Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն այլընտրանք է թուրք-ադրբեջանական ուղիներին, և իրանցիները չեն ցանկանում, որ այս այլընտրանքը կորչի կամ վտանգվի». արևելյան դիվանագիտություն առանձնահատկությունները. Jam-news

Հունիս 14,2021 10:40

Jam-news. Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանի հարավային հարևան Իրանը փորձում է իր դերն ակտիվացնել Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներում։

Տասնյակից ավելի երկրների հետ հազարավոր կիլոմետրեր ջրային և ցամաքային սահմաններ ունեցող Իրանն, այնուամենայնիվ, կարևորում է Հայաստանի հետ 42 կմ–անոց սահմանային հատվածի անխախտ պահպանումը։

Այս մասին իրանական կողմի հայտարարությունները հնչեցին մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի Զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի տարածք՝ մի քանի կիլոմետր առաջ տանելով իրենց դիրքերը Սյունիքի մարզում:

Ադրբեջանն այդ տարածքներն իրենն է համարում՝ որպես ապացույց ներկայացնելով խորհրդային շրջանի իր քարտեզները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դրանք կեղծ փաստաթղթեր են: Իսկ հայկական լրատվամիջոցները հրապարակեցին ԽՍՀՄ զինված ուժերի Գլխավոր շտաբի քարտեզը, որը վկայում է, որ այդ տարածքները Հայաստանին են պատկանում:

Հենց այս իրավիճակը հիմք հանդիսացավ Իրանի համար հանդես գալ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման օգտին: Պաշտոնական Թեհրանը հնչեցրեց նաև նոր արտահայտություն՝ «կարմիր գիծ», որի խախտման դեպքում պատրաստ է անմիջական մասնակցություն ունենալ կոնֆլիկտին։

Հայաստանում իրանագետները ակտիվ քննարկում են պատճառները և մեկնաբանում Իրանի դիրքորոշումը։

«Կարմիր գծերի» մասին

Իրանագետ Գարիկ Միսակյանի խոսքով, Իրանի կողմից կարմիր գծերի մասին հայտարարությունը միտված է Սյունիքի մարզում ընթացող գործընթացներին, «Զանգեզուրի միջանցքի» մասին ադրբեջանական կողմի հայտարարություններին։ Խոսքը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է՝ ըստ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրի․

«Իրանական կողմը անհանգստացած է հատկապես այն խոսակցություններից, որ այս «միջանցքը» չի գտնվելու Հայաստանի վերահսկողության ներքո։ Սա Իրանում գնահատվում է որպես հայ-իրանական ցամաքային սահմանի ընդհատման և Թուրքիայի հետ սահմանի ընդլայնման փորձ։ Այս իրավիճակն աշխարհաքաղաքական վտանգներ է պարունակում Իրանի համար։

Արդեն իսկ Ադրբեջանի հետ սահմանը բավականին ընդլայնվել է։ Միաժամանակ մեծացել է տարածաշրջանում թուրքական, իսրայելական ազդեցությունը, իսկ նրանցից մեկը մրցակցային դիրք ունի Իրանի հանդեպ, մյուսը՝ բացահայտ թշնամական»։

«Հայաստանն այլընտրանք է թուրք-ադրբեջանական ուղիներին, և իրանցիները չեն ցանկանում, որ այս այլընտրանքը կորչի կամ վտանգվի», – ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Դիվանագիտական հնարք

Իսկ քաղաքագետ Բենիամին Պողոսյանը կարծում է, որ Հարավային Կովկասը Իրանի համար թիվ մեկ տարածաշրջանը չէ այդ երկրի կենսական շահերի տեսանկյունից։

Ըստ նրա, Իրանը փորձում է հաճոյանալ թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին, տիպիկ արևելյան դիվանագիտություն վարելով։ Բենիամին Պողոսյանը պատահական չի համարում ԻԻՀ արտաքին գործերի նախարար Զարիֆի հայտարարությունները Բաքվում և Երևանում․

«Բաքվում հայտարարեց Ալիևի պատմական դերի մասին տարածքների ազատագրման հետ կապված, և սա շոյում էր թե՛ Ալիևի ինքնասիրությունը, թե՛ ընդհանուր առմամբ ադրբեջանական ժողովրդի։ Իսկ Հայաստանում հայտարարեց տարածքային ամբողջականության կարմիր գծերի մասին, շատ լավ հասկանալով, որ մենք բոլորս անհանգստացած ենք Հայաստանի տարածքային ամբողջականությամբ։

Եվ մենք պետք է մեկ բան էլ հաշվի առնենք։ Ես գրեթե բացառում եմ, որ եթե Սյունիքում իրավիճակը սրվի, Իրանը կոնկրետ որևէ քայլ կանի։ Իրանը լավ գիտի, որ Հայաստանը համարվում է ռուսական ազդեցության գոտի և այստեղ որոշում ընդունողն ու քայլ անողը Ռուսաստանն է»։

Անդրադառնալով Իրանի կողմից հնչող Հայաստանի հետ համատեղ կոմունիկացիոն տարբեր ծրագրերի իրականցմանը, քաղաքագետը նշում է, որ մտավախություն ունի, թե դրանք նույնպես հայտարարությունների և Հայաստանին դրական ազդակ  հղելու  շարքից են․ «Արտաշատ-Մեղրի ավտոճանապարհը, ըստ տարբեր գնահատումների, միջինը մեկ ու կես միլիարդ դոլար է արժենալու։ Ակնհայտ է, որ այս պահին Իրանը որևէ հնարավորություն չունի նույնիսկ մի քանի հարյուր միլիոն գումար ներդնել այս ծրագրում։ Այս խոսքերն ուղղված էին Հայաստանում որոշակի համակրանք շահելուն և Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռվածությունը պահելուն»։

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930