«Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի համոզմամբ՝ ոչ թե սխալ ռազմավարական դաշնակից ենք ընտրել, այլ խնդիրն այն է, թե մենք ինչ ենք ակնկալում նրանից:
«Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց՝ տարածաշրջանում առկա խոշոր պետության գոյությունն անտեսել ուղղակի հնարավոր չէ:
Մեր դիտարկմանը՝ քաղաքական շատ ուժեր կան, որոնք կարծում են՝ ռազմավարական դաշնակցի փոփոխություն պետք է կատարել, ազատվել իրենց բնորոշմամբ՝ ռուսական գաղութատիրական համակարգից, Միքայել Նահապետյանն այսպես արձագանքեց. «Չեմ համարում, որ ՀՀ-ն գաղութ է: Հայաստանում եւ ընդհանրապես տարածաշրջանում կա ռուսական մեծ ազդեցություն: Դա այդ երկրի չափսերի եւ ձգողականության բնույթն է: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ ԱՄՆ-ի շուրջ գտնվող երկրներում ԱՄՆ ազդեցությունը փոքր է, այդ մարդիկ սխալվում են: Դա աշխարհի փոքր երկրների համար ոչ այնքան հաճելի կառուցվածքն է, որը խելացի երկրներն օգտագործում են: Հիմարները փորձում են պայքարել այդ դրվածքի դեմ ուտոպիստական մոտեցումներով: Արդյոք իմ ասածը նշանակո՞ւմ է, որ մենք ռուսների հետ խոսելու, երբեմն դժվար խոսակցություններ ունենալու կարիք չունե՞նք: Ոչ, բնավ: Հազար հարց կա լուծելու: Օրինակ՝ պետք է ճշգրտել. այն, ինչ Ռուսաստանի համար կարող է լինել փոքրիկ զիջում, կարո՞ղ է մեր հայրենիքն է, կամ դրա կեսը: Պետք է հասկանալ՝ իրենց կարմիր գծերը մեր կարմիր գծերի հետ ո՞նց են հարաբերվում, եւ եթե կա այդտեղ միջակայք, որը դատարկ է, դա պետք է լրացնել, որպեսզի այս աշխարհում կարողանանք ապրել»:
Միքայել Նահապետյանի համար ընդունելի չէ այն մոտեցումը, որ մենք պետք է դառնանք որեւէ երկրի ռազմաբազա: Այս առիթով մանրամասնեց. «Կան մարդիկ, որոնք մտածում են՝ մենք պետք է ուրիշ երկրի ռազմաբազա դառնանք, ես չեմ մտածում, որ մենք որեւէ երկրի ռազմաբազա պետք է դառնանք: Մենք պետք է հասնենք մի մակարդակի, երբ մեր անվտանգությունը մենք պահենք, մեր տարածքում չլինեն օտար զորքեր, որպեսզի դա չդառնա աշխարհաքաղաքական հարաբերություններ պարզելու ռինգ»:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ եթե մարդիկ կան, որ մտածում են՝ ռինգի մի խաղացողին մյուսով են փոխելու, եւ Հայաստանը հիմա էլ ուրիշ վեկտորում է գլադիատորություն անելու, այսպես ասած՝ փողով կռվի, Միքայել Նահապետյանն այդ մարդկանց հետ համաձայն չէ. «ՔՈ-ն էլ չի կիսում այդ մոտեցումը: Մենք հետեւողականորեն գնալու ենք դեպի ինքնիշխանություն, այդ ճանապարհին մենք բնականաբար նկատի ենք ունենում եւ հաշվի առնում, որ աշխարհում կան խոշոր պետություններ, որոնց հետ պետք է խելացի ձեւով հարաբերվել: Այդ խոշոր պետություններին ոչ հիվանդագին սիրով, ոչ էլ ատելությամբ չենք վերաբերվում՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, թե Հնդկաստան կամ ուրիշ խոշոր պետություն: Կան շահեր, ու պետք է հասկանանք՝ ոնց ենք դրանից մեր ժողովրդի համար լավագույնը քաղում»:
Միքայել Նահապետյանի համոզմամբ՝ ոչ թե սխալ ռազմավարական դաշնակից ենք ընտրել, այլ խնդիրն այն է, թե մենք ինչ ենք ակնկալում նրանից. «Իսկ ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ունեցած խնդիրներից մարդիկ հիմա անում են հետեւություն՝ մեր խնդիրն այն է, որ մենք ճիշտ դաշնակիցներ չենք ընտրել: Մինչդեռ իրականում մեր պատմությունը ցույց է տալիս, որ մեր խնդիրը նրանից է բխում, որ մենք դաշնակիցներ երեւույթի տակ ճիշտ բաներ չենք հասկացել: Այն, ինչ հիմա մեզ հետ կատարվում է ՌԴ-ի հետ դաշնակից լինելու պայմաններում, դա Կիլիկյան Հայաստանի հետ կատարվել է Ֆրանսիայի հետ դաշնակցային հարաբերություններ ունենալու պայմաններում, արեւմտյան Հայաստանի հետ կատարվել է ԱՄՆ հովանու ներքո գտնվելու պայմաններում: Այսինքն՝ խնդիրն այն է, թե մենք ինչ ենք ակնկալում մարդկանցից, ոչ թե այն, որ մենք ճիշտ մարդկանցից դա չենք ակնկալում: Եթե որեւէ մեկը մտածում է, որ աշխարհում մեկը մեզ, այսպես ասած, պապայություն է անելու, այդ մարդը չարաչար սխալվում է: Կյանքը հրաշալի չէ, կյանքը դաժան է, էդ խելացիներն ու ուժեղները տենց գոյատեւում են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.06.2021