Լրահոս
Օրվա լրահոսը

«15 գերիներից մեկը պատմեց՝ վերջին անգամ իրենց ասել են՝ հագնվեք, ձեզ տանում ենք մորթենք. միայն ավտոբուսում մինչև չեն հասել Վրաստանի սահման, չեն իմացել՝ ինչ է լինելու». Նաիրա Զոհրաբյան

Հունիս 14,2021 20:20

Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ խոսել է 15 տղաներից մեկի հետ ու փոխանցեց, թե նա ինչ է պատմել:

«Երբ ես վերադարձա ապրիլին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանից,  հրապարակեցի տեղեկատվություն, որ քարոզարշավի վերջին շաբաթում Ալիևն ազատ է արձակելու որոշակի թվով ռազմագերիների»,- «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրեց կոմիտեի անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա հայտնեց՝ այդ տեղեկատվությունն իրեն տրամադրել էին ԵԽԽՎ եվրոպացի պատգամավորները, որոնց էլ ասել էին ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները:

Սակայն Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ իրենց ասել էին, որ վերադարձվելու են 20-25 գերիներ, իսկ թե ինչու 15-ը վերադարձվեցին տեղեկություն չունի:

Նա վրդովվեց. «Նիկոլ Փաշինյանը հիմա ամենացինիկ ձևով օգտագործում է գերիներին սեփական փիառն անելու համար: Ապրիլյան նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի պատվիրակության անդամների բոլոր ելույթներն այն մասին էին, որ եթե վերադարձնեք ականապատ տարածքների քարտեզները, մենք կքննարկենք գերեվարված անձանց ազատ արձակումը: Հիմա հարց՝ Նիկոլ Փաշինյան, ամիսներ շարունակ Ադրբեջանը պահանջում է ականապատ տարածքների քարտեզը, դուք չեք տվել, տղաներն ամեն օր մնացել են գերության մեջ: Չեք տվել, որպեսզի ձեր քարոզարշավի պիկին տաք Ակնայի՝ 57 հազար ականների տեղակայման քարտեզը և դրա դիմաց ձեր ընտրական բոնուսները ապահովեք: Միայն հայատյաց մարդը կարող էր նման բան անել»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ խոսել է 15 տղաներից մեկի հետ ու փոխանցեց, թե նա ինչ է պատմել. «Պատմում էր՝ վերջին երկու ամսում իրենց ամեն շաբաթ ասում էին՝ հագնվեք, ձեզ տանում ենք արտահանձնենք ՀՀ-ին, տանում մեզ ծեծում, վերադարձնում էին: Վերջին անգամ ասել են հագնվենք, ձեզ տանում ենք մորթենք: Պատմում է՝ ավտոբուսում նստած մենք մինչև չհասանք Վրաստանի սահմանը, չգիտեինք՝ մեզ հետ ինչ է լինելու: Եվ այս մարդը՝ Նիկոլը, կանգնում, ցինիկաբար հայտարարում է՝ ոչինչ, մեր տղերքը, որ Բաքվի բանտում պայքարում են ՀՀ անկախության համար, մեկ-երկու ամիս էլ կսպասեն: Այսինքն, եթե ականապատ տարածքների քարտեզները տրամադրեին ամիսներ առաջ, այդ տղաները շատ ավելի շուտ կլինեին տանը: Ինչո՞ւ հունիսի 12-ին, քանի որ Ալիևը հայտարարեց՝ հունիսի 12-ը հռչակում է Աղդամի ազատագրման օր: Այնքան կենսական կարևորության էին իր համար ականների քարտեզները: Գալիս էի այստեղ, ինձ զանգեց ռազմագերիներից մեկի եղբայրը ու հարցրեց՝ լավ, տվեց քարտեզները, բա մեր հարազատների համա՞ր ինչ է տալու: Պիտի անունդ տամ, Տիգրան, չգիտեմ, Տիգրան, թե քո եղբոր ու մնացածների հարազատների համար ինչ է տալու Նիկոլը: Միգուցե տալու է անկլավները Տավուշի, տալու է  Տիգրանաշենը, միգուցե այն ամենը, ինչ ուզում է Ալիևը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930