորդ օրն իսկ հետ է  տալիս, որովհետև գիտի՝ այդ վարույթում պարտվելու է, որովհետև  ըստ ժնևյան կոնվենցիայի՝ գերիները պիտի վերադարձվեն, իսկ պարտությունը և պատիվ չի բերում և պարտության դեպքում գումար պիտի փոխանցի», -ասաց Արամ Սարգսյանը։

Ըստ Արամ Սարգսյանի՝ Արտակ Զեյլանյանը վստահ է՝ բոլոր գերիները վերադառնալու են, ուղղակի դա ժամանակի հարց է։

«Ինչքան Ադրբեջանը երկար ձգի ժամանակն, այդքան  ավելի շատ գումար է վճարելու էդ գերիների ընտանիքներին»։

Խծաբերդից գերեվարվածների հետ կապված Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նրանց անուն-ազգանուններով ամբողջությամբ  փոխանցված է, և Ադրբեջանը  պատասխանատու է նրանց անձի համար։

«Եթե ինչ-որ բան լինի նրանց, դա քաղաքական լուրջ սկանդալ  կառաջացնի և Կարմիր Խաչով էլ վերահսկվում է»,- ասաց Արամ Սարգսյանը։

Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ Բաքվում դատվող գերիների տվյալները իրենք ներկայացրել են ԱՄՆ դեսպանատուն՝ դեսպանի քաղաքական գծով տեղակալին, նաև ՄԵծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի դեսպանատներ։

«Ֆրանսիան բացարձակ բարեկամ երկիր է ու օրուգիշեր աշխատում է  ու բացի շնորհակալությունից՝ ուրիշ բան ասել չենք կարող։ Վերջին՝ 15 գերու խնդիրը լուծել է Միացյալ Նահանգները։ Ես համոզված եմ, որ հաջորդ 10-15-ի խնդիրը լուծելու է Մեծ Բրիտանիան, որը հիմա աշխատում է։ Վերջնական ամբողջի խնդիրը լուծելու է Ֆրանսիան, ի՞նչ է անում Մուրադովը կամ Ռուսաստանը, ես չգիտեմ», -ասաց Արամ Սարգսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930