Լրահոս
Օրվա լրահոսը

Կութի գյուղապետ. «Մի կովը ադրբեջանցիներից փախավ ու հետ եկավ»

Հունիս 14,2021 14:08

Գեղամասար համայնքի Կութ բնակավայրը 44-օրյա պատերազմից հետո է հայտնվել սահմանակից գյուղի կարգավիճակում ու արդեն հասցրել է ճաշակել դրա պտուղները: Սահմանային դիրքեր եւ սահմանամերձ բնակավայրեր այցելության ժամանակ լրագրողները իրենց հետաքրքրող հարցերը գյուղապետ Սիմա Չիտչյանին ուղղելու հնարավորություն ունեցան:

Սիմա Չիտչյան

-Ինչպե՞ս է հիմա ընթանում գյուղի առօրյան:

-Հիմա մեր վարելահողերը շրջակա բարձունքների ներքեւի հատվածում են: Աշնանացանը կատարված է, գարնանացանը ուշ կատարեցին: Բայց խնդիրը մեր արոտավայրերն են ու խոտհարքները: Անասունների համար արոտավայր չկա:

-Չկա, որովհետեւ թշնամի՞ն է առաջացել:

-Թշնամին նստել է մեր արոտներում:

-Եղե՞լ են դեպքեր, որ կենդանիներն անցնեն ադրբեջանական դարձած տարածքներ ու չկարողանաք վերադարձնել:

-Նման դեպք չի եղել: Բայց ամսի 5-ին արդեն մեր անասունը քշեցին-տարան՝ 81 գլուխ խոշոր եղջերավոր: Այսինքն, կրակ բացեցին մեր անասնապահի վրա: Ձին ընկավ: Անասնապահը փախավ, որից հետո կրակոցներից խրտնած անասունների մի մասը փախավ մեր կողմ, մյուսը՝ իրենց: Լավ է, շնորհիվ մեր զինվորների, անասունների մնացած մասը քշվեց-բերվեց գյուղ: 81-անասունից մեկը հաջորդ օրը փախավ, եկավ մեր մոտ, մնացածը այնտեղ են:

-Գյուղում, տեսնում ենք, խուճապ չկա, բայց անհանգստություն կա, որ գյուղացիների եկամուտները՝ խոտհարքներ, արոտավայրեր, անցել են թշնամուն: Մարդիկ ինչո՞վ են կարողանալու գոյությունը պահպանել:

-Գյուղացիների 80 տոկոսը զբաղվում է անասնապահությամբ: Դիմել ենք ամեն տեղ: Փոխհատուցում դեռ չի եղել: Բայց ղեկավարությունը հույս է տվել, որ կամ անասունները կվերադարձնեն, կամ փոխհատուցում կտան:

-Գյուղը որքա՞ն բնակչություն ունի եւ պատերազմից հետո հեռացողներ եղե՞լ են:

-Մեր գյուղն ունի 170 բնակչություն ու բոլորն էլ մնում են: Ոչ մի ընտանիք, ոչ մի բնակիչ գյուղից դուրս չի եկել:

-Գյուղի վիճակը, մեղմ ասած, աղետալի է: Ապագայի հետ կապված ծրագրեր կա՞ն: Մանավանդ, որ արդեն Կութը սահմանային գյուղ է դարձել:

-Ծրագրեր շատ ունենք: Ամեն ինչն էլ ներկայացված է, որ պիտի գան անեն: Համայնքի կենտրոնի հետ կապված օրերս եկան, չափագրեցին, նախահաշիվը կազմեցին, որ սկսեն վերանորոգելը: Ճանապարհները նույնպես:

-Դպրոցն աշխատո՞ւմ է:

-Այո: Մի քանի ժամանակ առաջ դասերն օնլայն էին պարապում, բայց հետո անցան սովորական ձեւին:

-Ադրբեջանը որքա՞ն է առաջ եկել:

-Երբ 32 տարի առաջ՝ 1989-ին, Ադրբեջանից փախանք ու հաստատվեցինք այստեղ, բոլոր տարածքները մինչեւ դիմացի սարի գլուխ եղել են Հայաստանինը, ու արոտներն ու խոտհարքերը մենք ենք օգտագործել: Ավելին, դրանք եւ վարելահողերը վարձակալությամբ տրված են մեր բնակչությանը:

-Այն ժամանակ Ադրբեջանում անցել եք այդ ամենի միջով: Հիմա եկել եք այստեղ ու պատմությունը կրկնվում է: Ի՞նչ կասեք ձեր ճակատագրի մասին:

-Մենք էլ չգիտենք: Եկանք, զրոյից նորը ստեղծեցինք: Երեւի հայի ճակատագիր է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930