Այսօր ռուս-հայկական միջազգային «Լազարեւյան ակումբի» չորրորդ հանդիպմանը ռուսաստանաբնակ՝ Սոչիի մի հայ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին հարցրեց՝ ի՞նչ արեցիք դուք մեր հայրենիքի հետ. «Նախկին ու ներկա նախագահները նախեւառաջ պետք է ներողություն խնդրեն ժողովրդից, որովհետեւ իրենց իշխանավարման օրոք չեն արել, ինչ պետք էր, պատերազմի ժամանակ Արցախում նույնիսկ խրամատներ չկային, որպեսզի զինվորները կարողանային թաքնվել եւ ավելի քիչ զոհեր ունենայինք: ՀՀ իշխանությունների գործունեության արդյունքում ավելի ու ավելի կրճատվեց հայրենիքի տարածքները:
Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը հարցից բարկացավ ու դիտողություն արեց, թե քաղաքական ելույթ մի ունեցեք, հարց տվեք. «Ես հարյուր անգամ եմ եղել Արցախում, եղել եմ սահմանային բոլոր կետերում, եւ նման հիմարություններ ասել, որ խրամատներ չկային եւ այլն, դա նշանակում է կրկնել այն անհեթեթությունը, որը չգիտեմ ով է տարածում: Պետք է այնտեղ լինել ու սեփական աչքերով տեսնել՝ ինչ կար ու ինչ չկար»։
Բակո Սահակյանն էլ պատասխանեց, որ իրենք պատրաստ են քննադատություններ լսել, բայց պատրաստ չեն պրովոկացիոն ելույթի. «Դրանք իրականությանը չեն համապատասխանում: Դուք անարգում եք մեր նախնիներին նաեւ դրանով»:
Իսկ Արկադի Ղուկասյանն արձագանքեց. «Երբ պարտվում ես, որպես կանոն, սկսում են մեղավորներ փնտրել։ Շատ հեշտ է ամեն ինչ բարդել նախկին իշխանությունների վրա կամ հիշել նաեւ ԽՍՀՄ-ը։ Ես ձեզ հավատացնում եմ, 30 տարի ե՛ւ բանակը ամրացվել է, ե՛ւ զենքեր են գնվել, Ղարաբաղի ամբողջ սահմանին խրամատներ են եղել։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ արեցիք դուք մեր հայրենիքի հետ՝ մենք պատրաստ ենք դա ընդունել, քանի որ մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում։ Բայց հարց է ծագում՝ դո՞ւք ինչ եք արել: Այս տարիներին ընդունված էր կենացներ ասել, խմել զինվորների կենացը, գովաբանել արցախցիներին, որ փրկեցին մեր ազգի պատիվն ու հաղթեցին պատերազմը, պետություն են կառուցում եւ այլն։
Բայց պետք էր հասկանալ, որ այդ ամենը պահպանելու համար Արցախի խնդիրը չպետք է լիներ միայն Արցախի կամ նույնիսկ միայն Հայաստանի ու Արցախի խնդիր: Այն պետք է լիներ ամբողջ հայ ազգի խնդիրը։ Ի՞նչ է արել հայերից յուրաքանչյուրը, որ մենք կարողանայինք պահպանել այն, ինչ հաղթել էինք պատերազմի ընթացքում: Մինչեւ այդ գիտակցումը չլինի, որ դա ողջ հայ ժողովրդի խնդիրն է… մեր քաջ զինվորների կենացը խմելը հեշտ է: Իսկ թե ինչ է եղել՝ մենք այդ հարցերի պատասխանը կստանանք, հեշտ է դա գցել նախկին իշխանությունների վրա: Այս տարիներին Ադրբեջանը փորձեր էր անում ու ձախողվում»։
Արկադի Ղուկասյանը, խոսելով բալանսի փոփոխության մասին, ասաց, որ Բայրաքթար նրանք ձեռք են բերել 2020-ին. «Եթե մեր ներողությունները ինչ-որ բան կարող են փոխել այս իրավիճակում….բայց ես կարծում եմ, որ մենք պետք է սկսենք այլ կերպ մտածել ու ապրել: Մենք պիտի հասկանանք, որ ինչ կատարվում է Արցախում, Հայաստանում կամ մեր երկրի ցանկացած անկյունում, վերաբերում է բոլորիս, մենք մի ազգ ենք: Ու թող ամեն մեկը իրեն այդ հարցը տա՝ ի՞նչ է արել դրա համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ