Այսօր ռուս-հայկական միջազգային «Լազարեւյան ակումբի» չորրորդ հանդիպմանը ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանն ասաց, որ մեր երկրի ներսում ճգնաժամ է, միջազգային հարաբերություններում՝ կոլապս: Գլխավոր պատճառը երկրի անտաղանդ կառավարումն է ու ռազմաքաղաքական իշխանության ձախողումները: Նա նշեց, որ իշխող խմբակը անգործունակ է, ու ստացվում է, որ երկրի տարածքային ամբողջականության պահպանումը, սահմանների անձեռնմխելիությունը, հիմնական գործառույթներն անգամ չի կարողանում անել: Դրա արդյունքում Հայաստանի ԱԳՆ-ն փաստացիորեն դադարեցրել է իր գործունեությունը՝ որպես բողոքի նշան, արդյունքում՝ Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակումների, ոտնձգությունների օբյեկտ է դառնում:
Ելույթ ունեցավ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը: Նա հիշեցեց, որ Լազարեւյան ակումբի վերջին հանդիպումը Երեւանում 2019-ի դեկտեմբերին էր, այսինքն՝ պատերազմից առաջ. «Այս ընթացքում արմատական աշխարհաքաղաքական փոփոխություններ են եղել: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը՝ Թուրքիայի օգնությամբ եւ միջազգային վարձու մարդասպանների մասնակցությամբ, տարածաշրջանում ստեղծել է բավականին վտանգավոր ռազմաքաղաքական կոնֆիգուրացիա: Դրա արդյունքում Արցախի տարածքների մոտ 70%-ը օկուպացվել է, հազարավոր երիտասարդներ հայրենիքի համար զոհվեցին, հարյուրավորները անհետ կորան, հազարավոր մարդիկ դարձան փախստականներ»:
Բակո Սահակյանը խոսեց Արցախի կորուստների ու ադրբեջանական կողմը նկրտումների մասին: Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում, որ շարունակելու են իրենց հարձակողական քաղաքականությունը՝ դրանով խախտելով տարածաշրջանային անվտանգությունը. «Ակնհայտ է, որ այդ մարտահրավերին մենք պետք է դիմակայենք միասնական ջանքերով: Ռուսաստանի հետ հարաբերությունները մեր ողջ պատմության մեջ ունեցել են եւ ունեն հատուկ նշանակություն: Ռուս-հայկական, ռուս-արցախյան կապերը ունեն խոր ու պատմական արմատներ, որը եղբայրական երկարատեւ փոխհամագործակցության հիմք է տալիս»:
Բակո Սահակյանն ասաց, որ հիմա ռուս խաղաղապահների զորախումբն է հանդիսանում կարեւորագույն գործոն՝ խաղաղություն ու կայունություն ապահովելու հայ-ադրբեջանական հակամարտության գոտում, ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը:
Կարդացեք նաև
Արցախի նախկին նախագահն ասաց, որ հիմա հետպատերազմյան շրջանում բազմաթիվ խնդիրներ են առաջացել, բայց, չնայած դժվարություններին, հավատում է, որ մեր ազգը ունի այդ ուժն ու կարողությունը ու կկարողանա դրանք հաղթահարել ու առաջ գնալ, դրա վառ ապացույցը մեր պատմությունն է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ