Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինագիծը կքննարկվի 24-ժամյա ռեժիմով. փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները

Հունիս 14,2021 15:33

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արկադի Խաչատրյանի նախագահությամբ հունիսի 14-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկեց ««ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռեւս 2017-ի հունիսից նախաձեռնել է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավասու մարմնի` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկումներ` ուղղված հանրապետությունում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների տիրույթների (այդ թվում` 700 ՄՀց) համապատասխան հատվածներն առեւտրային նպատակով տրամադրելու համար առանձնացմանը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հավաստմամբ` օրինագծով նախատեսվում է 703-733 ՄՀց եւ 758-788 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածները ներառել անլար հասանելիության լայնաշերտ կապի ցանցերի համար սահմանված ռադիոհաճախականությունների ցանկում, որով տվյալ ռեսուրսի 1 ՄՀց ռադիոհաճախականության գոտու համար տրամադրման պարտադիր վճարը միանվագ 25 000 000 դրամ է, իսկ տարեկան օգտագործման վճարը` 16 800 000 դրամ:

Նշվեց, որ ռադիոհաճախականությունների տիրույթի ազատականացումն ու 703-733 ՄՀց եւ 758-788 ՄՀց հատվածների մրցութային հիմունքներով տրամադրումը կնպաստի շարժական կապի լայնաշերտ ցանցերի զարգացմանը եւ 5G տեխնոլոգիայի ներդրմանն ու միջազգային միտումներին համահունչ հեռահաղորդակցության ոլորտի շարունակական դինամիկ զարգացմանը, ինչպես նաեւ նշված ռադիոհաճախականությունների ընդհանուր 60 ՄՀց հատվածների տրամադրման դեպքում կապահովի առնվազն 1 500 000 000 դրամի միանվագ (տրամադրման մասով) եւ 1 008 000 000 դրամ տարեկան (օգտագործման մասով) ՀՀ պետական բյուջեի լրացուցիչ մուտք:

Պատգամավորներն իրենց հարցադրումներով անդրադարձան ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրների: Արտակ Մանուկյանի հարցին, թե ինչու են 2017-ից նախաձեռնել հանրապետությունում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների տիրույթների (այդ թվում` 700 ՄՀց) համապատասխան հատվածներն առեւտրային նպատակով տրամադրելու քննարկումները, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի բաժնի պետ Կարեն Գրիգորյանն ի պատասխան նշեց, որ այդ գործընթացը ոչ միայն Հայաստանում է իրականացվում, այլ ամբողջ աշխարհում: «Դա համաշխարհային գործընթաց է»,-հավելեց նա:

Հարակից խոսքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը գործընկերներին հորդորեց կողմ քվեարկել:

Հանձնաժողովականները միաձայն դրական եզրակացություն տվեցին օրենքի նախագծին առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար: Կառավարությունն իր որոշմամբ օրինագիծը համարել էր անհետաձգելի, այն կքննարկվի 24-ժամյա ռեժիմով, ինչին կողմ քվեարկեց մշտական հանձնաժողովը:

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930