Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ծիծաղելի են տնային տնտեսուհիների ներկայությամբ գիտության էլիտայի մասին կվազիհեղափոխական բառերը». Սասուն Գեւորգյան

Հունիս 14,2021 16:17

«Ցավոք, եկել ենք մի վիճակի, երբ «ես գիտությամբ եմ զբաղվում» բառերը արհամարհական քմծիծաղ են առաջացնում հասարակության մեջ։ Երբ ինտելեկտուալ աշխատանքի, ոչ միայն գիտության հանդեպ, նման վերաբերմունք է՝ արդեն ինքնին տագնապ է առաջանում մոտդ ոչ միայն մտավոր աշխատանքի, այլ նաև երկրի ապագայի համար»։ Սա ես մեջբերում եմ 12 տարի առաջ արված իմ հեռուստաելույթից:

Այսօր այդ տագնապը վերածվել է կայացած վախի՝ դատարկամիտ մարդիկ կործանում են հազարամյակների պատմություն ունեցող ժողովրդի ապագան։ Կարելի է ծիծաղել մի խումբ տնային տնտեսուհիների, նրանց գրկի անչափահաս երեխաների ներկայությամբ գիտության էլիտայի մասին ասված ինչ-որ կվազիհեղափոխական բառերի վրա։ Կամ մի ուրիշ գյուղում արված «ակադեմիական-ուսանողական քաղաք» անհեթեթ մտքի վրա»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` քարոզարշավի ժամանակ գիտնականների հասցեին արված վիրավորական արտահայտություններին՝ ասաց կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանը ։

Նրա խոսքով, խնդիրն ավելի խորքային է. «Ովքե՞ր են սրանց բերած «նոր գիտական էլիտան»։ Հովհաննես Հովհաննիսյա՞նը, Մխիթար Հայրապետյանը, թե՞ Արայիկ Հարությունյանը։ Որտե՞ղ են առաջին երկուսի «քաղաքական դիակները», կամ երրորդին ո՞վ է ընդհանրապես բանի տեղ դնում։ Սա ասում եմ, որպես ապացույց այն բանի, որ ճիշտ թիրախներ ընտրելու դեպքում նույնիսկ փոքր խմբով կարելի է «լռեցնել կրակակետը»։ Թե կրթության պակասը, թե անցած ճանապարհը վարչապետին հնարավորություն չեն տալիս հասկանալու տարրական բաներ կրթության կամ գիտության մասին։ Նույնն էլ նախկիններն էին։

«Մեր գիտությունը տարածաշրջանում երկրորդն է» վտանգավոր ցնդաբանությունը նրանք սկսեցին տարածել։ Իմ պայքարը այդ տխմարության դեմ մոտավորապես նույնն էր, ինչ մի քանի ազնիվ զինվորականների պայքարը «մեր բանակի տարածաշրջանում լավագույնն է» ցնդաբանության դեմ։ Այսօր քաղում ենք դրա արդյունքները։ Ցավոք, գիտության մեջ վերջին տարիներին ավելացան «ձյաձյա ջան, փող տուր» ինչ-որ շարժումներ, որոնք վերջնականապես դեֆորմացրին հնարավոր ռեալ քննարկումների ձևաչափը։ Անգրագետ «ձյաձյան» ոչ թե փող է տվել, այլ ընդամենը խոստում, հոխորտում է՝ նոր գիտական համակարգ ենք ստեղծել։

Եթե կարճ՝ ապա այսքանը։ Իսկ էլիտա կոչվածը թող փորձի ինքն իրեն պաշտպանել։ Եթե դա ես անեմ, նախ ոչ ոք չի հավատա՝ ինձանից շատ դրանց քննադատող չի եղել։ Մյուս կողմից էլ, ճիշտն ասած ցանկություն էլ չունեմ»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930