«Պատիվ ունեմ» դաշինքի՝ իշխանություն ձեւավորելու հնարավորությունները մեծ են գնահատվում, քարոզարշավի ընթացքում դաշինքի վարկանիշի շեշտակի աճ կա։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը։ Նրա գնահատմամբ՝ իրենց վարկանիշը գնալով աճում է։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է խորհրդարան անցնելու դեպքում կոալիցիա կազմեն Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հետ։ Արսեն Բաբայանը պատասխանեց․ «Վստահ եմ, որ այս իշխանությանը հեռացնելու համար բոլոր տրամաբանված գործողություններին դիմելու ենք։ Իրական եմ համարում նաեւ «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիայի ստեղծումը»։
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ մուրճով ելույթում հնչած հայտարարություններին, Արսեն Բաբայանը կարծում է, որ դրանցում հանցագործության տարրեր կան․ «Որտե՞ղ է դատախազությունը․ Նիկոլ Փաշինյանի գրպանում։ Այդ մուրճն իր հոգեվիճակի արտահայտումն էր։ Նա հրաշալի գիտի, որ չի ունենալու հաղթելու հնարավորություն։ Նա ժողովրդին իրար դեմ է լարում: Իսկ հունիսի 21-ին հանրահավաք անելով՝ իրական քվեներով ձեւավորվելիք իշխանությունն ուզում է խլել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ