Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայ ռազմագերիների վերադարձը կլինի գործարքով, ընդ որում՝ ոչ համարժեք». Դավիթ Շահնազարյան

Հունիս 14,2021 16:52

«Ուզում եմ ձեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի իրադարձության վրա, որը տեղի է ունեցել 2 օր առաջ: ԱՄՆ-ի միջնորդությամբ գործարք է տեղի ունեցել՝ Վրաստանով հայ 15 գերիների վերադարձի համար: Հայաստանի գործող իշխանությունը Ադրբեջանին տվել է Աղդամի շրջանի ականապատման քարտեզները: Հարցը շատ նուրբ է՝ վերադարձել են ռազմագերիներ»,- այսօր ռուս-հայկական միջազգային «Լազարեւյան ակումբի» չորրորդ  հանդիպմանը ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:

Նա նշեց, որ 90-ականերին էլ ռազմագերիների դիմաց ինչ-որ բան են տվել, բայց դրանք ընդամենը փող էին, իսկ այս գործարքը ազգային անվտանգության հարց է. «Նախեւառաջ՝ հենց Աղդամի շրջանի մասին է խոսքը, 97 հազար ականների, Ադրբեջանը սրանով հնարավորություն ստացավ արագացված ռազմականացման՝ Աղդամի շրջանում: Այս լսարանը շատ լավ հասկանում է, թե դա ինչ վտանգներ է պարունակում Ղարաբաղի ու Հայաստանի բնակչության համար»:

Ըստ Շահնազարյանի, հարցի երկրորդ կողմն այն է, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության համաձայն, պիտի ռազմագերիներին վերադարձներ, իսկ հիմա արդեն դա կլինի միայն գործարքով. «Այսինքն` ռազմագերիների վերադարձը կլինի գործարքով, ընդ որում՝ ոչ համարժեք: Ես արդեն կասկածում եմ, որ միջազգային ճնշումները Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու հայ ռազմագերիներին, արդեն կնվազեն»:

Դավիթ Շահնազարյանը նշեց, որ ԱՄՆ-ն այստեղ, այս գործարքում հանդես է գալիս ոչ թե որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, այլ՝ շատ ավելի լայն լիազորություններով. «Երեկ Վրաստանի արտգործնախարարը, որը անվանեց դա գործարք, ասաց, որ բանակցությունները 2-3 ամիս են տեւել: Այս իրավիճակը, որը տեղի ունեցավ, ոչ միայն հարված է Արցախի ու Հայաստանի ազգային անվտանգությանը, այլ նաեւ բացահայտում է այն աշխարհաքաղաքական խաղացողների աշխարհաքաղաքական հետաքրքրությունները՝ հենց Հայաստանում ու Ղարաբաղում»:

Ռուսաստանը՝ Մոսկվան, պարոն Շահնազարյանի խոսքով, պետք է բավականին լուրջ մոտենա այս գործարքին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930