Կիրակի Կապանում կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանի նախընտրական քարոզչական հանդիպումից հետո, թեկնածուի թիկնազորը ամուր շղթայել էր Ծառուկյանին, եւ թույլ չէր տալիս համակիրները մոտենան։
Կապանցի մի տղամարդ դժվարությամբ ճեղքելով «պատնեշը» հասավ ԲՀԿ առաջնորդին։ Ոչինչ չխնդրելով նրանից՝ ձեռքսեղմումից հետո հաջողություններ մաղթեց։
Կարդացեք նաև
Որոշ հաջողակներ կարողացել էին հայտնվել Գագիկ Ծառուկյանի տեսադաշտում ու դիմել իրենց հարցերով: ԲՀԿ առաջնորդը հանձնարարում էր թիմակիցներին։ «Իվետա՛ (ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյան–Ա․ Դ) ո՞ւր ես։ Տես էս կինը ինչ է ասում։ Դավի՛թ (ԲՀԿ ցուցակի 4-րդ համարի թեկնածու Դավիթ Սիմոնյան–Ա․Դ․) ո՞ւր ես։ Մերուժ (ԲՀԿ–ական նախկին պատգամավոր), մի հատ էս հարցը ո՞նց ենք լուծում»,–թիմակիցներին հորդորում էր Ծառուկյանը։
Քիչ չէին նաեւ նրանք, ովքեր ցանկանում էին լուսանկարվել Գագիկ Ծառուկյանի հետ։ Նկատենք, որ վերջինս չէր մերժում սելֆիի հրավերը։
Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը Սյունիքի մարզում նախընտրական հանդիպում ունեցավ միայն մարզկենտրոն Կապանում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ