Լրահոս
Օրվա լրահոսը

«Անելու ենք ամեն ինչ` ՀԱԷԿ-ի կյանքը երկարացնելու համար». Ռոբերտ Քոչարյանը Մեծամորում էր

Հունիս 14,2021 17:40

«Նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնությունից հետո, երբ մարդիկ ինչ-որ կերպ փորձում էին իրենց անհամաձայնությունը հայտնել, ԲԷՑ տնօրենի տեղակալին եւ ֆինանսական բաժնի պետին, որոնք իմ եղբայրներն են, ազատել են աշխատանքից, մեկնաբանություն գրելու համար»,- այսօր Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի տանը կայացած նախընտրական հանդիպման ժամանակ դիմելով «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ասաց ՀԱԷԿ աշխատակից Սարգիս Մարտիրոսյանը: Նա հույս հայտնեց, որ երկրորդ նախագահի թիմը նման գործելաոճ չի որդեգրի եւ տեղ կտա մասնագետներին, ինչը ոլորտի ներկայիս պատմաբան նախարարը չի անում:

Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց՝ աշխատանքից բազմաթիվ ազատումներ են եղել`քաղաքական դրդապատճառներով, նաեւ քրեական գործեր են հարուցվել եւ հայտարարեց. «Այդ ամենը վերանայվելու է եւ այն մարդիկ, որենք ազատում էին քաղաքական ենթատեքստով, այդ մարդիկ իսկապես պատժվելու են, արժանի են պատժվելու: Մենք ոստիկան ունենք, երիտասարդ մի սպա է ոստիկանության, ինչ-որ մի լայք դնելու համար հաջորդ օրն ասում են՝ դիմումդ գրի, գնա»:

«Մենք անելու ենք ամեն ինչ`ՀԱԷԿ-ի կյանքը երկարացնելու համար»,- պատասխանելով ՀԱԷԿ-ի աշխատակցի հարցին, ասաց Ռոբերտ Քոչարյանը: Նա հիշեցրեց, որ ժամանակին ՀԱԷԿ-ը փակման եզրին էր եւ միջազգային վարկերից մեկն էլ ուղղակի վերաբերում էր դրան, սակայն, կանգնեցրել են այդ ծրագիրը, այլ գումարներով ՀԱԷԿ-ի 5-րդ բլոկի կառուցումը հասցրել ավարտին:

Ավելի ուշ հարց հնչեց նաեւ ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման մասին, ինչի շուրջ խոսակցություններն արդեն տասնամյակի պատմություն ունեն: Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ եթե խոսքը մասնավոր ներդրումների մասին է, ապա նման ծրագիր հնարավոր չի լինի կյանքի կոչել, քանի դեռ չկան պայմանագրեր հոսանքի գնորդների հետ, քանի որ նոր ԱԷԿ-ի արտադրած հոսանքն ավելի թանկ է լինելու`պայմանավորված ամորտիզացիայի խնդիրներով: Նման հարց օրակարգում կարելի է ունենալ, եթե հոսանքը հնարավոր լինի վաճառել նաեւ Հայաստանից դուրս, քանի որ արդեն այսօր մենք Հայաստանում գեներացիայի ավելցուկ ունենք: Այլապես, ոչ բլոկի կառուցումը, ոչ գումարներ գտնելը խնդիր չեն ներկայացնում: Իսկ մինչ այդ, ըստ Ռոբերտ Քոչարյանի, ուշադրության կենտրոնում պետք է լինի ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման ժամկետ, դրա երկարացման հնարավորությունները:

Սարգիս Մարտիրոսյանն, ի դեպ, հայտարարեց, որ տարբեր համայնքներում մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական հանդիպումներին, էլի մասնակցելու է ու դա անում է ինքնակամ:

Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ արդեն ուժի մեջ մտած համաձայնագրով նախատեսվում է էլեկտրաէներգիայի այլընտրանքային ծրագրեր եւ ՀԱԷԿ-ի փակում:

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իր գնահատմամբ ՀԱԷԿ-ում աշխատատեղերը քիչ են եւ Մեծամորում, հատկապես կանանց համար, նոր աշխատատեղերի պահանջ կա: Կարծում է, որ նման մոնո-քաղաքների կողքին, որոնք մեկ գործարանի շուրջ են ձեւավորվել, պետությունը պետք է կանգնի:

Պատասխանելով անվտանգային խնդիրների մասին հարցին էլ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ մեկ տարվա ընթացքում բանակի վերակազմավորում են ծրագրում, երեք տարվա ընթացքում՝ ռազմատեխնիկայով համալրում:

Դիմելով մեծամորցիներին, Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասել էր`քարոզարշավը նախապատրաստական աշխատանք է՝ իշխանությունը ստանձնելու համար, որը հնարավորություն է տալիս մանրամասն ծանոթանալ խնդիրներին՝ տեղայնացված, որպեսզի հետագայում դրա վրա ժամանակ չծախսի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930