«Դեռ ոչ մի բան չեղած՝ սկսվեցին շահարկումներ։ Շատ ուրախ ենք, որ 15 հայ ռազմագերիներ վերադարձվել են։ Բնականաբար, Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիների փոխանակման դիմաց տարատեսակ նախապայմաններ դնել։ Նա, ըստ էության, մեր հետ խոսում է պատանդ պահելով։ Դա ահաբեկչական երկրի արարք է։ Ադրբեջանն իրեն որպես ահաբեկիչ է պահում»,-նախընտրական քարոզարշավի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
«Ռազմագերիների հարցի լուծումը միջազգային իրավունքի տիրույթում է, եւ հայկական կողմը պետք է շատ լուրջ աշխատանք անի ու դիտարկի, թե Ադրբեջանի կողմից ինչ պահանջներ է կատարում։ Մի բան ակնհայտ է, որ արտաքին դիվանագիտական ճակատի ամրացման արդյունքում ռազմագերիները կվերադարձվեն։ Աշխատել է պետք ՌԴ-ի եւ արեւմուտքի հետ, որ պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի դեմ»,-շեշտեց Էդմոն Մարուքյանը։
Նա նաեւ նշեց, որ ռազմագերիների հարցը ներքին կյանքում չպետք է շահարկվի․ «Մարդու՝ գերությունից ազատվելը չպետք է շահարկվի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ