Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդորում են չեղարկել. ԱՄՆ առաջատար կոնգրեսականներ ու սենատորներ մտահոգություններ են հայտնել 907 Բանաձևի կասեցման վերաբերյալ

Հունիս 14,2021 13:12

Առաջատար կոնգրեսականներ ու սենատորներ լուրջ մտահոգություններ հայտնեցին Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի կասեցման կապակցությամբ՝ այս շաբաթ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ տեղի ունեցած 2022թ.-ի ֆինանսական տարվա համար Պետդեպարտամենտի բյուջեի հայտի լսումների ժամանակ, հաղորդեց Համագումարը:

Հունիսի 8-ի Պետդեպարտամենտի բյուջեի վերաբերյալ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) ճնշող խոսքով դիմեց պետքարտուղար Բլինկենին՝ Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևը կասեցնելու Վարչակազմի որոշման հետ կապված: Այս բանաձևը օրենքի ուժ է ունեցել 1992թ.-ից և սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող աջակցությունը «մինչև այն չձեռնարկի ցուցադրական քայլեր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր շրջափակումներն ու ուժի այլ հարձակողական կիրառումները դադարեցնելու համար»:

Հանձնաժողովի նախագահ Մենենդեզը հայտարարեց, որ ինքը «հիասթափված» էր, որ Վարչակազմը երկարացրեց 907 Բանաձևի կասեցումը «չնայած Ադրբեջանի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի վրա»:

Կասեցումը ստանալուց հետո հանձնաժողովի նախագահ Մենենդեզն ասաց, որ Ադրբեջանը սկսեց «միջամտել Հայաստանի փաստացի տարածքային ինքնիշխանությանը» և «չի ազատել հայ ռազմագերիներին, ինչը միջազգային իրավունքի խախտում է»:

«Երբ մենք (Վարչակազմ) կասեցրեցինք այն, մենք նրանց համար կանաչ լույս վառեցինք»,– ասաց հանձնաժողովի նախագահ Մենենդեզը:

Ի պատասխան՝ պետքարտուղար Բլինկենն ասաց, որ Վարչակազմը «կշարունակի ուսումնասիրել այս հարցը»:

«Ես ակտիվորեն աշխատել եմ այս հարցի շուրջ, մասնավորապես` բանտարկյալների վերադարձն ապահովելու և հարցի կարգավորման շուրջ քննարկումների ու բանակցությունների փաստացի գործընթացի մեջ ներգրավվելու ուղղություններով»,– ասաց պետքարտուղար Բլինկենը: «Հուսով եմ, որ կարող ենք այնտեղ որոշակի լծակներ ձեռք բերել, բայց կարծում եմ, որ ապագայում մենք պետք է շարունակենք ուսումնասիրել ու վերանայել այս հարցը»:

Հունիսի 7-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ, կոնգրեսական Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) Պետդեպարտամենտի արտաքին քաղաքականության ռազմավարության և բյուջեի հայտի լսումների ժամանակ վերահաստատեց 907 Բանաձևի կասեցումը չեղարկելու և ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրումը դադարեցնելու խիստ անհրաժեշտությունը: Նա հայտարարեց. «2019թ.-ին Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ես ուզում եմ ողջունել ձեզ և Վարչակազմին այս տարվա ապրիլին նույնն անելու համար, այնուամենայնիվ, Վարչակազմը տվել է 907 Բանաձևի կասեցման որոշումը՝ թույլ տալու համար զենք վաճառել Ադրբեջանին, և ես հուսով եմ, որ դուք կվերանայեք այս հարցը՝ Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականության խախտման՝ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, թեև դա կարևոր է, այլ հենց Հայաստանի, ինչպես նաև [Ադրբեջանի] առանց դրդապատճառի ագրեսիայի ֆոնին»:
Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի ենթահանձնաժողովի նախագահ Բարբարա Լին (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) նույնպես արտահայտեց իր մտահոգությունները կասեցման վերաբերյալ: Պետդեպարտամենտի և հարակից ծրագրերի բյուջեի հայտի լսումների ժամանակ կոնգրեսական Լին ընդգծեց, որ հետամուտ կլինի այս հարցին գրավոր հարցման միջոցով: Նա ասաց. «(Ինչ վերաբերում է) Ձեր վերջերս կայացրած որոշմանը՝ երկարաձգել Ազատության աջակցության ակտի 907 Բանձևի կասեցումը, ես կգնահատեմ Պետդեպարտամենտի արագ արձագանքը»:

«Հաշվի առնելով անցյալ տարվա աշնանը Ադրբեջանի կողմից առանց դրդապատճառի սանձազերծած պատերազմը, սիրիացի վարձկանների օգտագործումը, ռազմագերիների անարդար կերպով պահումը, հայկական կրոնական ու մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը, ինչպես նաև բազմակի ներխուժումները սահմաններից ներս` խախտելով Հայաստանի ինքնիշխանությունը, մենք ողջունում ենք Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մենենդեզին, ենթահանձնաժողովի նախագահ Լիին և կոնգրեսական Շերմանին այս մտահոգությունները բարձրաձայնելու համար և հորդորում ենք Վարչակազմին չեղարկել կասեցումը»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930