Կոտայքի մարզում այսօր քարոզարշավի ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի եւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցի գաղտնալսմանը։ Դահլիճում ներկաների համար պարոն Զուրաբյանը հեռախոսազրույցի բովանդակությունը ներկայացրեց․ «Դիանա Գասպարյանը Սուրեն Պապիկյանին աղաչում է՝ հանեք էդ մարդուն, մի բան արեք, մի բան արեք, թող գնա, դու դարձիր վարչապետ, հոգեկան էս վիճակում նա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին) չի կարող կառավարել երկիրը։ Այս բացահայտումը հետաքրքիր է այն առումով, որ այս մարդիկ Նիկոլ Փաշինյանի մտերիմ ընկերներն են, եւ պարզվում է՝ այն, ինչ մենք կասկածում էինք, իր մտերիմ շրջապատն ուղղակի գիտի, ու շատ անհանգիստ է, որովհետեւ իրենք հասկանում են, որ նման հոգեպես անհավասարակշիռ ղեկավարի գոյությունն այդ պաշտոնին ուղիղ վտանգ է Հայաստանի ազգային շահերին։ Մենք էլ ենք հասկանում։ Հիմա այս ապացույցներն որքան պիտի էսպես կուտակվեն, կուտակվեն, շատանան, որ վերջապես հասկանաք, որ այդ ղեկավարի, մոդեռատորի պաշտոնավարման ամեն օրը մեզ վնասներ է բերելու եւ ավելի թուլացնելու մեր պետությունը։ Աստված տա, որ հունիսի քսանին այդ հարցը լուծվի։ Եթե այս հարցը չլուծվի, եւ գոնե գլխավոր հարցը՝ այդ մարդուն իշխանությունից հեռացումը չլինի եւ Հայաստանում հոդաբաշխ արտաքին եւ ներքին քաղաքականություն իրականացնող քաղաքական ուժի պաշտոնավարումը, ուրեմն մենք շատ վատ վիճակի մեջ ենք հայտնվելու, ժողովուրդ ջան։ Ես կոչ եմ անում մեր ժողովրդին՝ հունիսի քսանի ընտրություններին նայել ոչ թե սովորական ընտրությունների, սա սովորական մրցավազք չէ, հունիսի քսանը մեր պետականության փրկության հատուկ օպերացիան է։ Եւ դուք բոլորդ պարտավոր եք այդ հատուկ օպերացիային մասնակցել, որովհետեւ միայն ձեր քվեով է դա հնարավոր անել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ