«Մութ ու ցուրտ տարիներն են հիշեցնում․․․ ես 1991 թվականից այդ թիմում եմ եղել, ամեն ինչ տեսել եմ, տեղյակ եմ, այո, մենք շատ ահավոր օրեր ենք տեսել, տեսել ենք՝ փակված ատոմակայանի ատոմային ռեակտորի պահմանման համար էլեկտրաէներգիան արդեն չէր բավականացնում եւ կար պայթյունի վտանգ։ Տեր-Պետրոսյանը շատ կարեւոր քայլեր կատարեց, որ այդ հարցը լուծվի։ Մենք տեսել ենք կատարյալ բլոկադա, կառավարության կեսը գնում էր Փոթիից Խաշուրիի կայաններում ավազակներին կաշառք մուծում, որ մեր հացն ու մազութը կարողանան անցկացնեն, բերեն Հայաստան։ Մենք այդ վիճակում հաղթել ենք մեզանից 4.2 անգամ տնտեսապես ավելի ուժեղ հակառակորդին՝ Ադրբեջանին։ Հաղթել ենք բլոկադայի, երկրաշարժի հետեւանքների, փախստականների մեծ քանակի դեպքում», – այսօր Կոտայքի մարզում Հայ Ազգային Կոնգրեսի քարոզարշավին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։
Նա հիշեցրեց՝ այդքան շահարկվող մութ ու ցուրտ տարիներին Ղարաբաղում էլեկտրաէներգիայի շուրջօրյա մատակարարում կար․ «Գիտե՞ք ինչու է այդպես մնացել՝ մութ ու ցուրտ, որովհետեւ մենք այն ժամանակ, այդ թվում՝ ես, Լեւոն Տեր-Պետրոսյանին համոզում էինք ինչ-որ փողեր տրամադրել պրոպագանդային, հեռուստատեսությանը, հատուկ տեսահոլովակներ պատրաստենք, բացատրենք ժողովրդին։ Իր պատասխանն է միշտ եղել՝ ես ավելի լավ է մի տանկ ավել առնեմ, քան մի կոպեկ փող ծախսեմ պրոպագանդայի վրա։ Մեր թիմում «Все для фронта! Все для победы!» կարգախոսն էր գործում։ Մենք հասկանում էինք, որ ժողովուրդը զրկվում է շատ բաներից, դա անում էինք, որովհետեւ մենք շատ լավ հասկանում էինք՝ եթե այդ պատերազմը չհաղթենք, մենք որպես ազգ չենք կայանալու, մենք պրծնելու ենք որպես ազգ, Ադրբեջանը Ղարաբաղի բնակչությանը բնաջնջելու էր։ Մենք շատ լավ հասկանում էինք պարտության գինը։ Իսկ ի՞նչ արեց այս իշխանությունը պատերազմում, նա այդպես չվարվեց։ Պարտության պատճառներից էր, որ այս իշխանությունը պետական կազմակերպչական ամբողջ ջանքը չուղղեց պատերազմի լուրջ վարմանը։ Ղարաբաղը դարձրել էին սելֆի անելու տեղ, նախարարներով ջոկատներ էին սարքում, թե ձեր ջոկատներն ինչ կարային տային, ամոթ էլ էր։ Ասում էր՝ կուսակցական ջոկատներ կազմեք, գնացեք կռվեք։ Մենք 91-94 թվին ֆիդայական ջոկատները կազմավորեցինք պետական կանոնավոր բանակի մեջ։ Սրանք հետդարձ են կատարում, սա պետական մտածողություն չէ, եւ այս ամենի վերջը շատ արագ պետք է տալ, այլապես մենք պետություն ենք կորցնում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ