Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր դրախտ` ըստ կուսակցությունների նախընտրական ծրագրերի

Հունիս 14,2021 15:25

Aravot.am-ը փորձել է պարզել, թե կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում ի՞նչ են խոստանում ընտրություններին մասնակցող 2 տասնյակից ավել կուսակցություններն ու դաշինքները: Դիտարկել ենք նրանց մեծ մասի նախընտրական ծրագրերը, որոնց խոստումներն իրականացվելու դեպքում Հայաստանն իրապես դրախտի կվերածվի:

Ըստ այդմ, «Հանրապետություն» կուսակցությունը նախընտրական ծրագրում նշում է, որ գիտելիքահեն տնտեսության կողմնակից է և համարում է, որ 21-րդ դարում ամենաթանկ ապրանքը գիտելիքն է, իսկ նման տնտեսություն ձևավորելու առաջնային քայլերը կուսակցությունը տեսնում է բուհական կրթության ամբողջական վերափոխմամբ՝ պրակտիկ լաբորատորիաների և փորձարարական ենթակառուցվածքների ներգրավմամբ։

«Հանրապետություն» կուսակցության նախընտրական ծրագրում նշված է, որ հասարակական կյանքի կարևորագույն տարրերից մեկը հոգևոր և մշակութային արժեքների սերմանումն ու զարգացումն է. «Հանրապետություն» կուսակցությունը կողմ է Հայ առաքելական եկեղեցու որդեգրած արժեքների պահպանմանը և խրախուսմանը: Միևնույն ժամանակ՝ պետք է ապահովել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ազգային, մշակութային և մյուս իրավունքների պաշտպանությունը, նրանց մայրենի լեզվի, կրոնի և մշակույթի պահպանման ու զարգացման հնարավորությունը»:

 «Հայոց Հայրենիք» կուսակցության նախընտրական ծրագրում խոստում կա, որ կկառուցվեն նոր մանկապարտեզներ` նախադպրոցական զբաղվածությունը ապահովելու համար: Ըստ այս ուժի ծրագրի, ուսանողի հետ պետք է կնքել համագործակցության պայմանագիր, ըստ որի ՀՀ-ն հանձին ԿԳՄՍ նախարարության, ուսանողին կտրամադրի անտոկոս վարկ ուսման վարձի և կրթաթոշակի համար, դրա փոխարեն ուսանողը պարտավոր է մասնագիտական կրթություն ստանալով աշխատանքի անցնելու պարագայում 30 տարվա ընթացքում վճարել ստացած ողջ գումարը:

«Հայոց հայրենիքը» համոզված է. որ հատկապես վերջին երկու տարիներին իշխանությունների կրթական քաղաքականությունը ամբողջովին ուղղված է եղել կրթական համակարգի ապազգայնացմանը: Ի թիվս այլնի, կուսակցությունը գտնում է, որ պետք է մշակել ազգային կրթության պետական հայեցակարգ, հոզված է, որ պետք է հրաժարվել ավագ դպրոցի հոսքային ուսուցումից:

 «Վերելք» կուսակցության ծրագրում շեշտը հիմնականում դրված է պետության անվտանգության վրա: «Վերելքը» գտնում է, որ Ժողովրդավարության հիմքը ռացիոնալ ինտելեկտուալությունն է, ինչը կբացառի ամբոխավարության վճռորոշ նշանակությունը: Կուսակցությունն իր նախընտրական ծրագրում կարեւորում է ազգային մշակութային ժառանգությունը, Հայ Առաքելական Եկեղեցին և հայոց լեզուն: «Մենք ընդունում ենք հայ ժողովրդի հոգևոր և աշխարհիկ կյանքում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ 2000-ամյա բացառիկ ներդրումն ու վաստակը և մտադիր ենք ըստ ամենայնի աջակցել նրան… Հայոց լեզվի անաղարտության պահպանումն ու զարգացումը պետության և յուրաքանչյուր հայի սրբազան պարտականությունն է։ Դասական ուղղագրությունը, գրական արևելահայերենը և արևմտահայերենը համարվում են պետական լեզվի համարժեք և հավասարազոր բաղկացուցիչները»,-ասված է այս ուժի ծրագրում։

Ըստ «Վերելքի» ծրագրի, կրթության բնագավառում քաղաքականությունը պետք է որոշվի բոլոր մարդկանց իրավահավասարության սկզբունքով, իսկ դպրոցի ուսումնական գործընթացը պետք է կազմակերպվի մեծ խստությամբ, նաեւ պետք է խուսափել շինծու ակադեմիականացումից և կոնկրետ առարկաների ծավալի չարդարացված ուռճացումից, գիտական և տեխնոլոգիական քաղաքականության բնագավառում սահմանել հեռանկարային հուսալի պայմաններ, որոնք ֆինանսական աջակցության անմիջական և անուղղակի ձևերի միջև կապահովեն հաշվեկշռված հարաբերություն։

 «Ազգային ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցության նախընտրական կարեւորված է գիտահենք արդյունաբերությունը: Ի թիվս այլնի, նշված է, որ պետք է պետության աջակցությամբ ստեղծել կրիպտոտնտեսության հարթակներ, հիմնել բիոտեխնոլոգիաների, մեդիատեխնոլոգիաների, ռոբոտային, արհեստական բանականության եւ այլ հարթակներ, իսկ կրթության համակարգը համապատասխանեցնել Հարավ-Հյուսիս միջհանգուցային մաս կազմելու հեռանկարին:

 «Քաղաքացիական պայմանագիրը» խոստանում է ներառական զարգացած կրթական համակարգ եւ մրցունակ գիտություն, նախադպրոցական կրթության որակի բարձրացում եւ հասանելիություն: Խոստում կա մինչեւ 2023թ ապահովել 3 տարեկանից բարձր երեխաների 70 տոկոս ներգրավվածությունը նախադպրոցական կրթական հաստատություններում: Այս ուժը խոստանում է արդիականացնել եւ վերանայել հանրակրթության ոլորտի ուսումնական ծրագրերը, թիրախավորել տեխնիկական գիտությունները եւ օտար լեզուների խորացված ուսուցումը դեռեւս առաջին դասարանից, ապահովել ուսուցիչների մասնագիտական գիտելիքի զարգացումը, բարձրացնել ՄԿՈՒ որակը եւ մարզային ընդգրկումը, ներդնել դուալ կրթություն, նպաստել համալսարանների կրթական ծրագրերի արդիականացմանը, բուհերը գիտության եւ նորարարության կենտրոն դարձնելուն:

«Պատիվ ունեմ» դաշինքը, ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխարհիկ պետություն լինելը, խղճի ու դավանանքի ազատությունները, բոլոր կրոնական կազմակերպությունների իրավահավասարությունը, այնուամենայնիվ, ճանաչում է հայ ժողովրդի պատմության, հայապահպանության, հայության հանրային կազմակերպման, սոցիալական, կրթական ու հոգևոր-մշակութային կյանքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ կարևոր և առանցքային դերակատարությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։ Ուստի, Դաշինքի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ փոխադարձ համագործակցությամբ ապահովել հայության ազգային և հոգևոր անվտանգությունը։

Ըստ դաշինքի նախընտրական ծրագրի, պետությունը պետք է ապահովի համընդհանուր հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթություն: Կրթությունն էլ պետք է նպատակաուղղված լինի մարդու անձնային և մասնագիտական լիարժեք զարգացմանը, խթանի ազգային և համամարդկային արժեհամակարգ՝ խարսխված հայրենասիրության, հանդուրժողության փոխըմբռնման և համագործակցության գաղափարների վրա:

«Պատիվ ունեմ»-ը խոստանում է, որ կբազմազանեցվեն կրթական ծրագրերը, կրթության կազմակերպման ձևերն ու մեթոդները, կրթություն ստանալու հնարավոր ճանապարհները, կապահովվի կրթական ծրագրերի ճկունությունը, կընդլայնվեն դպրոցական պարտադիր բաղադրիչով նախատեսված դասընթացները, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհատական ուսումնական պլանների, մոդուլային ծրագրերի, հոսքային ուսուցման կիրառությունը, միաժամանակ կընդլայնվեն հեռավար կրթության հնարավորությունները, կներդրվի ոչ ֆորմալ կրթության արդյունքների ճանաչման մեխանիզմ, կապեր կստեղծվեն կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ ձևերի միջև:

«Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի համաձայն, կրթությունը, գիտությունը եւ մշակույթը լինելու են պետական քաղաքականության առանցքային առաջնահերթություններ, հասարակության արժեքային ճգնաժամը հաղթահարելու եւ ՀՀ քաղաքացի ձեւավորելու կենսական հենարան, կրթության ոլորտի բարեփոխման հիմքում լինելու է կրթվածությունը որպես երկրում որակյալ մարդկային ներուժի ձեւավորման նախապայման: «Հայաստան» դաշինքը բացառելու է լեռնային, բարձր լեռնային եւ սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացումը, նախադպրոցական կրթության հասանելիությունը հասցնելու է 90-95 տոկոսի:

«Հայաստան» դաշինքը խոստանում է մոտ ապագայում ապակենտրոնացնել եւ թվայնացնել ավարտական եւ միասնական քննությունների անցկացման համակարգը, 50 տոկոսով ավելացնել բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա, հայագիտական ուղղություններով մասնագիտացումների ֆինանսավորումը մեկ ուսանողի մասով: Ըստ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի, արտոնություններ կսահմանվեն բարձր որակավորում ունեցող արտասահմանյան մասնագետների` ՀՀ գրանցում ունեցող գիտատեխնիկական կազամակերպություններում աշխատանքի վերցնելու դեպքում:

Մշակույթի ոլորտը դիտարկված ուժերի նախընտրական ծրագրերում լուսանցքային է, բոլորի մոտ էլ տեղ են գտել հաճախ գեղեցիկ ձեւակերպումներով, պաթետիկ բանաձեւումներ` զուտ բարի ցանկությունների մակարդակում, քանի որ մեծ մասամբ նշված չեն իրականացման մեխանիզմները:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930