Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրառվել է հայցի ապահովման միջոց

Հունիս 14,2021 13:30

Մայրը երեխայի հետ Հոլանդիայից Հայաստան է վերադարձել

2020թ. մայիսի 9-ին հոր կողմից բռնություն է գործադրվել ընտանիքում երեխայի եւ վերջինիս մոր նկատմամբ: Մայրը Հոլանդիայից երեխայի հետ վերադարձել են Հայաստան: Երեխայի եւ նրա մոր շահերը ներկայացնող փաստաբան Գայանե Գրիգորյանը «Առավոտին» ներկայացրեց այս գործով ԴԱՀԿ-ի կողմից արգելանք կիրառելու որոշումը, իր առարկությունները, նաեւ ՄԻՊ-ին, իրավապահներին ուղղված իր բողոքները:
Քանի որ գործն առնչվում է երեխայի անձնական տվյալների, ընտանեկան գաղտնիքի հետ, մենք ձեռնպահ կմնանք անուն-ազգանունները, որոշ հանգամանքներ հրապարակելուց, եւ փորձենք խնդրին անդրադառնալ ներկայացուցչի բարձրաձայնած իրավական հարցադրումների տեսանկյունից:

Ըստ փաստաբան-ներկայացուցչի, երեխան ենթարկվել է ֆիզիկական բռնության հոր կողմից, ով հարվածել է նրան ոտքով եւ բռունցքով, իսկ մայրը, որին նույնպես հարվածներ է հասել, ընկել է գետնին, վնասել է աչքը:

Անհրաժեշտություն է առաջացել երեխայի եւ հոր միջեւ կնքել անվտանգ հարաբերությունների մասին համաձայնագիր:

Փաստաբանի տրամադրության տակ եղած փաստաթղթերից պարզ է դառնում, որ Հոլանդիայում անհրաժեշտ է համարվել տեղական ոստիկանի մասնակցությունը եւ անհապաղ միջոցներ ձեռք առնելը, որպեսզի ինչ-որ մեկը երաշխավորի երեխայի անվտանգությունը: Հոր կողմից հոգեբանական եւ ֆիզիկական բռնության վտանգը շարունակվել է գոյություն ունենալ: Եվ դրսի իրավապահների գնահատմամբ, եթե այդ վտանգավոր զգացումը պահպանվում է հոր կողմից ագրեսիայի պատճառով, ապա դրանից հետեւել է, որ երեխան այլեւս չի կարող գտնվել հոր մոտ:

Հայրը սկզբում համաձայնել է, որպեսզի տեսակցությունը տեղի ունենա ոստիկանի, սոցիալական աշխատակցի մասնակցությամբ, ապա հրաժարվել է, սպառնացել է մասնագետներին:

Իրավիճակն այսպիսին է. մայրը հորը դիտարկում է որպես սթրեսոգեն գործոն, հայրը հասկանում է, որ նա ունի ագրեսիայի խնդիր, եւ ստանում է բուժում, իսկ երեխան հանգստի եւ զարգացման, ինչպես նաեւ տեսողական աջակցության կարիք ունի: Ըստ փաստաբանի. «Դրա մեջ ցանկացած դիսբալանսը կարող է լինել երեխայի համար հրահրիչ գործոն, որից հետո նկատվում է, որ երեխան դառնում է ֆիզիկապես եւ վերբալ ագրեսիվ»: Հոլանդիայում կնքվել են պայմանավորվածություններ, ըստ որի՝ հոր եւ երեխայի միջեւ շփումը ժամանակավորապես դադարում է, քանի որ դա երեխայի մոտ առաջացնում է լարվածություն: Ծնողները միմյանց հետ նույնպես չեն շփվում, քանի որ դա բերում է իրենց մոտ լարվածության սրացմանը, ինչը երեխայի վրա ունենում է բացասական ազդեցություն:

Հայաստան վերադառնալուց հետո երեխան ընդունվել է հատուկ դպրոց, ուր նրա հետ աշխատելու հատուկ ծրագիր է նախապատրաստվել: «Ստացել եմ գրություններ հատուկ դպրոցից, համաձայն որոնց՝ դպրոցում երեխայի կրթությունը կազմակերպվելու է անհատական ուսուցման պլանով՝ հիմնված հանրակրթական հիմնական հատուկ պետական ծրագրի վրա: Երեխան ստանալու է նաեւ լրացուցիչ կրթական աջակցություն՝ վարքային հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի, էրգոթերապիստի, սոցիալական մանկավարժի, հեքիաթաթերապիստի ծառայություններ»,-ասում է Գ. Գրիգորյանը:

Սակայն, դեռ երեխան հոգեբանական վիճակից դուրս չէր եկել, երբ Հայաստան է վերադառնում նաեւ հայրը, որը դրսեւորում է նույն վարքագիծը. «նպատակաուղղված ստեղծում է այնպիսի իրավիճակներ, որ երեխայի առողջական վիճակը վատթարանա»:
Նա այցելում է հատուկ դպրոց, փորձելով ցանկացած ժամի եւ պայմաններում, առանց համագործակցելու մյուս ծնողի հետ, որի խնամքին գտնվում է երեխան, տեսակցել երեխայի հետ: Նա դպրոցից տեսանկարահանումներ է կատարում, գցում համացանց, ապա ուղարկում երեխային: Այն, որ տեսանկարահանումներ է կատարել հայրը հատուկ դպրոցից, հավելյալ տեղեկացրել է դպրոցը, երեխան կրկնօրինակում է հոր վարքն ու բառապաշարը, հայտարարելով. «հայրն է», նմանակում է հրահրիչ գործողությունները:

ՄԻՊ-ին ուղղված գրություններում էլ տեղեկացվել էր, որ հայրը անծանոթ մարդկանց տրամադրել էր դպրոցի հեռախոսահամարը, երեխայի տվյալները, որպեսզի այս անծանոթ մարդիկ իր երեխայի վերաբերյալ ստանան տեղեկություններ:

Մայիսի 18-ին երեխայի մայրը ստացել է ԴԱՀԿ-ի՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երեւան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի հարկադիր կատարողի որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու մասին եւ նույն օրվա որոշումը՝ պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալու մասին:
Համաձայն որոշման՝ կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելվել է երեխայի մորը մինչեւ գործի քննության ավարտը խոչընդոտելու երեխայի հորը երեխայի հետ տեսակցել: Թույլատրել են հորը տեսակցել երեխային յուրաքանչյուր շաբաթ օրվա ժամը 12։00-ից մինչեւ 15։00-ը:

Մայրը մայիսի 20-ին դիմում էր ներկայացրել հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երեւան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի հարկադիր կատարողին, հայտնելով. «Թեեւ ինքը չի խոչընդոտում երեխայի եւ հոր տեսակցությանը, սակայն զգուշացրել է, որ տեսակցությունը բացասաբար է անդրադառնալու երեխայի վրա, բացի դրանից, խնդրել է կասեցնել տեսակցությունը՝ մինչեւ դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումը, ինչպես նաեւ խնդրել է փորձաքննություն նշանակել, մասնագետների խումբ ստեղծել եւ տեսակցության հնարավորությունը եւ ձեւաչափի հարցերը քննարկել»: Հարկադիր կատարողը տեղեկացվել է, որ հոգեբանի գնահատմամբ՝ երեխային անհրաժեշտ է զերծ պահել ցանկացած նոր միջավայրից, այդ թվում՝ անծանոթ անձանց հետ շփումից:

Մայիսի 22-ին ԴԱՀԿ կին աշխատակիցը երեխայի հոր հետ միասին եկել են տուն եւ երեխայի հետ տանից դուրս են եկել: Ըստ փաստաբան-ներկայացուցչի. «Հայրը տեսակցության համար դատարանի կողմից որոշված ժամից 20 րոպե շուտ երեխային բերել է տուն, որից հետո երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է: Երեխան սկսել է ագրեսիվ վերաբերմունք դրսեւորել տանը գտնվող անձանց նկատմամբ, հարձակվել է, փորձել է վնասել, մորը անընդհատ մեղադրել է, որ վերջինս թույլ է տվել, որ հայրը իրեն տանի: Թեեւ հայրը նրան Աստծով երդվել էր, որ իրենց հանդիպման նկարահանումը համացանցում չի տեղադրելու, սակայն պարզվել է, որ հայրը երեխայի հետ հանդիպման տեսագրությունը տեղադրել է համացանցում եւ այդ նյութը հասանելի է դարձրել երեխայի համար»:

Ըստ բողոքաբեր փաստաբանի՝ Հարկադիր կատարման ծառայությունը պարտավոր է առաջնորդվել նաեւ «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիայի 3-րդ հոդվածով, քանի որ այն պարտադրում է մասնակիցներին ցանկացած գործողություններում առաջնորդվել երեխայի լավագույն շահով:

Մինչդեռ, ըստ Գայանե Գրիգորյանի՝ «Նման պայմաններում հարկադիր կատարողի անաչառությունը կասկած է հարուցում, քանի որ 20.05.2021թ.-ին տեղյակ լինելով երեխայի մոտ առկա առողջական խնդիրների, վարքային առանձնահատկությունների, հատուկ խնամքի տակ գտնվելու, հոգեբանի եւ մանկավարժի խիստ ցուցումների մասին՝ ունենալով դրա իրավասությունը, չի կասեցրել կամ հետաձգել կատարողական գործողությունները, չի նշանակել համալիր դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություն՝ պարզելու համար, թե երեխայի հոգեբանական եւ ֆիզիկական առանձնահատկություններից, հոր մոտ առկա բռնության հանդեպ հակումների, իր հույզերը կառավարելու անկարողության արդյունքում հնարավո՞ր է, արդյոք, իրականացնել կատարողական թերթի պահանջները, դրա կատարումը հնարավո՞ր է, արդյոք, վնաս պատճառի երեխային, թե ոչ»:

Կողմը բացարկ էր հայտնել հարկադիր ծառայողին, եւ դիտարկել հետեւյալ հարցը. եթե տեսակցությունը հնարավոր է իրականացնել առանց երեխայի շահերին վնաս պատճառելու, անհրաժե՞շտ է, արդյոք, այդ տեսակցություններին ապահովել մյուս ծնողի՝ մոր, սոցիալական աշխատողի, հոգեբանի, մանկավարժի, խնամակալության եւ հոգաբարձության մարմնի անդամների, ոստիկանության եւ այլն ներկայությունը, թե՞ ոչ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930