Լրահոս
Օրվա լրահոսը

«2019-ին Փաշինյանին առաջարկվել է վերադարձնել 5 շրջան եւ պահել ԼՂ-ի ինքնավար մարզը, Լաչինն ու Քելբաջարը մնում էին մեր վերահսկողության տակ»․ Լեւոն Զուրաբյան

Հունիս 14,2021 16:44

Այսօր Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն անդրադառնալով երեկ վերադարձած 15 հայ  գերեվարվածներին եւ Փաշինյանի այն հայտարարությանը, որ գերեվարվածների վերադարձի դիմաց ականապատ տարածքների քարտեզներ է տրամադրել Ադրբեջանին, ասաց․ «Մեր գերագույն գլխավոր մոդերատորը, որը հայտնի է որպես ժամանակավոր պաշտոնակատար, երեկ շատ բարձր տրամադրությամբ խոսել է այն մասին, որ կարողացել է ազատել 15 գերեվարվածների։ Շատ ուրախ ենք նրանց համար։ Մենք շատ դժգոհ ենք, որ այդ գործընթացը շատ դանդաղ է ընթանում։ Երեկ նա ասաց՝ մենք փոխանակել ենք ականապատ տարածքների ռազմական քարտեզներով, Ադրբեջանի պահանջած քարտեզների մի մասը տվել ենք, որ 15-ին հետ բերենք։ Պատճառաբանելով այդ գործարքը, նա բերում է Իսրայելի օրինակը, ասում է՝ Իսրայելը մեկ հոգու բերելու համար կարող է 300-1000 պաղեստինյան ահաբեկիչ ազատի։ Այսինքն, մի հոգու կյանքն այնքան թանկ է, որ Իսրայելը մեկ հոգու համար պատրաստ է ամեն գին վճարել։ Շատ լավ ես արել, որ հիշել ես Իսրայելի օրինակը, բայց Իսրայելի օրինակը ավելի շուտ հիշեիր։ Իսրայելն այն երկիրն է, որ 1978 թվականին գնացել է իր թշնամու՝ Եգիպտոսի հետ խաղաղ կարգավորման եւ որպես հիմք վերադարձրել է ընդամենը դրանից հինգ տարի առաջ գրաված Սինայի թերակղզին։ Իսրայելը բավականին հաղթանակներ ունեցավ, ինչպես Հայաստանը իր անկախության առաջին տարիներին, բայց երբ եկավ պահը, որ պետք է հաշվարկել ռեսուրսները՝ ինչ-որ հողեր վերադարձնելով չի կարելի ապահովել իսկապես ցանկալի խաղաղություն, Իսրայելն այդ թերակղզին, որը շատ կարեւոր ռազմավարական տարածք է՝ 60 հազար կիլոմետր, վերադարձրեց։ Եթե Իսրայելում լինեին Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի նման մտածող ղեկավարներ, նրանք կասեին՝ ոչ մի թիզ էլ չենք տա, սա մեր տարածքն է, ինչո՞ւ ենք տալիս։ Ասում են՝ բա արյամբ գրաված հողը կտա՞ն հետ, մեկն էլ ասում էր՝ էդ որ ախմախ ազգն է առանց կռվի հող հետ տալիս։ Հենց ոչ ախմախ ազգերն են այդպես վարվում»։

Ապա Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց՝ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի բանակցությունների սեղանին դրվել է հենց նման մի փաստաթուղթ՝ ՌԴ-ի Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի կողմից, եւ ասվել է՝ եթե այս հինգ շրջանը վերադարձնես, դրանք այն շրջաններն են, որոնք Ղարաբաղից դուրս էին կոնֆլիկտից առաջ, այնտեղ միայն ադրբեջանցիներ են ապրել՝ Աղդամը, Ջաբրայիլը, Ֆիզուլին, Ղուբաթլին եւ Զանգելանը հետ ես տալիս, պահում ես ԼՂ-ի ինքնավար մարզի ամբողջ տարածքը՝ նաեւ Շուշին ու Հադրութը, գումարած Լաչինն ու Քելբաջարը եւ այդ ամենը մնում է հայկական վերահսկողության տակ սերունդներ շարունակ․ «Հիմա հերիք չէ սա մերժել է, դրա մասին հայտնում են դիվանագետները, մասնավորապես, նաեւ ՌԴ ԱԳՆ-ն մի ամբողջ հոդված է հրապարակել՝ ցույց տալով, որ Փաշինյանը այսպիսի հանցավոր որոշում է ընդունել՝ իր ժողովրդին տանելով կործանարար պատերազմի, հիմա էլ ձայնագրություն են հրապարկում, որտեղ ասում է՝ աշխարհի մեծերն ասում են՝ այդ հինգ շրջանը հետ տուր, մենք քեզ կապահովենք շատ լավ, արժանապատիվ խաղաղություն։ Ինքը հպարտությամբ ասում է՝ ես ուրիշ ձեւ չգտա, քան ինձ գժի տեղ դնելով դուրս գալ եւ բանակցությունները վիժեցնել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930