Լրահոս
Օրվա լրահոսը

«10-ը տարի Քոչարյանը տանում-բերում էր, եւ այլեւս ոչ մի անգամ չհասավ այն կետին, որ Ադրբեջանը որեւէ ծրագրի համաձայնվի»․ Զուրաբյանը ԱԽ նիստից դրվագ է պատմում

Հունիս 14,2021 19:01

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն այսօր Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ մի դրվագ պատմեց 1998 թվականին տեղի ունեցած անվտանգության խորհրդի հայտնի նիստից, որին նաեւ պարոն Զուրաբյանն է մասնակցել։

Նրա պատմելով՝ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ նիստին մի փաստաթուղթ էր բերել, որն ըստ էության, Ադրբեջանի կապիտուլյացիան էր․«Որովհետեւ Ադրբեջանը համաձայնվում էր, որ մենք  պետք է հետ քաշվեինք մի քանի շրջաններից, իրենք էլ պետք է հետ քաշվեին, եւ այդ ազատ տարածքում պետք է  խաղաղապահ զորքեր գային, լիներ կատարյալ ապառազմականացում։ Ամենակարեւորը՝  սա մի փաստաթուղթ էր, որն Ադրբեջանը պատրաստ էր ստորագրել, որով  ընդունում էր, որ տարածքային ամբողջականության սկզբունքը չի ամրապնդվում խաղաղության ծրագրում, այսինքն, Ղարաբաղի կարգավիճակի հարցում որեւէ վճիռ չի կայացվում, բայց այդ ծրագիրը պետք է ստորագրեին Ադրբեջանը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, եւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է բանակցվեր Հայաստանի- Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ՝ մինչեւ ապագա բանակցությունները։

Ղարաբաղը համարյա ճանաչվում էր միջազգային իրավունքի սուբյեկտ։ Եւ ահա այս վիճակում  ի՞նչ արեցին  Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը եւ այլոք, Սամվել Բաբայանն էլ էր այնտեղ, Ղարաբաղի ամբողջ ղեկավարությունն էր այնտեղ։ Իրենք բերեցին մի փաստաթուղթ, ասացին՝ այս կապիտուլյացիան մեզ քիչ է, դրեցին մի փաստաթուղթ ու ասացին՝ մենք պետք է հասնենք նրան, որ Ղարաբաղը ոչ  թե լինի այդ տարածքով, այլ շատ ավելի մեծ՝ 8,5 հազար կիլոմետրով։ Սա ավանտյուրա էր, որովհետեւ ոչ միջազգային հանրությունը, ոչ Ադրբեջանը պատրաստ չէին նման բան տալու։ Բայց իրենք պնդեցին, եւ հիմա պետք է պատասխանատուն, առաջին հերթին՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դուք  վիժեցրել եք մեզ համար նպաստավոր խաղաղությունը, որը կապիտուլյացիան էր Ադրբեջանի, փոխարենը խոստացել եք այլ ծրագիր,  այդ ծրագիրն ի՞նչ եղավ, դուք դրան հասա՞ք։ Բացարձակապես։ Տասը տարի Ռոբերտ Քոչարյանն էր տանում- բերում, եւ այլեւս ոչ մի անգամ չհասավ այն կետին, որ Ադրբեջանը որեւէ  ծրագրի համաձայնվի։ Տասը տարի Սերժ Սարգսյան էր տանում, բերում, իսկ Նիկոլ Փաշինյանը այս ամենը կործանեց արագացված ռեժիմով»։

Պարոն Զուրաբյանի խոսքով․ «Էդ որ խոսում էինք ուղեղային մորմոքի  մասին, շատ իրարից չեն տարբերվում, նույն բանն է՝  հեքիաթներին հավատալը, նույն արկածախնդրությունն է՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան։  Հայաստանը գնաց շատ սխալ ճանապարհով, արկածախնդրության ճանապարհով եւ մենք պարտվեցինք, մեզ պետք է նորից դառնալ հաղթող ազգ, իսկ դրա համար մենք պետ է գանք քաղաքական իրատեսության ճանապարհի վրա։ Սա ենք առաջարկում։

Սա Տեր-Պետրոսյանի անձնական հարցը չէ, 76 տարեկան մարդ է, ինչո՞ւ է ուզում մտնել այս պայքարի մեջ։ Մի պարզ պատճառով՝ եթե ինքը տեսներ, որ իրենից բացի գոնե մեկը կա, որը այդ սթափ դատողությունն ունի եւ կարող է Հայաստանին ապահովել այդ բաղձալի խաղաղությունը, մի րոպե մի կասկածեք,  ինքը չէր մտնի պայքարի մեջ։ Ինքը  տեսնում է, որ պատմականորեն ինքը ճիշտ դուրս եկավ եւ քաղաքական ռեալիզմի իրատեսության ողջախոհության ուղուն վերադարձի այդ առաքելությունն էլի դրված է իր ուսերին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930