Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ասել, որ ադրբեջանական բանակը հաղթանակ է տարել՝ չի կարելի, սա մարտական ոչ ոքի է». ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովի ուշագրավ վերլուծությունը

Հունիս 14,2021 15:37

Այսօր ռուս-հայկական միջազգային «Լազարեւյան ակումբի» չորրորդ հանդիպման ընթացքում քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն ասաց, որ պատմաբանները ՀՀ-ի պատմությունը պետք է բաժանեն մինչեւ 44-օրյա պատերազմն ու դրանից հետո. «Մենք միշտ հպարտացել ենք, որ հետսովետական երկրներում Հայաստանը հաջողակ պետություն էր՝ ուժեղ քաղաքական ինստիտուտներով, ուժեղ իշխանություններով»: Ըստ նրա, Ադրբեջանում, Վրաստանում, Տաջիկստանում, այլ երկրներում անկայուն վիճակ էր, իսկ Հայաստանում միշտ կայունություն է եղել, բայց հիմա այն «failed state» է:

Նա նշեց, որ հայերն իրոք ունիկալ ազգ են, որովհետեւ աշխարհի մարդկության պատմության մեջ չի եղել դեպք, որ նման պարտությունից, կորուստներից հետո իշխանություններին ազգը չվռնդի ու չպատժի. «Հույս է տալիս այն, որ իշխանությունները հասկացել են, որ իրենց լեգիտիմությունը կորցրել են, ոչ ոք նրանց լուրջ չի ընդունում, ոչ երկրի ներսում, ոչ դրսում: Երկիրը դարձրել են проходной двор, զինված ոչ մեծ թվով ադրբեջանցիներ գալիս են ու թելադրում են պատմություն, թելադրում են սահմաններ GPS-ով: Ո՞վ կարող է հարգանքով վերաբերվել այդպիսի իշխանությանն ու այդպիսի ժողովրդին»:

Ռազմական փորձագետ ՌԴ ԶՈՒ գնդապետ Կոնստանտին Սիվկովն ասաց, որ ցանկացած ռազմական կոնֆլիկտ, պատերազմ ունի իր քաղաքական, ռազմավարական, տեխնիկական եւ այլ կողմերը: Նրա խոսքով՝ Ալիեւի նպատակն էր Ղարաբաղի ամբողջական կապիտուլյացիան, ներառյալ 7 շրջանները: Հայկական կողմի հիմնական նպատակն էր թույլ չտալ Ղարաբաղի օկուպացիան: Եթե կողմերից մեկը հասել է իր նպատակին, ուրեմն հաղթել է, եթե մյուս կողմը թույլ չի տվել, որ դա տեղի ունենա, թեկուզ մեծ կորուստներով, ուրեմն հաղթել է այդ կողմը: Պետք է հաշվի առնել կոնֆլիկտի կողմերին ու ուժերի հարաբերակցությունը: Ադրբեջանին աջակցում էր Թուրքիան՝ ռազմատեխնիկական, նաեւ՝ զինված ուժերի կառավարմամբ: Իսկ Ղարաբաղի դեպքում կռվում էր կոնկրետ Ղարաբաղը՝ նրան աջակցող Հայաստանի աջակցությամբ, ընդ որում, Հայաստանը ֆորմալ առումով ռազմական գործողությունների չէր մասնակցում: Սիվկովն ասաց, որ ուժերի հարաբերակցությունը հսկայական է եղել:

Նշելով ադրբեջանական կողմի թույլ կողմերը՝ Սիվկովն ընդգծեց, որ ադրբեջանական զինված ուժերը բարոյահոգեբանական պատրաստվածության ցածր մակարդակ են ունեցել, ուժեղ կողմն այն է եղել, որ օպերատիվ-ռազմավարական կառավարումն է հաջող եղել: Հայաստանը մի շարք ուժեղ կողմեր է ունեցել, օրինակ, հակաօդային պաշտպանությունն է ուժեղ եղել, թույլ չի տվել, որ Ադրբեջանը գործի դնի ավիացիան, որը նրանք ունեին:

Ադրբեջանական բանակի առաջխաղացման տեմպերը, ըստ փորձագետի, շատ ցածր են եղել: Հարավ-արեւմտյան հատվածում լեռնային շրջաններում օրում 1 կմ առաջ գալով՝ 1 ամսում մոտ 40 կմ կարողացան խորանալ. «Հաշվի առնելով, որ առաջին օպերացիայի ժամանակ երկու ուղղություններով գլխավոր հարվածներում՝ հարավ-արեւելյան եւ հյուսիս-արեւմտյան չկարողացան նույնիսկ ճեղքել հայկական զինված ուժերի պաշտպանական գոտին, ուստի ասել, որ ադրբեջանական բանակը հաղթանակ է տարել, իսկ հայկական կողմը՝ կորուստներ է կրել՝ չի կարելի: Մենք կարող ենք ասել, որ սա նվազագույնը մարտական ոչ ոքի էր: Ադրբեջանը կարողացել է վերցնել միայն վիճելի 7 տարածքներից 5-ը, որը, բաց աղբյուրների տվյալներով՝ այսպես թե այնպես պիտի տրվեր ադրբեջանական կողմին: Այսինքն, հայերը չպետք է այսպես տվայտվեն. «Ասել, որ հայկական կողմը պարտություն է կրել այս պատերազմում, նշանակում է անարգել հերոսների հիշատակը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930