Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեւավորվելիք Ազգային ժողովը լինելու է աննախադեպ վտանգավոր, անգործունակ, վրիժառությամբ լի». Մհեր Տերտերյան

Հունիս 14,2021 18:30

«Միասնական հայրենիք»  կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը մտավախություն ունի, որ առաջիկա ընտրություններում ձեւավորվելիք Ազգային ժողովը լինելու է «աննախադեպ վտանգավոր, անգործունակ, վրիժառությամբ լի եւ մեր երկիրն էլ ավելի է մտնելու ճգնաժամի մեջ: Նա այդ մասին ասաց Արմավիրի մարզում՝ բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Մհեր Տերտերյանի խոսքով, որեւէ օրենսդրական նախաձեռնություն ԱԺ-ում չի անցնելու, վարչապետ չենք կարողանալու ընտրել: Ասաց, որ այդ պատճառով Հայաստանի քաղաքացիներին այլընտրանք են առաջարկում: Նրա խոսքով բոլոր ոլորտների բացերն ուսումնասիրել են եւ կազմել ճանապարհային քարտեզ՝ ինչպես լուծել բոլոր այդ խնդիրները:

Մհեր Տերտերյանի խոսքով չեն ուզում որեւէ մի քաղաքական ուժի քննադատել, այլ բոլոր ռեսուրսներն ու աշխատանքն ուղղելու են երկրի զարգացմանը՝ վաղվա օրը կերտելու նպատակով. «Ոնց ենք մենք պատկերացնում Հայաստանի տնտեսական զարգացումը, ոնց ենք զբաղվելու բանակաշինությամբ, ոնց ենք ավելացնելու եւ բարձրացնելու անվտանգությունը, ոնց ենք զարգացնելու գյուղատնտեսությունը, ինչպես ենք հարաբերություններ ստեղծելու մեր հարեւան երկրների հետ: Ինչպես ենք կարգավորելու եւ ինչպիսի մոտեցում ունենք Արցախի հարցի վերաբերյալ»:

ՄԻՀԱԿ-ի՝ «Միասնական հայրենիք»  կուսակցության ընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Տիգրան Պարսամյանն անդրադարձավ գյուղատնտեսական խնդիրներին: Նրա խոսքով Արմավիրի մարզում կան անմշակ հողատարածքներ, ինչը Հայաստանի նման փոքր երկրի համար մեծ շռայլություն է. «Սա ակնհայտ դարձավ 44-օրյա պատերազմի ժամանակ: Ազատ հողատարածքները չմշակելով, մենք ինքներս վտանգում ենք մեր պետականությունը եւ վտանգում ենք մեր հայրենիքի պաշտպանությունը: Պետք է հասկանանք, որ նույն գյուղատնտեսությունը համարվում է  մեր անվտանգության նախապայմաններից մեկը: Վերջին պատերազմի ժամանակ մենք հասկացանք, որ ունենք շատ պրիմիտիվ խնդիրներ՝ նույն սահմանների հետ կապված: Պատերազմի օրերին հասկացանք, որ դժվարացել է ապրանքների ներկրումը Հայաստան եւ այդ պատճառով մենք պետք է ունենանք գյուղատնտեսական ապրանքների, պարենային ապրանքների պաշարները: Որովհետեւ, շրջափակման ժամանակ ամեն երկիր պետք է ունենա իր անվտանգության բաղադրիչը»:

Տիգրան Պարսամյանն ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մարզերում գյուղատնտեսական  ուսուցողական ծրագրերի  անհրաժեշտություն կա: Նրա կարծիքով, գյուղացու խնդիրները լուծելու եւ ծրագրերն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է կրկին ունենալ գյուղատնտեսության նախարարություն. «Գյուղացու խնդիրները շատ-շատ են, մարդն աճեցնում է խաղող, բայց չգիտի՝ ինչ գնով են մթերելու: Նա ունի 10 հեկտար եւ չգիտի այդ տասը հեկտարն էլ մշակի՞ թե՝ երկու հեկտարը: Պետք է մոնիտորինգ արվի: Գյուղացին պետք է մտածի՝ ամեն կտոր հողն էլ պետք է մշակվի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930