Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ աչքի առաջ կա, թե ինձ ով պիտի փոխարինի». Ռոբերտ Քոչարյան

Հունիս 14,2021 18:08

«Իմ աչքի առաջ կա, թե ինձ ով պիտի փոխարինի: Չեմ ուզում անուններ ասել, ժամանակը կգա եւ կհասունացնենք: Բայց դեռ չսկսած՝ ինձ արդեն փոխարինող եք ման գալիս»,- ասյօր Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում, նախընտրական հանդիպման ժամանակ պատասխանելով քաղաքական սերնդափոխության մասին հարցին, ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից Արմանուշը, որը 4-օրյայում ամուսնուն ու եղբորն է կորցրել եւ Մեծամորում է սեպտեմբերի 27-ից հետո, հույս հայտնեց, որ կվերադառնա Հադրութ եւ հետաքրքրվեց՝ ի՞նչ ծրագրեր ունի դաշինքը իր ընտանիքի կարգավիճակում հայտնված ընտանիքների համար: Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ հատուկ նշանակություն են տալու այդ հարցերին եւ նախատեսում են հատուկ նախարարություն ստեղծել, այն, հավանաբար, կկոչվի վետերանների նախարարություն: Նոր կառույցը կզբաղվի եւ զոհվածների ընտանիքների հարցերով, եւ հաշմանդամների ու վիրավորների վերականգնողական խնդիրներով, քանի որ սոցիալական ապահովության նախարարությունն ի վիճակի չի այդ ամբողջը «մարսել»: «Շատ մեծ բեռ է ընկնում տնտեսության վրա, բայց եթե այդ բեռը մենք չհաղթահարենք, ուղակի անբարոյական պետություն կդառնանք»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հարց հնչեց նաեւ տեսախցիկների վերացման մասին, ինչը խոստացել եւ չէր արել Նիկոլ Փաշինյանը: Ռոբերտ Քոչարյանը նախ նկատեց, որ այս իշխանության օրոք այդ տեսախցիկները մի բան էլ ավելացել են, տուգանքներն էլ հետը. «Այս իշխանությունը երեք ամսում ավելի շատ մարդ է տուգանել, քան իմ իշխանության տասը տարիների ընթացքում»: Ապա Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ տեսախցիկները երթեւեկության անվտանգության հանգամանք են, ուստի տուգանքը պետք է ողջամիտ հարաբերակցության մեջ լինի նվազագույն աշխատավարձի չափի հետ, որպեսզի մարդիկ բեռի տակ չհայտնվեն. «Առաջինը`դադարեցնելու ենք այդ լրացուցիչները, որ շարեցին: Բիզնես են դարձրել: Այդ գործը աշխարհում որեւէ տեղ բիզնես չի դիտվում, մեզ մոտ դարձրեցին, որովհետեւ շահութաբեր է, շահույթ ստանալու ինչ-որ բան կար: Մասնավորին էին պատվիրակել այդ լիազորությունը եւ շարեցին, գումարը մեծ դրեցին, հիմա քերթում են: Ամբողջ կոնցեպտը վերանայելու ենք: Պետությունը չպիտի շահագրգռված լինի շատ մարդ տուգանելու եւ տուգանում էին: Հիմքը պիտի փոխենք, լավ հիմքի վրա չի դրվել այդ գործը, մարդկանց տուգանելով չպիտի մտածես, որ բյուջե ես լցնում»: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, ներդրվելու է աշխարհում գործող մոդել, ըստ որի գանձվող գումարը մտնելու է տվյալ բնակավայրի բյուջե, որը ծախսվելու է հենց երթեւեկության կանոնակարգման վրա եւ հաշվետվություն է ներկայացվելու այդ մասին:

Ռոբերտ Քոչարյանը պատմեց, որ իր արտասահմանյան ճամփորդությունների ժամանակ մեքենա է վարձել եւ շրջագայել. Տեսախցիկների չի հանդիպել, բայց տուգանքներ եղել են. «Ամենամեծ տուգանքը եղել է 15-18 եվրո, բայց այն ժամանակ Գերմանիայում նվազագույն աշխատավարձը եղել է 1200 եվրո: Եթե համեմատենք մեզ մոտ տուգանքի չափն ու նվազագույն աշխատավարձի չափը`ուղակի էդ մարդու երեխու հացը ձեռքից խլում ես: Ոչ թե դաստիարակում ես, սպանում ես: Դաստիարակելն ուրիշ է`թեթեւ մի ապտակ, ոչ թե մի բան վերցնես ու մարդու գլխին տաս»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930