Հայ Ազգային Կոնգրեսի երեւանյան ընտրարշավն արդեն բավականին լուրջ արդյունքներ է տվել։ Այս մասին այսօր Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։ Նա քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ կիսվեց Գյումրիում եւ Վանաձորում ընտրարշավի տպավորություններով․ «Խոշոր քաղաքներում տեսնում ենք, որ ժողովուրդն արդեն կարծես ուզում է դուրս գալ Նիկոլ- Ռոբերտ երկընտրանքից, որովհետեւ այդ երկընտրանքը Հայաստանը որեւէ տեղ չի տանում եւ, մենք տեսնում ենք, որ աստիճանաբար ժողովուրդը թեքվում է դեպի Հայ Ազգային Կոնգրես եւ ավելի սրտին մոտ է ընդունում այն գաղափարը, որ երկրի կայունացման՝ ներքին եւ արտաքին վտանգների դիմակայման առումով լավագույն կառավարիչը կարող է լինել մեր պետության առաջին նախագահը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Դա արդեն զգացվում է»։
Պարոն Զուրաբյանն ասաց, որ այս ընտրությունները նվաստացուցիչ պարտության արդյունք են եւ հետպատերազմյան ժամանակաշրջանում մեր ժողովուրդը գտնվում է բավականին ընկճված վիճակում․ «Բնականաբար, ոչ մի ընտրությունների հավես չունի։ Դա վերաբերում է բոլոր քաղաքական ուժերին, մարդիկ ուղղակի չեն ցանկանում գալ հավաքների, միտինգների եւ այլն։ Օրինակ՝ Վանաձորում մենք պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքում 300-400 մարդ է եղել՝ Փաշինյանը հետը բերել է «կալոնայով», վանաձորցի 30-40 մարդ է մասնակցել։
Ե՛վ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը խաբեությամբ են զբաղվում, նույն մարդկանց տանում են միտինգից միտինգ եւ տպավորություն են ստեղծում` իբր ժողովրդի հետաքրքրություն կա։ Իրականում նման բան չկա»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Վահե ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ