ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը
2021թ. հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են Հայաստանի ապագայի համար: Պատերազմի հետևանքով մեր երկիրը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, որի ընթացքը կասեցնելն այսօր հրատապ է։
Պետք է փաստել, որ`
✓ բանակի մարտունակությունն էապես նվազել է, խարխլված է Հայաստանի ու Արցախի անվտանգության ողջ համակարգը,
✓ ավելացել են լրջագույն սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են բոլոր հնարավոր ռեսուրսների մոբիլիզացիա,
✓ հասարակությունում առկա ներքին պառակտվածությունը, գրգռվածությունը, ապատիան ու պասիվությունը քայքայիչ ազդեցություն ունեն հասարակության ու պետության զարգացման վրա,
✓ առկա է պետության դերի աղավաղում, քաղաքական դիսկուրսը իջեցված է կենցաղային մակարդակի, պետական համակարգը գործում է իմպուլսիվ և ոչ համակարգային,
✓ ունենք սփյուռքի հետ հարաբերությունների, արժեքային համակարգի և ազգային գաղափարախոսության ճգնաժամ,
✓ բազմաթիվ այլ խնդիրներ:
Կարդացեք նաև
Պահն օրհասական է, մարտահրավերները` բազմաշերտ ու վտանգավոր, իսկ լուծումները` սահմանափակ ու բարձր պրոֆեսիոնալիզմ պահանջող:
Պետք է`
• արագորեն վերականգնել մեր անվտանգության համակարգը,
• մեր երկրում ու տներում հաստատել հանդուրժողականություն և հանգստություն,
• արտաքին քաղաքական հարաբերություններում ունենալ կանխատեսելի և վստահելի գործընկերոջ համբավ,
• իրականացնել արդյունավետ հակաճգնաժամային քայլեր` բարեկեցիկ կյանքի նախադրյալներ ստեղծելու համար,
• վերագործարկել պետական արդյունավետ կառավարման համակարգը,
• վերանայել սփյուռքի հետ հարաբերությունները` լոկ օգնողից այն վերածելով լիարժեք գործընկերոջ ու հայկական շահի լոբբիստական կենտրոնի:
Մեր այսօրվա իրականությունն ականապատված դաշտ է, որով երկիրը պետք է անցնի։
Շրջանցելու հնարավորություն գոյություն չունի։
Անհրաժեշտ է այդ ճանապարհը անցնել հնարավորինս արդյունավետ ու նվազագույն կորուստներով:
Անհրաժեշտ է գիտակցել յուրաքանչյուր սխալի գինը և արկածախնդրության գնալու անթույլատրելիությունը։
Դա կարող է ապահովել Ռոբերտ Քոչարյանը։ Պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում, ինչպես նաև մրցակցային ու բազմամշակույթ գործարար միջավայրում կուտակած փորձի և ղեկավարին անհրաժեշտ անհատական ու կառավարչական հատկանիշների համադրությունը նրան թույլ են տալիս պրոֆեսիոնալ թիմ ձևավորելով երկիրը հանել ճգնաժամից և տանել դեպի բարեկեցիկ ապագա։
Նա կստեղծի միջավայր, որտեղ առավելագույնս կիրացվի մեր հասարակությունում առկա պոտենցիալը և կունենանք ազգային, ժամանակակից, ռացիոնալ և արդյունավետ պետություն։
Առաջարկում եմ անպայման գնալ քվեարկության, մեկ անգամ ևս սթափ մտածել` ինչ իրավիճակում ենք գտնվում, ինչպիսի մարտահրավերներ ունենք և որն է այն թիմը, որը կարող է դիմակայել դրանց` երկիրը տանելով զարգացման։
Խաղաղություն ու տրամաբանություն մեր երկրին, բոլորիդ լավ տրամադրություն` որքանով այն հնարավոր է այսօրվա իրավիճակում:
Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀՀ նախկին վարչապետ